ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


Հայ-թուրքական նախաստորագրւած փաստաթղթերի դէմ Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպած բողոքի գործողութիւնների հանդէպ մի շարք քաղաքական ուժերի եւ լրատւամիջոցների վերաբերմունքը բացայայտում է մեր քաղաքական դաշտի բուն էութիւնը:Բուն էութիւնը, որովհետեւ սա մի հիմնախնդիր է, որը պարտադրում է իւրաքանչիւրին ինքնադրսեւորւել` ելնելով սեփական արժէհամակարգից ու գաղափարախօսութիւնից:
Բնական է` յիշյալ փաստաթղթերի հանդէպ տարբեր ուժերի կարծիքներն ու մօտեցումները պէտք է տարբեր լինեն: Սակայն ուշագրաւն այն է, որ քաղաքական դաշտի հակոտնեայ որոշ ուժերի ու նրանց տեսակէտները սպասարկող լրատւամիջոցների մօտեցումներն ու մեկնաբանութիւնները Դաշնակցութեան կազմակերպած միջոցառումների նկատմամբ համընկնում են եւ փոխլրացնելով` հետապնդում միեւնոյն նպատակը: Այն է` վարկաբեկել ու քարկոծել Դաշնակցութեան մօտեցումները կամ նենգափոխելով եւ խեղաթիւրելով` առնւազն նսեմացնել դրանց իմաստն ու կարեւորութիւնը:
Արմատական ընդդիմութեան գործիչների եւ նրանց տեսակէտներն արտայայտող լրատւամիջոցների արձագանքների բնոյթը եւ նպատակադրումները յստակ են. հանրութեան գիտակցութեան մէջ ամրագրել այն ընկալումը, թէ միակ ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն է, իսկ ընդդիմութեան միակ նպատակը` արագ իշխանափոխութիւնը: Այս դիտանկիւնից` ցանկացած այլ գործընթաց նրանք համարում են հասարակութեան ուշադրութիւնն իրենցից եւ իրենց նպատակադրումից շեղելու քայլ եւ անհաշտ պայքար մղում դրա դէմ: Դրանով իսկ դրսեւորւում է այն իրողութիւնը, որ փաստօրէն ազգային այս կարեւորագոյն հարցի կապակցութեամբ այսօրւայ արմատական ընդդիմութիւնը իշխանութեան հետ գաղափարական հարթութեան վրայ լուրջ տարաձայնութիւններ չունի:
Դաշնակցութեան դիրքորոշումները խեղաթիւրող եւ նենգափոխող ուժերը եւ նրանց տեսակէտներն արտայայտող` հիմնականում իշխանական լրատւամիջոցները այլ բան են ասում: Նրանք փորձում են հանրութեանը համոզել, թէ Դաշնակցութիւնն ընդհանրապէս դէմ է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ու սահմանի բացմանը: Սրանով փորձ է արւում hետին պլան մղել կամ անտեսել նախաստորագրւած փաստաթղթերում առկայ` Հայաստանի ու հայութեան շահերը վտանգող ձեւակերպումների, ըստ էութեան` մեզ պարտադրւող նախապայմանների հիմնախնդիրը, ինչով էլ պայմանաւորւած է ՀՅԴ կեցւածքը:
Ոչ պակաս վտանգաւոր են այն ձեւակերպումները, որ դրսեւորւում են վերջին օրերին քաղաքական դաշտի մէկ այլ հատւածից: Այն է. Ցեղասպանութեան հետապնդման հարցը պէտք է թողնել Սփիւռքին: Այս հարցում Հայաստանին պետական մակարդակով լոկ դիտորդի կարգավիճակում տեսնողները հրաժարւում են «Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնականութիւն», «հայկական աշխարհ» , «համաշխարհային ազգ» ձեւակերպումներից եւ իրականացնում ազգի մասնատման, տարբեր հատւածների հակադրման խիստ վտանգաւոր քաղաքականութիւն:
Այս բոլոր մօտեցումները, փոխլրացնելով միմեանց, լուրջ սպառնալիք են մեր ազգային-պետական շահերի ու անվտանգութեան համար: Մենք կրկին կոչ ենք անում պատասխանատու բոլոր ուժերին, անհատներին, երիտասարդութեանը. միաւորւենք մեր ձեռքբերումներն ու ապագան վտանգող կեցւածքների ու քայլերի դէմ:

Հ. Յ. Դաշնակցութեան մամլոյ գրասենեակ
18.09.2009

0 Պատգամ: