ԿԱՅԱՑԱՒ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻ ԵՒ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը իր ելոյթով հանդէս եկաւ Միաւորւած ազգերի կազմակերպութեան Գլխաւոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում: Իր ելոյթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձաւ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծմա՞ն վերաբերեալ Հայաստանի մօտեցումներին:
Նա ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացը եւ հայկական կողմի մօտեցումները: Միջազգային ամենահեղինակաւոր ամբիոնից Էդւարդ Նալբանդեանը խօսեց Հայաստանի Նախագահի նախաձեռնութեամբ սկսւած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին:
Նոյն օրը Նալբանդեանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացեալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Ողջունելով Հայաստանի արտոգործնախարարին` ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Միացեալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թէ ժողովրդավարական բարեփոխումների, թէ տնտեսական զարգացման բնագաւառներում:
Տիկին Քլինթոնի բնորոշմամբ Հայ-ամերիկեան յարաբերութիւնները համապարփակ, ընդգրկուն եւ խոր բնոյթ ունեն: Պետքարտուղար Քլինթոնը ամերիկեան վարչակազմի անունից պատրաստակամութիւն յայտնեց շարունակելու համակողմանի համագործակցութիւնը Հայաստանի Նախագահի, կառավարութեան եւ արտգործնախարարի հետ: Անդրադառնալով Հայ-թուրքական յարաբերութիւններին, Հիլարի Քլինթոնը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ յարաբերութիւնները «կարգաւորելու» ուղղութեամբ եւ վերահաստատեց ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկէտներում:
Էդւարդ Նալբանդեանը, գոհունակութիւն յայտնելով հայ-ամերիկեան բարձր մակարդակի կանոնաւոր շփումների կապակցութեամբ, ընդգծեց, որ Հայաստանը կարեւորելով Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների առաւել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերութեան զարգացմանն ու խորացմանը և համագործակցութեան ընդլայնմանը:
Նախարար Նալբանդեանը շնորհակալութիւն յայտնեց Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին ԱՄՆ աջակցութեան համար: Արցախեան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդւարդ Նալբանդեանը կարեւրոեց ԱՄՆ-ի` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարութիւնը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղւած բանակցային գործընթացում:
Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ:
0 Պատգամ:
Post a Comment