Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Եւրամիութիւն համագործակցութեան կոմիտէի 10-րդ նիստը


18:05 / 22.09.2009


Սեպտեմբերի 22-ին (այսօր) Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եւրամիութիւն համագործակցութեան կոմիտէի տասներորդ նիստը:
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից NEWS.am-ին յայտնում են, որ
Համագործակցութեան կոմիտէի տասներորդ նիստը նախագահել են հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանը, Եւրոպական միութեան կողմից` Եւրոպական յանձնաժողովի արտաքին յարաբերութիւնների գլխաւոր տնօրինութեան Արեւելեան Եւրոպայի վարչութեան տնօրէն Գունար Վիգանդը, Առեւտրի գլխաւոր տնօրինութեան Եւրոպայի (ոչ ԵՄ) եւ Կենտրոնական Ասիայի հետ երկկողմ յարաբերութիւնների վարչութեան տնօրէն Եւա Սինովիչը եւ ԵՄ Նախագահութիւնը ներկայացնող Շւէդիայի արտաքին գործերի նախարարութեան Արեւելեան Եւրոպայի վարչութեան տնօրէն Եուհան Ֆրիզելը:
Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան ՀՀ-ԵՄ գործողութիւնների ծրագրի իրականացման ընթացքը, Արեւելեան գործընկերութեան շրջանակներում Հայաստանի եւ Եւրամիութեան յարաբերութիւնների խորացման հետ կապւած հարցեր, ներառեալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծման հեռանկարները: Օրակարգում ներառւած են եղել նաեւ օրէնքի գերակայութեան, ժողովրդավարութեան եւ կառավարման, մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների հետ կապւած հարցեր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորումը, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները, ԵՄ աջակցութիւնը եւ համագործակցութիւնը, այդ թւում նաեւ տարածաշրջանային համագործակցութիւնը, ԵՄ խորհրդատւական խմբի հետ գործակցութեան հետ կապւած այլ լրացուցիչ հարցեր:
Յիշեցնենք, որ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի ու Եւրոպական Համայնքների եւ նրանց անդամ պետութիւնների միջեւ կնքւել է Գործընկերութեան եւ համագործակցութեան մասին համաձայնագիր, որն ուժի մէջ է մտել 1999թ. յուլիսի 1-ից։ Համաձայնագրի 83-րդ յօդւածի համաձայն ստեղծւել է ՀՀ-ԵՄ Համագործակցութեան կոմիտէ: Նիստերը տեղի են ունենում տարին մէկ անգամ` ռոտացիոն կարգով, Բրիւսելում կամ Երեւանում:


NEWS.am

0 Պատգամ: