ՊԷտք է հաւաքւենք ազգովի`
իշխանութիւններին թոյլ չտալու սխալ ճանապարհով գնալ




Երեւան (Երկիր) - ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանի խօսքերով` թէեւ տարբեր կողմերից փորձ է արւում նսեմացնել հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ Դաշնակցութեան պայքարը, սակայն հանրութիւնը գնալով ակտիւանում է: Օր-օրի հասարակական ակտիւութիւնը նկատելի է:
«Դաշնակցութեան տեսակէտը յստակ է եւ փոփոխութիւնների փաթեթում նշւած: Այն, ինչ այսօր ներկայացւել է, նպատակ ունի, բարելաւելու փաստաթուղթը` այն աստիճանի, որ ապագայ սերունդներին պայքարը շարունակելու հնարաւորութիւն տրւի:


Մեր պայքարը, ըստ էութեան, ուղղւած է ոչ թէ անձի դէմ, ոչ թէ այս կամ այն պաշտօնը վարկաբեկելուն, այլ երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգները կանխելուն»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշեց Արծւիկ Մինասեանը, ապա կրկին անդրադարձավ բազմիցս չարչրկած հարցին, թէ ինչու Դաշնակցութիւնը չի պահանջում նախագահի հրաժարականը` իմանալով, որ արտաքին քաղաքականութեան մէջ մենաշնորհը նախագահինն է. «Եթէ նախագահն ուզում է փոխել ուղեգիծը` մենք հնարաւորութիւն ենք տալիս նրան, այնպէս, ինչպէս Թուրքիան փոխեց արտգործնախարար Ալի Բաբաջանին:


Գտնւելով այս փուլում` ցանկանում ենք ամէն գնով ասել` յարգարժա'ն նախագահ, կուրսդ անհրաժեշտ է փոխել»:
Նրա խօսքերով` հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացնելուց խուսափելու միակ տարբերակը նախագահի հրաժարականը չէ, սակայն օրէնքով նախատեսւած պայքարի բոլոր միջոցները սպառելու դէպքում Դաշնակցութիւնը կօգտւի նաեւ այդ միջոցից: Դաշնակցութիւնը, ըստ Ա. Մինասեանի, աչք չունի նախագահի «պոստի» վրայ, ոչ էլ ցանկանում է, որ նախագահը ժամկէտից շուտ հեռանայ, այլ ընդամէնը ուզում է, որ նախագահն ականջալուր լինի:
Թուրքիայի առաջ քաշած երկրորդ նախապայմանի` ԼՂՀ կարգաւորման հարցի շուրջ խօսելիս Ա. Մինասեանը արձանագրեց մեր պետութեան ղեկավարների գրանցած զգալի նահանջը: «Մենք Ղարաբաղի հարցում ազգերի ինքնորոշման իրաւունքը համարում էինք միակ սկզբունքը:


Հետագայում առաջ քաշւեց եւ դրան համատեղ դրւեց նաեւ տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Այս փաստաթղթերում արդէն ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը չկայ: Այսինքն` արդէն մենք այս կարճ ճանապարհին նահանջ ենք ապրել»,- նշեց Ա. Մինասյանը:
Իշխանութիւնները մէկ անգամ չէ, որ ասել են, թէ երբէք չեն համաձայնի թուրքերի հետ քննարկել Ցեղասպանութեան փաստը եւ երբէք թոյլ չեն տայ թուրքերին միջամտել Ղարաբաղի հարցին: Սակայն նշեալ երկու հարցերում էլ նոյն իշխանութեան թոյլ տւած սխալները այլեւս երաշխիք չեն կարող տալ, որ Ցեղասպանութեան եւ Ղարաբաղի հարցում Թուրքիան յաջողութիւններ չի արձանագրի:
Սա է, որ, դաշնակցական պատգամաւորի խօսքերով, պէտք է հասկանանք ազգովի եւ ազգովի հաւաքւենք` իշխանութիւններին թոյլ չտալու սխալ ճանապարհով գնալ:

0 Պատգամ: