Ռուս փորձագէտ.–
Հայաստանի Հետ Յարաբերութիւնների Կարգաւորման Թուրքիայի Մտադրութիւնն Աչքակապութիւն Չէ




NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի (ՌԳԱ) Համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային յարաբերությունների ինստիտուտի (ՀԷՄՀԻ) աւագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու Վիկտոր Նադէին-Ռաեւսկին։

ՀԱՐՑՈՒՄ.– Վիկտոր Անատոլեւիչ, Հայաստանն ու Թուրքիան ձեռնարկում են հաշտեցման պատմական փորձ, որի հետեւանքը պէտք է դառնայ միջպետական յարաբերությունների հաստատումը։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է անկեղծ Թուրքիան այդ գործընթացում։ Որքանո՞վ է լուրջ նրա շահագրգռվածութիւնը այդ գործընթացի յաջող աւարտի հարցում։
ՊԱՏԱՍԽԱՆ— Թուրքիան բազմապլան քաղաքականութիւն է վարում, եւ այդ քաղաքականութիւնը ամէնեւին էլ այդքան թափանցիկ չէ, ինչպէս ցանկանում են ցոյց տալ թուրքերը։ Միւս կողմից դա բազմանպատակ հարւած է։ Հարւած, քանի որ այն քանդում է թուրքական հասարակութիւնում ու պետութիւնում ձեւաւորւած կաղապարները։
Գործընթացը բաւականին բարդ է, եւ հարկ է լինում ժամանակ առ ժամանակ այն հետ մղել Ադրբեջանի դիրքորոշման, ինչպէս նաեւ հէնց թուրքական վերնախաւում առկայ տարբեր մօտեցումների պատճառով։ Լիակատար համաձայնութիւն չկայ։ Սակայն ամենակարեւորն այն է, թէ ինչի՞ն է ուղղւած այդ պայքարը։
Նախեւառաջ, իհարկէ, դա Եւրոպան է, դա բանակցային լայն շրջանակ բացելու եւ արդիւնքում ԵՄ-ի կազմում ընդգրկւելու ձգտումն է։ Այս առաջնահերթութիւնը Թուրքիայում երբէք չեն մղում երկրորդ պլան։ Եւ դա, իհարկէ, շատ կարեւոր է։
Այդ կապակցութեամբ թուրքերը Եւրոպայի վրայ ճնշում գործադրելու շատ հետաքրքիր ոլորտներ են գտել։
Էնէրգետիկ «հանգոյցի» գաղափարով Եւրոպային շահագրգռելու լուրջ փորձեր են ձեռնարկւում, որի դերում կարող է հանդէս գալ Թուրքիան՝ այլընտրանքային խողովակաշարերի կառուցման հնարաւորութեամբ։ Այդպիսով, Թուրքիան, իհարկէ, շատ լուրջ տեղ կզբաղեցնի եւրոպական քաղաքականութեան մէջ՝ ունենալով Ուկրաինայից առաջ անցնելու բոլոր հնարաւորութիւնները։
Ընդ որում, իհարկէ, թուրքերը չեն մօռանում նաեւ իրենց մասին։ Համաեւրոպական NABUCCO գազամուղի նախագծի 15%-ը Անկարայի առաջնահերթութիւնների շղթայի մի օղակն է։ Այստեղ են եւ հայերի հետ յարաբերութիւնների կարգաւորման մտադրութիւնը, Կիպրոսի խնդիրը, Յոյների հետ յարաբերութիւնները, ժողովրդավարացումն ու քրդական խնդրի լուծումը, բանակը քաղաքականութիւնից հեռացնելու խնդիրը։
Դա շատ լուրջ ու համալիր ծրագիր է, եւ թուրք ղեկավարները մօտենում են դրա լուծմանը քայլ առ քայլ։ Եւ հէնց այդ պատճառով եմ ես կարծում, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման Թուրքիայի մտադրութիւնն աչքակապութիւն չէ։
ՀԱՐՑՈՒՄ– Ի՞նչ է սպասում Թուրքիային հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողման դէպքում։
ՊԱՏԱՍԽԱՆ Անյաջողութեան դէպքում, իհարկէ, կասկածի տակ կը դրւի համալիր այն ծրագիրը, որի մասին ես խօսեցի։ Եւ նաեւ փակ կմնայ սահմանը։ Ի դէպ, այն փաստը, որ Հայաստանի հետ սահմանը չի գործում, որոշակի չափով բացասաբար է ազդում նաեւ Թուրքիայի վրայ։Հայկական տարածքը յարմար կը լինէր տարածաշրջանների հետ կապի ու խողուակաշարերի կառուցման տեսանկիւնից։
Նման ծրագրեր կան։ Այդ տեսանկիւնից թուրքերը շատ չեն ցանկանում լինել ադրբեջանական քաղաքականութեան պատանդը։ Այո՝ լինելով դաշնակիցներ ու եղբայրներ, ինչպէս իրենք են արտայայտւում, թուրք քաղաքական գործիչները ցանկանում են ազատ ձեռքեր ունենալ։
Դա զգացւում է։ Ընդ որում, կան բաներ, որոնց մասին նրանք չեն ասում։ Սակայն Ադրբեջանը փորձում է հետ խաղարկել, եւ Բաքւի նման փորձերը զգալի չափով խանգարում են Թուրքիային։
ՀԱՐՑՈՒՄ.–Կարծիք կայ, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումն ու երկու երկրների միջեւ սահմանի ապաշրջափակումը, բացասաբար կազդի Հայաստանում ու տարածաշրջանում Ռուսաստանի դիրքորոշման վրայ։ Որքանո՞վ է այն արդարացւած։
ՊԱՏԱՍԽԱՆ.– .Ռուսաստանի վախերը զգալի չափով չափազանցւած են։ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները կատարեալ երբէք չեն լինի։ Թուրքերը չեն ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը, եւ կը փնտրեն միջանկեալ որոշումներ։
Ոչինչ չի պատահի եւ երկու երկրների ներքին ընդդիմութեանը, որը մշտապէս կարդիականացնի մէկդարեայ հակամարտութեան փաստը։Իսկ Հայաստանը պէտք է ունենայ վստահելի թիկունք, յենարան։
Եւ այլ յենարան, քան Ռուսաստանը, պարզապէս գոյութիւն չունի։ Ամերիկայի հետ դուք ինքներդ գիտէք, թէ ինչ կարող է կատարւել։ Հարեւան հանրապետութիւնը (Վրաստանը – NEWS.am) ԱՄՆ-ի հետ շատ սերտ յարաբերութիւններ էր կառուցում եւ մեծ յոյսեր կապում։
Ինչով այդ ամէնը վերջացաւ, մենք բոլորս տեսանք։ Վաշինգտոնի ձեռքերը կարճ են ովկիանոսի պատճառով, իսկ Թուրքիան մօտ է, եւ այն մշտապէս անմիջական վտանգ է ներկայացնելու։ Այդ պատճառով Հայաստանը պէտք է խաղայ հաշւեկշռի վրայ։ Հայկական քաղաքականութիւնը պարզ չի լինի։ Այն այժմ էլ բաւական ճիւղաւորւած ու հետաքրքիր է։ Եւ այդ քաղաքականութեան մէջ Ռուսաստանի գործօնը միշտ էլ անհրաժեշտ ու կարեւոր է լինելու Հայաստանում իշխող դասակարգի համար։
ՀԱՐՑՈՒՄ.– Իսկ ինչպիսի՞ն էք տեսնում Իրանի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հեռանկարի կապակցութեամբ։
ՊԱՏԱՍԽԱՆ.– Իրանը միշտ էլ բազմապլանային շահեր ունի աշխարհի ցանկացած կէտում։ Այդ շահերի շարքում կարեւոր տեղ են զբաղեցնում անվտանգութեան հարցերը։ Մենք բոլորս յիշում ենք այն պահը, երբ խօսւում էր Վրաստանի տարածքում իսրայէլական Ռազմա-օդային ուժերի տեղակայման հնարաւորութեան մասին։ Իհարկէ, Իրանի շահերում նման տարբերակները չէին տեղաւորւում եւ չեն տեղաւորւում նաեւ հիմայ։
Իրանը ակնյայտօրէն շահագրգռւած է Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացմամբ։ Սակայն այդ հետաքրքրութիւնը չի կարող որոշիչ լինել։ Այսօր իրանական կողմը մենաշնորհատէր է Հայաստանի համար հարաւային տարանցման ուղղութեամբ։ Կարելի է սպասել, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի մօտ կը թուլանայ Իրանի հետ կապերի զարգացման շահագրգռութիւնը։
Կարող է փոփոխւել նաեւ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ դիրքորոշումը, թէպէտ այդ հարցում, իհարկէ, Հայաստանի խօսքը որոշիչ չէ։ Այստեղ խաղում են ուժի խոշոր կենտրոնները։
Այնուամենայնիւ, Իրանը շահագրգռւած է Հարաւային Կովկասում դաշնակիցներ ունենալու հարցում, եւ ինչպէս նա կը կառուցի իր դիրքորոշումները, դա, իհարկէ, հարցական է։ Ես չեմ կարծում, որ իրանցիները կը հրաժարւեն Հայաստանի հետ յարաբերութիւններից։
Եւ հայկական կողմի բազմավեկտորային ընթացքին նոյնպէս ոչինչ չի պատահի, դեռ աւելին, այն ներկայումս արդէն իրական է դառնում։ Այդ տեսանկիւնից շատ հարցեր պէտք է լուծի Երեւանը։ Եկել է կշռադատւած դիրքորոշում մշակելու ժամանակը։
ՀԱՐՑՈՒՄ.– .Ի՞նչ էք կարծում, ո՞ր մոդելով թուրքական պետութիւնը կը փորձի լուծել քրդական խնդիրը։
ՊԱՏԱՍԽԱՆ.– .Քրդերի հետ կապւած մոդելներ շատ են եղել։ Էրդողանի ներկայիս կառավարութիւնը ընդհանուր առմամբ քրդերին բաւական լայն մշակութային ինքնավարութիւն է առաջարկում։ Սակայն այդ հարցը վիճարկելի է։ Խօսքը նաեւ քրդերի քաղաքական կուսակցութիւններ ստեղծելու իրաւունքի մասին է. ոչ թէ ձեւական, որոնք համարւում են ահաբեկչական ու անջատողական, այլ իրական, քաղաքական գործընթացներում ընդգրկւած կուսակցութիւններ։
Եւ տպաւորութիւն է ստեղծւում, որ քաղաքականութեանը պաշտօնապէս մասնակցող քրդերի շարքում կան մարդիկ, որոնք պատրաստ են էական զիջումների գնալ սկզբունքային հարցերում։
NEWS.am

0 Պատգամ: