ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՒԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒՆ ԵՒ ՆՐԱ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր Թէքէեան մշակութային կենտրոնում բացւել է «Ուրարտուն եւ նրա հարեւանները» միջազգային գիտաժողովը` նւիրւած յայտնի ուրարտագէտ, Հայաստանի Հանրապետութեան ԳԱԱ (գիտութիւնների ազգային ակադեմիա) Արեւելագիտութեան ինստիտուտի Հին Արեւելքի բաժնի վարիչ, պրոֆէսոր Նիկոլայ Յարութիւնեանի 90-ամեակին:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Յարութիւնեանի գործընկերները, ինչպէս նաեւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, ՀՀ կրթութեան ու գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, որը յայտնի գիտնականին յանձնեց ՀՀ կրթութեան ու գիտութեան նախարարութեան ոսկէ մեդալը:
«Ինձ համար մեծ պատիւ է ստանալ ՀՀ կրթութեան ու գիտութեան նախարարութեան բարձրագոյն պարգեւը: Կառավարութեան աջակցութեան շնորհիւ է, որ իմ աշխատութիւնները շարունակում են հասանելի լինել գիտական շրջանակների համար:
Կարծում եմ, կարեւոր է պահպանել եւ զարգացնել ուրարտագիտութեան այն մակարդակը, որը հիմնադրւեց խորհրդային տարիներին»,-ասել է Մ.Յարութիւնեանը: Երկօրեայ գիտաժողովում, որին մասնակցում են բազմաթիւ մասնագէտներ արտերկրից, զեկոյցներ կը ներկայացնեն Ստեֆան Քրոլլը (Միւնխենի համալսարան Գերմանիա), Մայքլ Ռոաֆը (Միւնխենի համալսարան Գերմանիա), Գերնոտ Վիլհելմը (Վիւրցբերգի համալսարան, Գերմանիա), Ջոն Գրեպպինը, Միրջո Սալւինին (Իտալիա), Դեւիդ Սթրոնախը (Կալիֆորնիայի համալսարան, ԱՄՆ), Ռոկի դէ Ռիւան (Բարսելոնի համալսարան, Իսպանիա), ինչպէս նաեւ ՀՀ ԳԱԱ արեւելագէտներ ու ուրարտագէտներ:
Նիկոլայ Յարութիւնեանը ծնւել է 1920թ. Գեանջայում: 1942թ. աւատել է ԵՊՀ բանասիրական բաժինը: Բանասիրական գիտութիւնների թեկնածու է (1951թ.), բանասիրական գիտութիւնների դոկտոր է, ներկայումս ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Հին Արեւելքի բաժնի վարիչն է: Հրատարակւել են Ն. Յարութիւնեանի շուրջ 20 աշխատութիւններ:
0 Պատգամ:
Post a Comment