Բագրատ Ասատրեան. -
«Սահմանը բացւելու դէպքում ՀՀ տնտեսութիւնը սկզբնական շրջանում կորուստներ կը կրի»




15:30 / 24.09.2009

«Ինչպէս ամէն նորմալ մարդ, ես էլ ուզում եմ նորմալ յարաբերութիւններ ունենալ հարեւան երկրների հետ»,- այսօր հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ կարծիք յայտնեց ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրեանը, յաւելելով, որ այդտեղ պէտք է լրջօրէն քննարկւի նաեւ տնտեսական բաղադրիչը:

«Ես հասկանում եմ, որ սահմանը բացելու դէպքում տնտեսական առումով առաջին էֆեկտը լինելու է ի վնաս Հայաստանի: Կարճատեւ ժամանակահատւածում թուրքական ապրանքները, որոնք հայկական շուկայում գտել են իրենց տեղը, աւելի լաւ պայմաններում լինելով, շատ աւելի ակտիւօրէն են մեր շուկայ մտնելու եւ առաջին շրջանում գլոբալ տնտեսական իմաստով կորուստներ ենք ունենալու»,- նշեց նա ու յաւելեց. «Խնդիրները ծագելու են յատկապէս գիւղտնտեսութեան ոլորտում, քանի որ անգամ Եւրոպա-Թուրքիա յարաբերութիւնների չկարգաւորւածութեան հիմնական պատճառներից մէկը Եւրոպայի վախն է, որ թուրքական գիւղապրանքները կը մտնեն եւրոպական շուկայ եւ կը քանդեն Եւրոպայի գիւղատնտեսութիւնը:
Այս խնդիրը կայ նաեւ Հայաստանի համար, քանի որ Թուրքիայի գիւղատնտեսութիւնն անհամեմատ աւելի մեծ արդիւնաւէտութիւն ունի»:
Այդուհանդերձ, ըստ Բ. Ասատրեանի, սահմանները պէտք է բացւեն, գիտակցելով, որ ինչ-որ ժամանակահտւածում ինչ-որ կորուստներ ենք ունենալու: «Չի կարող պատահել, որ փակւած պայմաններում գիւղատնտեսութիւն զարգանայ»,- ասաց նա, ընդգծելով, որ այդ դժւարութիւնները կտեւեն մօտ 3 տարի, որից յետոյ դրական արդիւնքներ կը նկատւեն:
Բ. Ասատրեանի խօսքով, այդ երեք տարւայ ընթացքում հայկական ապրանքները եւս իրենց տեղը կգտնեն թուրքական շուկայում:
«Հայ-թուրքական սահմանի բացման հիմքում պէտք է լինի ոչ թէ մարդկանց առաջ սահմանը բացելը, այլ ապրանքահոսքի առաջ սահմանը բացելը, որը առաջին հերթին նշանակում է երկաթուղու գործարկում»,- նշեց ԿԲ նախկին ղեկավարը, կարծիք յայտնելով, որ Թուրքիան ֆորմալ առումով սահմանը կը բացի, սակայն երկաթուղու գործարկումը կըձգձգի:
«Արդեօք երկաթուղին գործելու է, արդեօ՞ք այն տարիֆները, որ դնելու են երկաթուղու վրայ, բաւարար են լինելու, որ նա արդիւնաւէտ աշխատի: Որովհետեւ կարող են յայտարարել, որ բացում են երկաթուղին, բայց այնպիսի սակագներ սահմանեն, որ այն իմաստազրկւի:
Այդ երկաթուղու աշխատելու պարագայում, ինչ բեռ է դրւելու այդ երկաթուղու վրայ, ունենալո՞ւ է այդ երկաթուղին հեռանկար, Ախալքալաք-Կարս երկաթուղին կառուցւելո՞ւ է, թէ` սառեցւելու, հնարաւո՞ր է, որ „Նաբուկոն“ անցնի Հայաստանով»,- ահա այն հարցերի շարքը, որի պատասխանը պէտք է տան իշխանութիւնները:



NEWS.am

0 Պատգամ: