«Ստորագրւելիք արձանագրութիւնների մի շարք դրոյթներ, Հայաստանի եւ հայութեան համար անբարենպաստ նախապայմաններ են պարունակում»։

Իշխող կուսակցութեան որոշ անդամներ «մտահոգւած են» Հայ-թուրքական կարգաւորման գործընթացով



29.09.2009
Անուշ Մարտիրոսեան
Հանրապետական կուսակցութիւնում կան մարդիկ, ովքեր մտահոգութիւններ ունեն հայ-թուրքական կարգաւորման գործընթացի վերաբերեալ։
«Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում երեքշաբթի օրը այսպիսի յայտարարութիւն արեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցութեան խորհրդի անդամ Սամւէլ Նիկոեանը։Նախագահ Սերժ Սարգսեանի մասնակցութեամբ երէկ ուշ երեկոյեան Հանրապետական կուսակցութեան կենտրոնական գրասենեակում տեղի են ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք շարունակւել են մի քանի ժամ։ Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբեանի տեղեկացմամբ, նիստերը հրաւիրել էր կուսակցութեան գործադիր մարմինը։ Քննարկումները նւիրւած են եղել հայ-թուրքական կարգաւորման գործընթացին։
«Բոլոր տեսակի հարցեր էլ տրւել են։ Ե՛ւ մտահոգութիւն արտայայտող, ե՛ւ պարզաբանման նպատակներ արտայայտող, ե՛ւ ինչ-որ խնդիրներ հիմնաւորող», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խորհրդի անդամ Սամւէլ Նիկոյեանը։
«Ես չեմ կարծում, որ ամբողջութեամբ Հանրապետական կուսակցութիւնը, որը ունի 150 հազար անդամ, կարող է մանրամասնօրէն տիրապետել այս արձանագրութիւններին եւ ամբողջութեամբ՝ 150 հազարով, ողջունել դա», - յայտարարեց Նիկոյեանը. - «Ի հարկէ, կան մարդիկ, որոնք ունեն մտահոգութիւններ։ Եւ այդ մտահոգութիւնն ունեն բոլորը, այդ թւում՝ նաեւ ես»։
Հոկտեմբերի 17-ին Հայաստանեան քաղաքական կուսակցութիւնների նախագահների հետ քննարկմանը Հանրապետական կուսակցութեան առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նոյնպէս մտահոգութիւններ էր հնչեցրել հայ-թուրքական կարգաւորման գործընթացի առնչութեամբ։
«Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգութիւններ: Բայց որպէսզի մեր մտահոգութիւնները համադրելի լինեն, որպէսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պէտք է կարողանանք նոյն հարթութեան մէջ բերել մեր բոլոր դիտարկումները», - ասել էր Սերժ Սարգսեանը։
Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ Ռազմի Զոհրաբեանը, սակայն, պնդում է, որ նախագահը «վճռականօրէն է տրամադրւած» արձանագրութիւնները ստորագրելու հարցում։
Կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Էրդողանը յայտարարել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հայ-թուրքական նախաստորագրւած երկու արձանագրութիւնները կստորագրեն հոկտեմբերի 10-ին կամ 11-ին։
«Բնականաբար, մենք գնալու ենք դրա ստորագրմանը։ Ես չեմ ասում, որ Էրդողանը մեր տեղն էլ է որոշել։ Մեր ցանկութիւնն է գնալ ստորագրելու, եթէ չկան այդ նախապայմանները», - հաւաստեց Զոհրաբեանը։
Հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպութիւններ, այդ թւում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ ազգային կոնգրէսը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամը, կարծիքներ են հնչեցրել, որ ստորագրւելիք արձանագրութիւնների մի շարք դրոյթներ Հայաստանի եւ հայութեան համար անբարենպաստ նախապայմաններ են պարունակում։
Հայ-թուրքական կարգաւորման գործընթացի քննադատները, մասնաւորապէս, մատնանշում են արձանագրութիւնների այն դրոյթները, որտեղ խօսւում է երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքների վերահաստատման, պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրութեամբ զբաղւող ենթայանձնաժողովի ստեղծման մասին՝ որպէս Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ ուղղւած նախապայմանների թելադրում հայկական կողմին։
«Ընդհանրապէս, կարելի է ցանկացած անշառ տեքստ մեկնաբանել, որ այդ տողատակում հասկանում ենք այսպէս. ասում ենք տանձ, հասկանում ենք խնձոր», - դժգոհեց Հանրապետականի փոխնախագահը՝ ընդգծելով, որ խնդրոյ առարկայ արձանագրութիւններում որեւէ նախապայմանի մասին ձեւակերպում չկայ։

0 Պատգամ: