Հայաստանի Քաղաքական Ուժերը Մեկնաբանում Են Էրդողանի Յայտարարութիւնը


28.09.2009
Սարգիս Յարութիւնեան

Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցներում երկուշաբթի օրը իրենց կարծիքները հնչեցրին հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը վերաբերող՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կիրակնօրեայ յայտարարութեան մասին:
Մեկնաբանելեով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թէ հոկտեմբերի 10-ին կամ 11-ին Երեւանն ու Անկարան կըստորագրեն յարաբերութիւնների կարգաւորման մասին երկու արձանագրութիւնները, Հայաստանի հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովն ասաց, թէ քանի որ արձանագրութիւնները բանակցութիւնների, փոխադարձ պայմանաւորւածութիւնների հետեւանք են, որոնք արդէն նախաստորագրւել են, ուստի դժւար թէ չպահպանւեն նաեւ այն ժամկէտները, որոնք նոյնպես ձեռք են բերւել բանակացութիւնների միջոցով։
«Կողմերը շատ կարեւոր քայլ են կատարել», - յաւելեց Շարմազանովը: - «Նրանք արդէն նախաստորագրել են օգոստոսի 31-ին, եւ կարծում եմ, որ ուշ թէ շուտ պէտք է ստորագրւի»:
ՀՅԴ-ի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրո Մանոյեանը, թէեւ նշեց, որ մինչեւ հոկտմեբրեի 10-ը դեռ 12 օր կայ (ինչպէս ինքը բնութագրեց` բաւականին ժամանակ), եւ ճիշտ չէ յստակ ինչ-որ կանխատեսում ներկայացնել, այդուհանդերձ ասաց. - «Չնայած մեր արտգործնախարարութիւնը չի հաստատում ամսի 10-ը, բայց կարծում եմ, որ խելքին մօտ թւական է, որովհետեւ պարզ է, որ պէտք է չուզենայինք հոկտեմբերի 13-ին ստորագրել (Կարսի պայմանագրի ստորագրման օրը)»:
Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանն ասաց, թէ իրենց համար անսպասելի չէր Էրդողանի յայտարարուիւնը, քանի որ պաշօնական Երեւանը, նպատակ ունենալով որքան հնարաւոր է շուտ փակել արձանագրութիւններին վերաբերող ներհայաստանեան քննարկումները, պնդել է, որ դրանց ստորագրումը տեղի ունենայ կարճ ժամանակ անց։
ՀԱԿ-ի ներկայացուցչը նոյնպես համոզմունք յայտնեց, թէ արձանագրութիւնները կստորագրւեն մօտ ապագայում, բայց միեւնոյն ժամանակ խնդրեց ուշադրութիւն դարձնել այն ժամանակահատւածի վրայ, երբ Թուրքիայի վարչապետն արեց իր յայտարարութիւնը. - «Այն ժամանակ, երբ ամենաթէժ ժամանակն է այս քննարկումների, երբ Սերժ Սարգսեանը պատրաստւում էր այդ խնդիրը քննարկման առարկայ դարձնել աւանդական կուսակցութիւնների, հայկական համայնքների հետ, հէնց այդ ժամանակ Էրդողանը յայտարարում է, որ որեւէ քննարկում անիմաստ է, որոշումը կայացւած է եւ ստորագրումը լինելու է՝ այսպէս թէ այնպէս»:...

0 Պատգամ: