Սէյրան Օհանեանը Բրիւսելում զրոյց է ունեցել Ռոբերտ Գէյթսի հետ


Յունիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը Բրիւսելում մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողութիւններին մասնակցող պետութիւնների ձևաչափով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանութեան նախարարների նիստին:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստի ընթացքում ՀՀ պաշտպանութեան նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելութիւնների վերաբերեալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանութեան նախարարներն ընդգծել են առաքելութեան իրականացման գործում արձանագրւած առաջընթացը և Կոսովոյում անվտանգութեան ընդհանուր իրավիճակի բարելաւումը: Նախարարները համաձայնել են, որ Կոսովոյում իրականացւող գործողութիւնը պէտք է շարունակել մինչև երկրում անվտանգութեան և կայունութեան լիարժէք հաստատումը:
Աֆղանստանի վերաբերեալ քնարկւել է անվտանգութեան ապահովման պատասխանատւութիւնը աֆղանական մարմիններին փոխանցելու գործընթացը: Որպէս կարևորագոյն բաղադրիչ, ընդգծւել է աֆղանական բանակի և ոստիկանութեան ուժերի կատարելագործմանն ուղղւած ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելութիւնն ընդլայնելու և մարդկային ներուժով համալրելու անհրաժեշտութիւնը:
Այցի ընթացքում պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը կարճատև զրոյցներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գէյթսի և Վրաստանի պաշտպանութեան նախարար Բաչանա Ախալայայի հետ: Քննարկւել են տարածաշրջանային անվտանգութեանը և երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցեր:
Յունիսի 12-ին (այսօր) Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը վերադարձել է Հայաստան:

ԱՅՍՕՐ, 10:37
Aysor.am

0 Պատգամ: