Թեհրանի հայոց եկեղեցիներում կատարւեց Հանրապետական մաղթանք
Երէկ՝ կիրակի, սեպտ. 20-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի բոլոր հայոց եկեղեցիներում կատարւեց գոհաբանական աղօթք՝ վասն Հանրապետութեան Հայաստան աշխարհի:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Խորանի վրայ առաջնորդ Սրբազան Հօր հետ արարողութեանը մասնակցում էին նաեւ՝ Տ. Մակար վրդ. Աշգարեանը ու Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւներ՝ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանն ու սարկաւագաց դասը:
Կանոնական աղօթքից եւ ս. գրային ընթերցումներից յետոյ՝ կարդացւեց մեծ աղօթք, որով գոհութիւն եւ փառք էր տրւում Աստծուն՝ իր բոլոր բարիքների համար, որ Հայաստան աշխարհը իր ժողովրդով մէկ անգամ եւս արժանացրեց անկախութեան եւ ազատութեան: Արարողութիւնը աւարտւեց «Մեր հայրենիք» քայլերգի կատարողութեամբ, այնուհետեւ առաջնորդ Սրբազան Հայրը իր պատգամը փոխանցեց հաւատացեալ ժողովրդին:Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց Հանրապետական մաղթանքի կատարումը, որով մենք աղօթք են մատուցում առ Բարձրեալն Աստւած, որ կրկին անգամ Հայաստանին ու նրա ժողովրդին Իր օրհնութեանը եւ շնորհքին արժանացրեց՝ նրանց շնորհելով իրենց հայրերի հողի վրայ ազատօրէն ապրելու հնարաւորութիւնը: Սրբազան Հայրը նշեց. «Մարդկային կեանքում կան երկու հիմնական եւ էական արժէքներ. մէկը աստւածայինն է, իսկ միւսը՝ ազգայինը: Այս երկու արժէքների համատեղ գոյակցութեամբ ու պահպանումով է, որ ազգը կարողանում է յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւններ: Մեր ժողովուրդը հազարաւոր տարիների իր դարաւոր պատմութեան ընթացքում կառչած մնալով իր հոգեւոր եւ ազգային արժէքներին՝ հուրի եւ սուրի միջից անցաւ եւ, սակայն, պահեց իր ե՛ւ հաւատքը, ե՛ւ ազգային ինքնուրոյնութիւնը»:
Քարոզի մի այլ բաժնում Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց Հայրենիքի նկատմամբ հաւատարմութեամբ գործելու անհրաժեշտութիւնը: «Այսօրւայ աշխարհի նոր իրա-դարձութիւնները երբեմն մեր հայրենիքի պետականութիւնը դժւարին կացութիւնների առաջ են դնում, սակայն մենք վստահ ենք, որ մեր հայրենի պետութիւնը հաւատարիմ իր հայրերի սրբազան աւանդին՝ հայի ինքնապաշտպանութեան բնածին բնազդով կարողանալու է ճիշտ կերպով կողմնորոշւել»:
Իր քարոզի վերջին բաժնում Սրբազան Հայրը ողջունեց արարողութեանը ներկայ գտնւող Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանին ու դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սուրէն Գասպարեանին:Հաւատացեալների նկատառելի մի թիւ ներկայ էր ս. պատարագին եւ գոհունակութեամբ հետեւեց արարողութեանց:Պատարագի վերջում ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն՝ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի կողմից:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment