Բաց նամակ Հայոց Աշխահ օրաթերթի խմբագիր Գագիկ Մկրտչեանին
Յարգելի պարոն խմբագիր,
Միջպետական յարաբերութիւններում առկայ խնդիրները կարելի է լուծել չորս ճանապարհով. քաղաքական, տնտեսական, ռազմական եւ իրաւական կամ դրանց համադրմամբ: Իրատեսական մօտեցման դէպքում ակնյայտ է, որ նշածս առաջին երեք ոլորտներում մենք աւելի թոյլ ենք եւ մշտապէս աւելի թոյլ ենք լինելու, քան Թուրքիան:
Միակ ոլորտը, որտեղ մենք ոչ միայն չենք զիջում, այլեւ Թուրքիայի նկատմամբ էական առաւելութիւն ունենք, միջազգային իրաւունքն է: »Հայոց Աշխարհի« սեպտեմբերի 19-ի համարի առաջին էջի լուսանկարի տակ կայ հետեւեալ պնդումը. »Արձանագրութիւնների վաւերացումը չէ, որ պէտք է խանգարի տէր կանգնելու մեր հողերին«: Սա Վազգէն Մանուկեանի պնդումն է եւ, քանի որ այն ակնառու զետեղւած է առաջին էջի վրայ, նաեւ Ձերը:
ոյլ տւէք չհամաձայնել ձեր երկուսի հետ: Արձանագրութիւնների ստորագրումը, առաւել եւս վաւերացումը հետագայում էապէս խանգարելու են մեզ »տէր կանգնելու մեր հողերին«: Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան հինգերորդ կէտն ամրագրում է »գոյութիւն ունեցող սահմանի« ճանաչման փոխադարձ պարտաւորութիւն:
Սա նշանակում է ոչ միայն հրաժարում Հայոց հողային պահանջներից, այլեւ երբեւէ պահանջելու իրաւունքից:Միջազգային իրաւունքի մէջ գոյութիւն ունի էստոպելի (estoppel) սկզբունքը: Այսինքն, երբ կողմերից մէկն իր անգործութեամբ (ինչպէս եղել է նախորդ տարիներին) կամ գործողութեամբ (ինչպէս ուզում են անել հոկտեմբերի 13-ին) յստակ հասկացնել է տալիս, որ հաշտւել է ստեղծւած իրավիճակին կամ համարում է հարցը լուծւած, ապա նա զրկւում է հետագայում նոյն հարցը վերաբացելու հիմքերից եւ իրաւունքից:
Արձանագրութիւնների ստորագրումը մեզ կը զրկի ապագայում մեր իրաւունքները վկայակոչելուց : Քաղաքական զարգացումներն անկախանտեսելի են: Թող որեւէ մէկն այսօր չյաւակնի քաղաքական պայծառատես գուրու լինելու:
Երբ 1989թ. գարնանը ՆԱՏՈ–ի ամենաբաձր ուսումնական հաստատութեան (NATO Defence Collage) 72 ուսանողների (նւազագոյն զինւորական աստիճանը` գնդապետ, նւազագոյն դիւանագիտական աստիճանը` խորհրդական) հարցրել էին. Արդեօ՞ք ձեր կեանքի օրոք հնարավոր է երկու Գերմանիաների միաւորումը, 72-ից 72-ը ասել էր` ոչ:
Վեց ամիս յետոյ (1989թ. նոյեմբերի 9-ին) Գերմանիաները միացած էին, իսկ մէկուկէս տարի յետոյ (1990թ. հոկտեմբերի 3-ին) պաշտօնապէս միաւորւած: Այո, այսօր մեր երկիրը ծանր վիճակի մէջ է, աւելի ծանր, քան շատերն են պատկերացնում կամ ներկայացնում: Այսուհանդերձ, դրա մեղաւորը մեր զաւակները չեն:
Մեղաւորը մենք ենք: Հետեւաբար, մենք իրաւունք չունենք մեր զաւակների հաշւին լուծել մեր խնդիրները: Մենք իրաւունք չունենք նրանց համար փակել ապագայ հնարաւորութիւնների դուռը: Արձանագրութիւններն ելք չեն իրավիճակից: Հնդկացիների նման չտանք մեր հայրենիքը փայլփլուն ուլունքների դիմաց:
Յարգանքով`
Արա Պապեան19 սեպտեմբերի 2009թ.
0 Պատգամ:
Post a Comment