Հայաստանի նախագահի Սփիւռքեան ուղեւորութեան մասին՝ նորութիւններ
«Դաշնակցութիւնը բոլոր համայնքներում ունի շատ մեծ դերակատարում, եւ առանց Դաշնակցութեան՝ նման քննարկումներն անիմաստ են»:
Նախագահ Սերժ Սարգսեանի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը անցնող շաբաթավերջին հանդիպելով լրագրողների հետ՝ հրապարակեց Սերժ Սարգսեանի սփիւռքեան ուղեւորութեան վերաբերեալ որոշ մանրամասնութիւններ:
Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման շուրջ Սփիւռքի գաղթօջախների կարծիքը լսելու յայտարարւած նպատակով նախագահի ուղեւորութեան առաջին կայանը պիտի լինի Փարիզը, ուր հանդիպման մասնակցելու են հրաւիրւել եւրոպական բոլոր երկիրների հայ համայնքների ներկայացուցիչները:
Յաջորդ կայանը պիտի լինի Նիւ Եորքը, ուր հանդիպման մասնակցելու են հրաւիրւել Արեւելեան Միացեալ Նահանգների եւ Կանադայի հայ համայնքների ներկայացուցիչները:
Ի տարբերութիւն միւս քաղաքների, ուր նա միայն քսանչորս ժամ պիտի մնայ, նախագահի Լոս Անջելսեան կեցութիւնը կը տեւի երկու օր: Լոս Անջելսի հանդիպումին մասնակցելու են հրաւիրւել Արեւմտեան Միացեալ Նահանգների եւ Հարաւային Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչները: Լոս Անջելսում աւելի երկար մնալու պատճառը, ըստ Սարգսեանի, այս գաղութի մէջ գործող հայկական հեռատեսիլի կայանների հետ ծրագրւած ընդարձակ հեռուստազրոյցն է:
Բէյրութի մէջ հանդիպման մասնակցելու են հրաւիրւել Իրանի, Սուրիոյ, Եգիպտոսի, ինչպէս նաեւ Պարսից Ծոցի երկիրների Հայ համայնքների ներկայացուցիչները:
Վերջապէս Տօնի Ռոսթով քաղաքում կայանալիք հանդիպման մասնակցելու են հրաւիրւել նախկին խորհրդային երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները:
Նախագահը որոշել է սոյն արտասահմանեան շրջապտոյտի ընթացքում քաղաքական հանդիպումներ չունենալ, որպէսզի առաւել եւս ընդգծի իր ուղեւորութեան խորհուրդը, որն է՝ Սփիւռքի մէջ հանրային կարծիք ստեղծող գլխաւոր կենտրոնների հայ համայնքների հետ հանդիպումը ու նրանց կարծիքների ունկնդրումը:
Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի, հանդիպումներին ներկայ լինելու համար հրաւէրներ են ուղղւել առաջին հերթին՝ համահայկական կառոյցների, ինչպէս նաեւ անհատների:
Վիգէն Սարգսեանին հարց է տրւել այն մասին, թէ՝ արդեօ՞ք հրաւէրներ ուղարկւել են Հ.Յ.Դաշնակցութեան արտերկրի մարմիններին:
Ի պատասխան այս հարցի, Վ. Սարգսեանը յայտնել է. «Միանշանակ այո՛, եւ ակնյայտ է, որ Դաշնակցութիւնը բոլոր համայնքներում ունի շատ մեծ դերակատարում, եւ առանց Դաշնակցութեան՝ նման քննարկումներն անիմաստ են»:
«ԱԶԱՏ ՕՐ»
0 Պատգամ:
Post a Comment