ՎԵՐՋ ՏՒԷՔ ԱՅՍ ՎՏԱՆԳԱՒՈՐ ԽԱՂԻՆ...!!!



Ցեղասպանութիւնը հերքելու Թուրքիայի քայլերը համակարգում է Մարգարէտ Թաթչերի նախկին խորհրդականը


11:08 / 25.09.2009
«Քանի դեռ Հայաստանում եւ Սփիւռքում գուշակում են՝ կստորագրւեն եւ կը վաւերացւեն արդեօք Արձանագրութիւնները, պատմական ենթայանձնաժողովի օրակարգում կընդգրկւի արդեօք Ցեղասպանութեան հարցը, բուն Թուրքիայում բուռն թափով ընթանում է „թուրքական փաթեթի“ պատրաստումը, որն էլ ներկայացւելու է միջազգային հանրութեան դատին»,- գրում են «Ռեգնում» գործակալութեան կայքում տեղադրւած «Հայերի ցեղասպանութիւնն ու Ռուսաստանի հարաւային պատմական ճակատը» յօդւածի հեղինակները:


Յօդւածում նշւում է, որ թուրք մասնագէտները՝ յայտնի բրիտանացի պատմաբան Նորման Սթոունի ղեկավարութեամբ պատրաստում են Ցեղասպանութեան ժխտման պատմական հիմքը: Նորման Սթոունը, որ Թուրքիայի պատմաբանների հաւաքականի «գլխաւոր մարզիչն» է՝ Հայոց ցեղասպանութեան ժխտման գործում, այժմ Անկարայի Բիլքենդի համալսարանի միջազգային յարաբերութիւնների ամբիոնի վարիչն է, միաժամանակ ղեկավարում է այդ բուհի ռուս-թուրքական կենտրոնը:
Յօդւածում նշւում է, որ նա փաստացի համակարգում է մասնագէտների ներգրաւումն ու տւեալ թեմայով նիւթերի հաւաքումը, այդ թւում ՝ Ռուսաստանի ռազմական պատմութեան պետական արխիւից: Միեւնոյն ժամանակ, խօսքը գնում է այն փաստաթղթերի ընտրովի հաւաքման մասին, որոնք վկայում են, իբր, հայկական կամաւորական ջոկատների կողմից քրդական բնակչութեան ոչնչացման մասին:
Նորման Սթոունը 1980-ականներին եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարէտ Թաթչերի Արեւելեան Եւրոպայի գծով խորհրդականը: Վերջին շրջանում Սթոունը կտրուկ ակտիւացրել է իր աշխատանքը Հայոց ցեղասպանութեան ժխտման ուղղութեամբ: «Նորման Սթոունը պայքար է սկսել Հայկական հարցի օբյեկտիւ պատմութեան դէմ՝ Անգլիայից Թուրքիա տեղափոխւելուն պէս: Աւելի վաղ նա աչքի չի ընկել այդ հարցում: Դատելով դրանից՝ կարելի է ասել, որ պայքար է մղում ոչ առանց շահագրգռութեան»,- ասւած է յօդւածում:
Սթոունի՝ հայկական դիրքորոշման ուղղակի ժխտում պարունակող աշխատանքները պարբերաբար հրապարակւում են Թուրքիայի կողմից աջակցութիւն ստացող Armenian Genocide (http://www.armenian--genocide.com) յատուկ կայքէջում: Յատկանշական են նրա Յօդւածների վերտառութիւնները՝ «Հայոց պատմութիւնը հակառակ կողմ ունի» եւ «Հայոց ցեղասպանութիւն չի եղել»:
Յատկանշական է, որ իր վերջին յօդւածում Սթոունը յղում է կատարում Մեհմեդ Փերինչեքին՝ վերջինիս թուրք պատմաբան անւանելով: Միեւնոյն ժամանակ Փերինչեքը Երիտասարդութեան եւրասիական միութեան թուրքական բաժնի առաջնորդն է, ծայրայեղ ձախ, նացիզմին մօտ հայեացքների կրող է: Նրա հայրը՝ Դողու Փերինչեքը՝ Թուրքական աշխատաւորական կուսակցութեան ղեկավարը, ձերբակալւել է «Էրգենեկոնի»՝ արմատական թուրքական կազմակերպութեան գործով: «Էրգէնեկոնը», որոշ տւեալներով, աջակցութիւն է ստանում Իսրայէլից եւ իր առջեւ նպատակ է դրել ոչնչացնել Թուրքիայի կառավարող կուսակցութիւնը:

Մեհմեդ Փերինչեքը հրաշալի խօսում է ռուսերէն, աշխատում է ռուսական արխիւներում աւելի շատ, քան որեւէ այլ թուրք պատմաբան: Ահա թէ ինչ է դուրս գալիս նրա գրչի տակից. «Այսօր Ռուսաստանի պետական արխիւներում կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, թէ իմպերիալիստ ռուսներն են մտածել „ցեղասպանութեան“ պատմութիւնը: Այդ փաստաթղթերը լոյս են սփռում իրականութեան վրայ, որ հայերը երբէք մեծամասնութիւն չեն կազմել Անատոլիայի որեւէ մարզում, ապրել են շատ լաւ եւ չարագործութիւններ են կատարել մահմեդականների նկատմամբ…» Փերինչեքի տեսութիւնը, որի վրայ իր աշխատանքներում հիմնւում է Նորման Սթոունը, յանգում է նրան, թէ Արեւմտահայաստանում հայերի զանգւածային սպանութիւններն ու տեղահանումը օսմանների պատասխանն է Ռուսաստանի «շովինիստական» քաղաքականութեանը, որը զինում էր հայերին եւ նրանց դրդում մահմեդական բնակչութեան դէմ ելնել: Եւ փորձ է արւում ապացուցել, թէ հայերի զանգւածային սպանութիւնները սկսւել են Վանի ապստամբութիւնից յետոյ, այլ ոչ թէ հակառակը՝ Վանի ապստամբութիւնը սկսւել է կայսրութիւնում ողջ թափով ընթացող էթնիկ զտման եւ ցեղասպանութեան քաղաքականութեան հետեւանքով:
Սթոունն ակտիւօրեն աշխատում է անգլիախօս լսարանում (բնականաբար, առաջին հերթին ԱՄՆ-ում) Թուրքիայի համար անցեալի բարենպաստ պատկեր ստեղծելու ուղղութեամբ: Ձգտելով արգելակել ԱՄՆ Կոնգրէսում Հայոց ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը, Սթոունը Chicago Tribune թերթում հրապարակել էր մի յօդւած, որում նշել էր. «Կոնգրէսը չպէտք է դիրքորոշում յայտնի սոյն հարցով մէկ կամ միւս կողմի օգտին: Թող պատմաբանները որոշեն:
Թուրքական կառավարոթիւնն այդ մասին խօսում է երկար տարիներ: Այդ հայերն են հրաժարւում մասնակցել համատեղ պատմական յանձնաժողովին, նոյնիսկ եթէ դրա կազմում ընդգրկւեն չեզոք գիտնականներ»:
Ինչպէս տեսնում ենք, Սթոունը բաց լոբբինգ է անում յանձնաժողովի ստեղծման օգտին դեռ 2007թ.-ին, երբ գրւել է այդ յօդւածը: "Իսկ լիովին անաչառ գիտնական նա համարում է նացիստ Մեհմեդ Փերինչեքին, որը համոզւած է թէ Հայոց ցեղասպանութիւնը ռուսական իմպերիալիստների բեմադրութիւնն է:


NEWS.am

0 Պատգամ: