Ռուս ոստիկանը կրակել է Հայ վարորդի վրայ.
Ուղևորները շօկի մէջ են
16:24 • 09.04.10
Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինսկի թատրոնի մօտ, ոստիկանը կրակ է բացել երթուղային աւտոբուսի ուղղութեամբ, ինչի հետևանքով տուժել է ազգութեամբ Հայ վարորդը։ Նա ստացել է հետոյքի վնասւածք։
Ուղևորները լուրջ շօկ են ապրել, նրանք մտադիր են դիմել դատախազութիւն՝ բողոքելով ոստիկանի դէմ։ Մինչդեռ վերջինը պնդում է, որ վարորդն ինքն է նախայարձակ եղել։ Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն։
Միջադէպը տեղի է ունեցել երէկ, տեղի ժամանակով ժամը 18-ի սահմաններում։ Golden Dragon ընկերութեան № 350 աւտոբուսի վարորդը կանգնել է Խառլամովի կամրջի մօտ՝ ճանապարհի երկրորդ գծում, և իջեցրել ուղևորներից մէկին։ Ճանապարհային կանոնների խախտումը նկատել է աւտոբուսի հետևից ընթացող Chevrolet մակնիշի մեքենայի ոստիկան վարորդը։ Ըստ ուղևորների՝ նա դուրս է եկել մեքենայից, սկսել է անվայելուչ խօսքեր և հայհոյանքներ տեղալ վարորդի հասցէին, վերցրել է ատրճանակն ու կրակել նրա վրայ։
Այնուհետև վիճաբանութիւնը շարունակւել է Մարիինսկի թատրոնի մօտ, որտեղ, ըստ ականատես ուղևորների, ոստիկանը 12 անգամ կրակել է աւտոբուսի վրայ (ենթադրւում է՝ ռետինե գնդակներով)։
Այնուհետև քաղաքացիական հագուստով ոստիկանը քարշ տալով աւտոբուսից դուրս է բերել ազգութեամբ հայ վարորդին, հարւածել նրան և յետոյ կրակել նրա վրայ։ Դէպքի վայր են ժամանել ոստիկաններ, ովքեր ողջունել են իրենց գործընկերոջը՝ ոստիկանին, զրուցել, ծիծաղել, հաւաքել պարկուճները, ոստիկանական բաժանմունք տարել վարորդին և ուղևորներին, ովքեր փորձել են պաշտպանել վարորդին։
Սակայն ներքին գործերի պետական վարչութեան հետաքննութեան վարկածը խիստ տարբերւում է ականատես ուղևորների ցուցմունքներից։ Ոստիկանութիւնում պնդում են, թէ վարորդն է խախտել ճանապարհային երթևեկութեան կանոնները, վիճել ոստիկանի հետ, վիրաւորել և նոյնիսկ ծեծել նրան։
Ազգութեամբ Հայ վարորդ Արթուր Բ.-ի դէմ կարող է յարուցւել քրէական գործ՝ իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ բռնութիւն գործադրելու համար։ Ինչպէս մեկնաբանել է ներքին գործերի պետական վարչութեան աշխատակիցներից մէկը, «բոլորն էլ գիտեն, թէ ինչպէս են մեքենայ վարում մեր քաղաքում ծագումով կովկասցի վարորդները։ Մեր փողոցներում հարկաւոր է հետևել կանոններին և հանգիստ մնալ, երբ նկատողութիւն ես ստանում։ Սա Երևանը չէ, սա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է...»։
Աւտոբուսի ուղևորները մտադիր են դիմել դատախազութիւն՝ ոստիկանին պատժելու պահանջով։ Ըստ նրանց՝ մօտակայ շէնքի բնակիչներից մէկը նկարահանել է վիճաբանութիւնը սկզբից մինչև վերջ, և նրանք կարող են ներկայացնել այդ ապացոյցը։

Tert.am

0 Պատգամ: