«Մենք դէ՛մ ենք օտարալեզու
1) Յունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակելու է քննարկել «Լեզւի մասին» և «Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւններ անելու մասին տխրահռչակ օրինագիծը։ «Մենք դէ՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութիւնը իրականացնելու է բողոքի ցոյց։ Միացէ՛ք մեզ և մասնակց՛ք բողոքի ցոյցին կառավարութեան նիստերի դահլիճի մուտքի դիմաց Մելիք Ադամեան փ., 2՝ յունիսի 23-ին, չորեքշաբթի, ժամը 11-ին:
2) Վերջին օրերին, Ազգային ժողովում «Լեզւի մասին» օրէնքում՝ կառավարութեան առաջարկած փոփոխութիւների օրինագծի սպասւելիք քննարկումից առաջ, իշխանութեան ներկայացուցիչները յայտարարում են, թէ իբր հասարակութեան ընդվզումը այլալեզու դպրոցների վերաբացման դէմ թիւրըմբռնման արդիւնք է, և իրականում խօսքը ընդամէնը երկու դպրոցի մասին է, այլ ոչ թէ օտարալեզու հանրակրթութեան անսահմանափակ տարածման։
Այս կապակցութեամբ ցանկանում ենք արձանագրել հետևեալը։
ա. Սկսած ս.թ. ապրիլի 20-ից, երբ կառավարութիւնը Ազգային ժողով ներկայացրեց իր տխրահռչակ օրինագծերը, իշխանութիւնները օր օրի «մեղմացնում են» իրենց դիրքորոշումը փորձելով «կառուցողական» և «երկխօսութեանը» պարտրաստ երևալ։ Յիշեցնենք, որ օրինագծի սկզբնական տարբերակում առհասարակ ոչ մի սահմանափակում նախատեսւած չէր։ Յետոյ սկսեցին խօսել դպրոցների թւի 2%-ի, ապա՝ 1%-ի մասին, յետոյ՝ 15 դպրոցի, ապա՝ 9-ի, եւ ահա, վերջապէս՝ երկուսի մասին։
բ. Միւս կողմից անհրաժեշտ է շեշտել, որ քննարկման առարկայ դարձնելով նախատեսւող այլալեզու դպրոցների քանակը իշխանութիւնները փորձում են շեղել հանրութեան ուշադրութիւնը՝ այս կարևորագոյն խնդիրը որպէս քանակական վէճներկայացնելով։ Մինչդեռ առկայ է ոչ թէ քանակական, այլ որակական, այսինքն՝ սկզբունքային խնդիր, քանի որ այլալեզու նոյնիսկ մէկ դպրոցի կամ մէկ դասարանի բացման համար անհրաժեշտ է փոխել «Լեզւի մասին» օրէնքը, որն արտայայտութիւնն էՀՀ Սահմանադրութեան 12 յօդւածի, ինչպէս նաև Անկախութեան հռչակագրի 10-րդ յօդւածի, ըստ որի «Հայաստանի Հանրապետութիւնը ապահովում է հայերէնի, որպէս պետական լեզւի, գործառութիւնը հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթութեան, գիտութան և մշակոյթի սեփական համակարգ»։ Իսկ դա նշանակում է, որ «Լեզւի մասին» օրէնքի նախատեսւող փոփոխութիւնը հարւածում է մեր երկրի պետական անկախութեանը։
գ. Եւ վերջապէս, մենք ցանկանում ենք շեշտել, որ մեր շարժումն ուղղւած չէ որևէ լեզւի, մշակոյթի կամ ազգի դէմ, այլ յանուն նրա, որպէսզի Հայաստանում բոլոր դպրոցական առարկաները, այդ թւում և օտար լեզուները դասաւանդւեն բացառապէս հայերէն։ Եւ բոլորովին նշանակութիւն չունի, թէ կառավարութիւնը ո՛ր օտար լեզւով է նախատեսում կրթել հայ մանուկներին․ անգլերէ՞ն, ռուսերէ՞ն, ֆրանսերէ՞ն, թուրքերէն, թէ՞ մէկ այլ։ Դրանք բոլորը մեզ՝ հայերիս համար հաւասարապէս են օտար»։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment