Հնագէտ.–

Արէնիի քարանձաւում յայտնաբերւած կօշիկը թւագրւում էՔրիստոսից առաջ 3600-3500 թթ. եւ կոնսերւացման կարիք ունի
Յունիս 23, 2010 18:33
Կօշիկը, որ Արէնի գիւղի քարանձաւներից մէկում գտնւել է դեռ 2008-ի սեպտեմբերին, աւելի քան հինգ հազար հինգ հարիւր տարւայ պատմութիւն ունի. այդ մասին վկայում են իրարից անկախ փորձագիտական ուսումնասիրութիւններ իրականացրած միանգամից չորս տարբեր գիտահետազոտական կենտրոններ։ NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրոյցում այս մասին յայտարարեց կօշիկն անձամբ պեղած Դիանա Զարդարեանը։

Նրա խօսքով, հնամեայ կօշիկը թւագրւում է Քրիստոսից առաջ՝ 3600-3500 թւականներին։ «Այն պղնձէքարեդարի բացառիկ նմուշ է, որը սակայն, համապատասխան կոնսերվացման չենթարկւելու դէպքում կարող է ոչնչանալ»,- նկատեց նա։ Հարցին, թէ ի՞նչ կերպ է իրեն յաջողւել երկու տարի շարունակ պահպանել հնագոյն գտածոն, Դիանա Զարդարեանը տեղեկացրեց, որ դա արել է՝ կօշիկը պահելով սառը եւ չոր տեղում՝ ճիշտ այնպիսի պայմաններում, ինչպիսիք առկայ են քարայրներում, սակայն չնայած բոլոր ջանքերին, կօշիկը, միեւնոյն է, մի փոքր չորացել է։
«Այժմ նմուշը գտնւում է Հայաստանի պատմութեան թանգարանում։ Այնպէս ստացւեց, որ կօշիկի հետագայ պահպանմանն առնչւող աշխատանքերն այսուհետ պէտք է իրականացնի հէնց նա»,- ասաց Դ. Զարգարեանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչեւ կօշիկի՝ Պատմութեան թանգարանում յայտնւելը դրա պահպանութեան համար իրենց արշաւախումբը նախնական պայմանաւորւածութիւն է ձեռք բերել հնագոյն իրերի կոնսերվացմամբ զբաղւող արտասահմանեան աշխարհահռչակ մի ինստիտուտի հետ։ «Այժմ հարցը Պատմութեան թանգարանի տնօրէնի իրաւասութեան տակ է, ով այն մեր հետ չի քննարկում՝ պատճառաբանութեամբ, որ պեղւած իւրաքանչիւր գտածոյ պարտադիր կերպով պէտք է յանձնւի թանգարանին եւ դրա հետագայ ճակատագրով պէտք է զբաղւի հէնց Պատմութեան թանգարանը»,- նկատեց Դ. Զարդարաանը՝ յաւելելով, որ Հայաստանում կաշւէ հնագոյնն իրերի կոնսերվացմամբ զբաղւող համապատասխան մասնագէտներ չկան եւ ծրագրւում է, որ կօշիկի քայքայումը կանգնեցնելու գործընթացը պէտք է իրականացւի արտասահմանում՝ այլազգի մասնագէտների կողմից։
Հնագէտի հաւաստմամբ, աւելի քան 5 հազար տարւայ վաղեմութիւն ունեցող կօշիկը պատրաստւած է, ամենայն հաւանականութեամբ, կովի կաշւի ամբողջական կտորից։ «Աշխարհում հնագոյն կօշիկներ շատ կան, եւ թէպետ չենք կարող ասել, որ մերն ամենհինն է, սակայն հաստատ է, որ այն ամբողջական կաշւից պատրաստւած միակ հնագոյն նմուշն է ողջ աշխարհում։ Եւրոպայում գտնւած կօշիկներն, օրինակ, իրենց տեսակով բոլորովին տարբեր են Արէնիում յայտնաբերւածից»,- հաւաստիացրեց նա։
Դ. Զարդարեանը տեղեկացրեց նաեւ, որ բացի հնագոյն կօշիկից, նոյն քարանձաւից յայտնաբերւել է նաեւ մեծ քանակութեամբ գործւածքեղէն։ «Ընդ որում, կտորների նմուշները եւս բաւականին լաւ վիճակում են պահպանւել, նոյնիսկ դրանց գոյներն են երեւում»,- նկատեց հնագէտը։
Ի պատասխան հարցին, թէ ի՞նչ քայլեր են ձեռնարկւում կօշիկի հեղինակային իրաւունքների պաշտանութեան համար, Դ. Զարդարեանը հաւաստիացրեց, որ այդ ուղղութեամբ աշխատանքներ արդէն իսկ իրականացւում են։ «Հարցն ընթացքի մէջ է, եւ մենք դրանով զբաղւում ենք»,- ամփոփեց նա։
Յիշեցնենք, որ հինգ հազար տարուց աւել պատմութիւն ունեցող կօշիկը գտնւել էր Եղէգնաձորի մօտակայքում՝ Արէնի գիւղի քարանձաւերից մէկում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: