Դաշնակցութեան
Կարծիքով Սերժ
Սարգսեանը Այլեւս Ոչ
Մի Քաղաքական
Յենարան Չունի


30.09.2009
Ռուզաննա Ստեփանեան
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը ամբողջութեամբ խարխլեց նախագահ Սերժ Սարգսեանի ունեցած հաւանական յենարանները։ «Ազատութիւն» ռադիոկայանի հետ հարցազրոյցում չորեքշաբթի այսպիսի կարծիք յայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը։
«Նախագահը յայտնւեց մի տեղում, որտեղ այլեւս ոչ մի յենարան չունի. ոչ ազգային ուժեր, ոչ դեմոկրատական ուժեր», - կարծիք յայտնեց Մարգարեանը. - «Այլեւս, իր իշխանութիւնը խախուտ է։ Որքանով դա կը երկարաձգւի՝ ես չգիտեմ»։
Հրանտ Մարգարեանի փոխանցմամբ, վերջերս նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը վստահեցրել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցի շուրջ հասարակական քննարկում է տեղի ունենալու։ Մարգարեանի կարծիքով, սակայն, այդպիսի քննարկում չկայ։ Աւելին, արհեստականօրէն ստեղծւում է իշխանութիւնների տեսակէտին համահունչ քարոզչական մթնոլորտ։
«Այն, ինչ որ ծրագրւած է, որ տեղի ունենայ, եւ այն ձեւով, որ տեղի է ունենում, շատ վատ հետեւանքներ է ունենալու առաջին հերթին հէնց իշխանութիւնների համար», - կարծում է Մարգարեանը. - «Իշխանափոխութիւն անպայման տեղի կունենայ, բայց ե՞րբ տեղի կունենայ՝ չգիտեմ»։
ՀՅԴ-ի Բիւրոյի ներկայացուցչի փոխանցմամբ, սակայն, Դաշնակցութեան նպատակը ոչ թէ իշխանափոխութիւնն է, այլ օգոստոսի 31-ին նախաստորագրւած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնների վաւերացումը ձախողելը։
Սեպտեմբերի 15-ից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչները հացադուլ եւ նստացոյց են անցկացնում Հայաստանի արտգործնախարարութեան եւ կառավարութեան շէնքերի առջեւ՝ իրենց բողոքն է արտայայտելով արձանագրութիւնների դէմ։
Կուսակցութիւնը, մասնաւորապէս, անհանգստութիւն է յայտնել արձանագրութիւններում առկայ այն դրոյթների առնչութեամբ, որտեղ խօսւում է երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման ու պատմական փաստաթղթերի ուսումնասիրութեամբ զբաղւող ենթայանձնաժողովի ստեղծման մասին։ ՀՅԴ-ի մեկնաբանմամբ, այս դրոյթները սպառնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգութեանը, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին։
«Վստահ եմ, որ ժողովուրդը չի հանդուրժելու», - ասում է Մարգարեանը՝ յաւելելով, թէ ժողովրդին համախմբելու նպատակով հոկտեմբերի 9 -ին ՀՅԴ-ն երթ է կազմակերպելու։ Երթը, սկսւելով Հանրապետութեան հրապարակից, շարժւելու է դէպի նախագահի նստավայր, այնտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդում տեղի է ունենալու մեծ հանրահաւաք:
Հրանտ Մարգարեանի համոզմամբ, նոյնիսկ եթէ նախագահը չլսի ժողովրդի ձայնը ու ստորագրի այդ արձանագրութիւնները, դա չի նշանակում, որ ամէն ինչ վերջացած է. - «Ստորագրելով ամէն ինչ չի վերջանում։ Ժողովուրդը ոտքի կը կանգնի, իրենք կպարտաւորւեն մի կողմ քաշւել»։

0 Պատգամ: