Thursday, December 30, 2010

Հայդուկի Նոր տարին

Հայդուկի Նոր տարին



ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ
Լո՛ւռ. մի մրմնջար. քայլիր հանդարտ, ընկեր, տղամարդի կրծքից թռած հառաչը ժպիտ է բերում չար բախտի դէմքին։ Ձիւնոտ այս լեռը պիտի անց կենանք, չէ՞ միւս կողմից է բերում մեզ քամին ողբ ու հառաչի աղեխարշ ձայներ. այնտեղ կասես ձորերն են տնքում. սղմիր հրացանդ թարմ վէրքի վրայ, պի՛նդ, պի՛նդ, եւ առաջ քայլենք։ Նոր տարին մօտ է. չլինի՛ թէ նա հասնի եւ մեզ թոյլ, ընկճւած, յուսահատ տեսնի։
Տե՜ս, երբ այն սիրուն աստղը պլպլան այն բարձր լեռան կատարին հասնի, ա՛յ, այն ժամանակ Նոր տարի կը լինի…Վերելքը ծանր է, մեր ճամբան երկար, բայց շատ ենք անցել։ Լո՜ւռ քայլիր, ընկեր. առաջդ լա՛ւ նայիր. ձեանը չհաւատաս. ինչպէս երբեմն սրտերի քէնը, հոգիների թոյնը մարդիկ ծածկում են նենգ ժպիտների խաբուսիկ քողով, այնպէս էլ ձիւնի սպիտակ սաւանը պաղ գեղեցկութեան դաւաճան տեսքով անդունդ է ծածկում մեր ոտքերի տակ։
Այսքան քայլել ենք եւ ի՜նչ օրերով,- մեղք է, որ յանկարծ Նոր տարուն մօտիկ կուլ գնանք այստեղ մի խորխորատում։ Տե՜ս, աստղը հեռու չէ լեռան կատարից. էլի մի փոքր - եւ Նոր տարի կը լինի…Ի՜նչ ցուրտ է, ընկե՛ր. գիտեմ մրսում ես։ Դէ՛, մենակ մենք չենք. քանի՜- քանիսները մեզ պէս մրսում են, դողում, սարսռում, ձմեռ է պատել մեր ողջ երկիրը. որբեր, այրիներ դողում են ցրտից, ծերերն էլ իրենց չորացած բազուկները կծկած ծոցերում՝ դողում են, դողում։
Եւ ում որ միսը չի դողում, ում պարարտ մարմինը պատած է ոսկի-արծաթ զրահով, նրա էլ հոգին է մրսում, դողդողում, նա էլ սիրտն է սարսռում ահից։ Եթէ որ մենք էլ նրանց պէս դողանք, էլ ո՞վ պիտի դիմաւորի Նոր տարուն։ Տես, աստղը մօտ է լեռան կատարին, եւ Նոր տարին հեռու չէ մեզնից…Է՞լի մրմնջացիր, ցաւո՞ւմ է վէրքդ. կեցի՛ր, իմ ընկեր, թո՛ղ իմ շնչով մի փոքր փչեմ, տաքացնեմ նրան։ Հաւատա՛, ընկեր, մտերիմի շունչին. նա փրկարար է. վէրք է բուժում, հոգի է տալիս, սիրտ է տաքացնում, բոցեր է վառում։ Թո՛ղ, թո՛ղ որ փչեմ այդ վէրքիդ վրայ. հաւատա, հոգիս, այդ հզօր ճար է. ա՛յ այս լաթովս էլ կը կապեմ վէրքդ…
Այսպէս լա՞ւ է. այժմ հանգի՞ստ ես. Դէ՛, բռնիր հրացանդ, փողը դեռ տաք է. պինդ սղմիր ձեռքիդ. լաւ չէ, որ Նոր տարին քեզ տեսնի անզէն եւ անհրացան։ Տե՜ս, աստղը մօտ է. էլի մի փոքր, եւ Նոր տարի կը լինի…Մռայլ է չորս կողմերս, խաւարը թանձր. լուռ է ամէն ինչ, ասես մեռել է ողջ տիեզերքը. սարսափն է խաղում աշխարհի վրայ, մարդիկ վախում են ձայն տալ իրարի, նոյնիսկ մոռացել են, թէ Նոր տարի է գալիս. ցաւերի մեծ բեռը մէջքերին դրած՝ արիւնոտ շրթունքներով ժպտում են երկիւղից բռնութեան դէմքին եւ սարսափի հանգստի մահաբեր ծոցում լռել են, մնջել եւ սպասում են… Ինչի՞… Հրաշքի՞… Անմիտի գլխին բարիքով ամուլ ու չար երկինքը միայն շանթ ու փոթորիկ ունի։
Եթէ որ մենք էլ նրանց պէս լռենք, ո՞վ պիտի դիմաւորի Նոր տարուն: Դէ՛, քայլիր, ընկեր…Տե՛ս, տե՛ս, սիրելի՛ս, ի՜նչ հանդարտ, վստահ սահում է աստղը երկնի վրայ. ցոլքերը պայծառ, շողերն իստակ, ասես լողում է անսահմանութեան մէջ՝ մարդկանց ցոյց տալու, թէ ինչ ասել է ազատ, անկախ կեանք. նրանք չեն հասնում վարի մռայլն ու սեւ խաւարը. նա չգիտէ՛ ինչ ասել է շղթայ. բռնութիւն չի կարող նրան կանգնեցնել. հպարտ պատռում է խաւարի քողը եւ առաջ գնում։
Ով կուզի լինի նրա պէս ազատ, նրա պէս անկախ, թող շուտով պատռի քողը բռնութեան եւ առաջ գնայ։ Քայլենք դէպի վեր, կատարը մօտ է, եւ հէնց այնտեղ էլ տօնենք Նոր տարին՝ մեր հրացանի ահեղ որոտով…Դեռ արշալոյս էր, երբ ճամբայ ընկանք։ Քանի հոգի էինք. այժմ մնացել ենք երկուքով միայն։ Ո՜րքան ենք քայլել. ծանր էր ճանապարհը. ստոր մատնութիւնը բռնութեան արիւնոտ թաթիցը բռնած՝ քայլում էր ուշով մեր յետեւից. որքա՜ն զոհ տւինք. բուքն ու փոթորիկը խլեցին տարան. ցուրտն ու խաւարը մէկէն կուլ տւին…
Մենք ենք մնացել, զոյգ ըմբոստներ, ի՜նչ փոյթ, թէ քիչ ենք. ամէն ընկնողի վերջին հառաչից մենք հիւսել ենք մեր վայրենի երգը. նրանց զայրոյթի թունոտ կաթիլներով մենք համեմել ենք մեր ատելութիւնը՝ չար բռնութեան դէմ. նրանց մեծ սրտի սրբազան բոցից մի մի շիթ խլած՝ մեր խիզախ հոգու թեւերն ենք հիւսել եւ սլանում ենք վրէժի շնչով, ուր կանչում է մեզ նւիրական պարտքը. մենք կը չանգռենք յուսահատութեան խոպան, կոշտացած հողը եւ նրա կրծքին կը ցանենք յուսոյ սերմերը արիւնոտ ձեռքով… Դէ՛, քայլիր, ընկեր… Մօտ է աստղը։
Տե՜ս, երբ նա այս լեռան կատարին հասնի, այն ժամանակ կէս գիշեր կը լինի, Նոր տարի կը լինի…Կանգ առ մի փոքր։ Այս ի՞նչ պատահեց. խաւարը սաստկացաւ, տես, ընկեր, աստղը ծածկւեց կատարին չհասած. այն մռայլ ամպը իր սեւ ծոցի մէջ կուլ տւեց նրան։ Մօտալուտ տարւայ պլպլան նշանն էլ չենք տեսնում. էլ կա՞յ այս երկրում մի ուրիշ նշան, որ մենք իմանանք Նոր տարու մուտքը։ Ե՞րբ կը գայ նա եւ ե՞րբ կանցնի, այդ մենք այլեւս գիտենալ չենք կարող։ Քանի՜ տարի է, որ մենք չգիտենք, թէ ինչպէս գալիս է ու անցնում Նոր տարին. թո՛ղ այս էլ անցնի, գնայ մեր գլխով։
Բռնութեան ճիրաններում կեանքը մեր երկրում դարձել է արիւնոտ ժամերի մի շարք. ի՜նչ ասել է այստեղ Նոր տարի, երբ օրերը սեւ են, հողերը՝ կարմիր… Խաւարը թանձրացաւ. մռայլը ճնշում է. ցուրտը սաստկացաւ, ասես ժայռերն էլ են ցրտից դողդողում… Ահա եւ լեռան կատարը. հասանք վերջապէս։ Տե՜ս այնտեղ ներքեւում սեւ-սեւ ստւերները. գիւղերն են նրանք. լուռ են ու մեռած. աստղի Նոր տարին չի կարող տալ նրանց յոյս, կենդանութիւն. երկնքից իջնող լուսոյ շողերը միշտ փոփոխական են եւ անհաստատ, ինչպէս երկնքից իջած ձրի շնորհը, որով դեռ ոչ ոք երջանիկ չի եղել երկրիս երեսին…
Փոյթ չէ այդ, ընկեր. իջնենք վար շուտով. թողնենք երկինքը հանգիստ իր տեղում, հրացանի որոտով պատռենք խաւարը. գնդակի որոտով խռովենք հոգեկան այս լռութիւնը. խօսենք այն լեզւով, որ ամենասոսկալին է բռնութեան համար, ազատութեան լեզւով, որոտի լեզւով, շանթերի լեզւով. կռւի գոռոցի մէջ խեղդենք բռնութեան լպիրշ քրքիջը, քանդենք այս գիւղերի լեզւի կապանքը. մի փոքրիկ բոց դնենք նրանց սրտերում, չորացնենք այնտեղ լացի աղբիւրը. եւ այն ժամանակ կը գայ ՆՈՐ ՏԱՐԻՆ, մեր փրկարարը. փոյթ չէ՛, թէ աստղը ծածկւի ամպերով. փոյթ չէ՛, թէ երկինքը կորչի խաւարում…

1899

«ԱԼԻՔ»

1 Պատգամ:

Rooben Aramianner said...

Hargeli enger Vartan
Shnorhavoroom enk zer amanore yev soorb znoonde Hisoosi Christosi.
Aroghjootun yev hajoghootun enk maghtoom zez yev zer endanikin.