Wikileaks:

Ադրբեջանի զօրեղ ընտանիքները.

Մաս առաջին.

Փաշաեւների ընտանիք


Դեկտեմբեր 14, 2010 07:01
Wikileaks սկանդալային կայքը սկսել է հրապարակել Բաքւում ամերիկեան դեսպանատան հաւաքած տեղեկատւութիւնը Ադրբեջանի զօրեղ ընտանիքների մասին:
Ամերիկացի դիւանագետների փաստաթղթերում նշւում է, որ այսօրւայ Ադրբեջանը ղեկավարւում է միջնադարեան եւրոպական ֆեոդալիզմի սկզբունքով: Սերտ կապւած ընտանեկան կլանները վերահսկում են որոշակի աշխարհագրական տարածքներ եւ տնտեսութեան ոլորտներ:
Առաջին մասը նւիրւած է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրաբան Ալիեւայի հայրական` Փաշաեւների ընտանիքին:
Ընտանիքը, որի անդամներն աւելի լաւ են խօսում ռուսերէն, քան ադրբեջաներէն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի միակ զօրեղ ընտանիքն է: Կլանի ամենայայտնի ներկայացուցիչը հէնց առաջին տիկին Մեհրաբան Փաշաեւան է` ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան, պատգամաւոր, գործող փոխարտգործնախարար Հաֆէզ Փաշաեւի զարմուհին:
Մեհրաբանը նաեւ Հէյդար Ալիեւի հիմնադրամի ղեկավարն է: Հիմնադրամը զբաղւում է դպրոցների, հիւանդանոցների, երիտասարդական կենտրոնների շինարարութեամբ: Այդ նախագծերը Մեհրաբան Ալիեւային հնարաւորութիւն են տալիս մշտապէս լինել գովազդւող: Մեհրաբանը նաեւ խորհրդարանի պատգամաւոր է: Ամերիկեան դեսպանութեան դիտորդները, որոնք անցած տարւայ ընթացքում մշտապէս ներկայ են եղել խորհրդարանի նիստերին նրան երբեւէ չեն տեսել նիստերի դահլիճում:
Երբ 2008-ին Ալիեւան ընդունեց ամերիկեան Կոնգրէսի ներկայացուցիչներին, քիչ բան էր հասկանում քաղաքականութիւնից եւ կարողանում էր պատասխանել միայն Հէյդար Ալիեւի հիմնադրամին վերաբերող հարցերին:
Փաշաեւների ընտանիքի միւս ազդեցիկ անդամը Մեհրաբանի քոյրն է` Նարգիզ Փաշաեւան, որը ղեկավարում է Ադրբեջանում Մոսկւայի Պետական համալսարանի մասնաճիւղը: Մեհրաբանի հայրը` Արէֆ Փաշաեւը Ադրբեջանի Ազգայի աւիացիոն ակադեմիայի ղեկավարն է: Ալիեւայի հօրեղբայրը` Հաֆէզ Փաշաեւան երկրի փոխարտգործնախարարն է եւ Դիւանագիտական ակադեմիայի ռեկտորը: Նա եղել է Ադրբեջանի առաջին դեսպանը Վաշինգտոնում:
Փաշաեւների իշխանութեան կենտրոնը Բաքուն է, որտեղ ծնւել են Մեհրաբանի ծնողները, նաեւ Ափշերօնի թերակղզին, որը նրանց ընտրատարածքն է: Ընտանիքն իր հսկողութեան տակ է պահում Մշակոյթի եւ տուրիզմի, սպորտի եւ երիտասարդութեան, կրթութեան նախարարութիւնները, քանի որ դրանք բոլորն առաջին տիկնոջ շահերի ոլորտում են:
Փաշաեւների ընտանիքին են պատկանում Փաշա հոլդինգը, Փաշա բանկը, Փաշա Construction-ը, Փաշա Travel-ը, Lider TV հեռուստաընկերութիւնը, կոսմէտիկայի «Նարգիզ» բրանդը: Ընտանիքը վերահսկում է Ադրբեջանի առաջատար տասը բանկերը: 2009-ին Փաշա հոլդինգը բացեց Bentley-ի միակ ներկայացուցչութիւնն Ադրբեջանում: Nar Mobile ընկերութիւնը, որը պաշտօնապէս գրանցւած է որպէս Azerfon նոյնպէս պատկանում է Փաշաեւների ընտանիքին, Nar-ն էլ Մեհրաբանի քրոջ` Նարգիզի պատւին է:
Wikileaks-ի բացայայտումների յաջորդ մասը նւիրւած կլինի Հէյդարովների ընտանիքին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: