Ով աւելի շուտ աչքը կը թարթի
Հայաստանը, թէ Թուրքիան...



ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
"Քալիֆորնիա Քուրիեր"-ի խմբագիր
Ասեկոսեների տարափով և տեղեկատւութեան հոսքով լեցուն ամիսներից յետոյ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնները Շւէյցարիայի միջնորդութեամբ օգոստոսի 31-ին հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ` հանրութեանը ներկայացնելով երկու արձանագրութիւններ, որոնց նպատակը իրենց երկրների խնդրայարոյց յարաբերութիւնների կարգաւորումն է:
Ապրիլի 22-ին հրապարակւած նախորդ յայտարարութեան մէջ Հայ և թուրք պաշտօնեաները նշել էին, որ համաձայնւել են մի "ուղեցոյցի" (բառացի` "ճանապարհային քարտէզի") շուրջ, որը "ողջամիտ ժամանակացոյցով" պէտք է առաջնորդէր իրենց դէպի յարաբերութիւնների կարգաւորում: Երկու կողմերը նշել էին նաև, որ սկզբունքային համաձայնութեան են եկել նախաստորագրելով երկու արձանագրութիւնները, որոնք սակայն, մինչ օգոստոսի 31-ը չհրապարակւեցին: Ուշացման պատճառն Ադրբեջանի կողմից իրականացւած ճնշումների հետևանքով ուղեցոյցից Թուրքիայի հրաժարումն էր: Նախագահ Ալիևը պնդում էր, որ Թուրքիան փակ պահի Հայաստանի հետ իր սահմանը` մինչև Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը: Հետագայ ամիսներին Հայ-թուրքական յարաբերութիւնների մէջ որևէ առաջխաղացման բացակայութիւնը առիթ էր տալիս ենթադրութիւններ անելու, թէ արդեօք նախագահ Սերժ Սարգսեանը օգոստոսի 14-ին կը համաձայնւի այցելել Թուրքիա` ներկայ գտնւելու երկու երկրների ֆուտբոլային խաղին:
Հայաստանի Նախագահը փորձեց ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, որպէսզի վերջինս յարգի ուղեցոյցի շուրջ ձեռք բերւած համաձայնութեան իր բաժինը, յայտարարելով, որ կայցելի Թուրքիա, միայն եթէ սահմանը բաց լինի, կամ լինի բացման նախաշեմին: Ամերիկեան կառավարութիւնը նոյնպես ճնշում էր գործադրում Թուրքիայի վրայ. որպէսզի վերջինս ընդառաջ գնայ Հայաստանի հետ վերոյիշեալ համաձայնութեանը:
Օրեր առաջ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախօսային խօսակցութիւն էր ունեցել ինչպէս նախագահ Սարգսեանի, այնպէս էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավիթօղլու հետ` նպատակ ունենալով օգնել յաղթահարելու առկայ մի քանի խոչընդոտները:
Քանի որ Ապրիլի 24-ի իր ուղերձում "Հայկական ցեղասպանութիւն" արտայայտութեան չգործածմամբ նախագահ Օբաման դրժեց նախընտրական իր խոստումը` Հայաստանի և Թուրքիայի միջև "զգայուն" բանակցութիւնները չականահարելու պատճառաբանութեամբ, Միացեալ Նահանգները փորձեց առաջխաղացում ապահուել երկու երկրների յարաբերութիւններում` նպատակ ունենալով վերականգնել ԱՄՆ Նախագահի հեղինակութիւնը:
Արդիւնքում, օգոստոսի 31-ին Հայաստանն ու Թուրքիան առաջին անգամ քննարկեցին երկու արձանագրութիւնները և յայտարարեցին, որ համաձայն են սկսել ներքին քաղաքական խորհրդակցութիւններ` "Դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու" և "Յարաբերութիւները զարգացնելու" արձանագրութիւնների շուրջ:
Այս խորհրդակցութիւնները պէտք է աւարտւեն 6 շաբաթւայ ընթացքում, որից յետոյ երկու պետութիւնները պէտք է ստորագրեն և իրենց համապատասխան խորհրդարանների վաւերացմանը ներկայացնեն վերոյիշյալ արձանագրութիւնները: Առաջին արձանագրութիւնը երկու կողմերին պարտաւորեցնում է բացել իրենց միջև սահմանները և հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ: Այս արձանագրութիւնը Հայասատանից ու Թուրքիայից պահանջում է ճանաչել երկու երկրների միջև գոյութիւն ունեցող ներկայիս սահմանները` միջազգային իրաւունքի համաձայնագրերի համապատասխան:
Սա կարևոր պահանջ է Թուրքիայի համար` Թուրքիայի Հանրապետութեան մաս կազմող հայկական պատմական հողերի պահանջին վերջ դնելու առումով: Միւս կողմից, մեծ թւով հայեր մերժում են այս դրոյթը, քանի որ նրանք ցանկութիւն ունեն օրակարգում պահել զաւթւած հողերի, ներառեալ` Արարատ լեռան հարցը, ապագայում Թուրքիային պահանջ ներկայացնելու համար:Երկրորդ արձանագրութիւնն իր մեջ ներառում է զոյգ փաստաթղթերի մէջ առկայ ամենախնդրահարոյց տարրերը:
Այն նշում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնւում են "իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած պատմական հարթութեան երկխօսութիւն, այդ թւում` պատմական փաստաթղթերի և արխիւների գիտական, անկողմնակալ ուսումնասիրութեան միջոցով գոյութիւն ունեցող խնդիրների յստակեցման ու առաջարկների ձևակերպման համար:" Առաջին հերթին, պէտք է ստեղծւի "միջկառավարական երկկողմ յանձնաժողով", որը բաղկացած կը լինի մի շարք ենթայանձնաժողովներից, որոնցից մէկը պէտք է զբաղւի "պատմական" հարցերով:
Երկրորդ արձանագրութեանը կցւած "ժամանակացոյցը" յաւելեալ կարգով յստակեցնում է թէ "հայ, թուրք, ինչպէս նաև շւէյցարացի և այլ միջազգային փորձագէտների" մասնակցութիւնը "պատմական հարթութեամբ զբաղւող ենթայանձնաժողովի" խորհրդակցութիւններում:
Նախատեսում է, որ այս երկու արձանագրութիւնները լուրջ խնդիրներ կը բարձրացնեն և քաղաքական մեծ տագնապի առիթ կտան Ադրբեջանում, Թուրքիայում ու Հայաստանում:Նախագահ Ալիևը, հաւանաբար, ևս մէկ անգամ կը զայրանայ Թուրքիայի վրայ, ինչպէս արեց ապրիլի 22-ին` առաջին ուղեցոյցի հրապարակման ժամանակ: Ադրբեջանի արժէքաւոր էներգետիկ ռեսուրսները և Թուրքիայի տարածքով դրանց փոխադրումը հաշւի առնելով, Անկարայի ղեկավարներին ձեռնտու չի անտեսել Ալիևի ջղագրգիռ "նոպաները"
:Թուրքիայում ևս կարող են առաջ գալ անհանգստութիւններ: Քաղաքական ընդդիմութիւնն, ինչպէս նաև "խորունկ պետութեան" մասնիկները կարող են կազմակերպել զանգւածային ցոյցեր` նախագահ Գիւլին և վարչապետ էրդողանին մեղադրելով հայրենասիրութեան պակասի, ինչպէս նաև Հայաստանի հետ յարաբերութիւնները "եղբայր" Ադրբեջանից աւելի բարձր դասելու մէջ:
Այս տիպի մեղադրանքները կարող են բաւարար չափով կրճատել խորհրդարանի իշխող մեծամասնութեան քւէները` արձանագրութիւնների վաւերացումը մերժելու համար: Վաւերացումը երաշխաւորւած չէ նաև Հայաստանում: Աւելի քան մէկ տարի է, ինչ մեծ թւով հայեր թէ Հայաստանում և թէ սփիւռքում բողոքում են նման համաձայնութեան գնալու կառավարութեան անխոհեմութեան դէմ: Նրանք դէմ են պատմական հարցերը քննարկող ենթայանձնաժողովի ստղեծմանը, որն իր բնոյթով կարող է կասկածի տակ դնել հայկական ցեղասպանութեան իրողութիւնը:
Աւելին, բազմաթիւ հայեր չեն ընդունում Թուրքիայի հետ գոյութիւն ունեցող սահմանը, որպէսզի ապագայում չխափանեն հայկական հողային պահանջնրը: Այս փստաթղթում առկայ դրոյթները կարող են առաջացնել մեծածաւալ բողոքի ցոյցեր թէ Հայաստանի ներսում և թէ Հայաստանից դուրս, ինչպէս նաև պատճառ հանդիսանալ քաղաքական լուրջ դժգոհոթեան` վտանգելով Հայաստանի կայունութիւնն ու անվտանգութւնը:Նկատի ունենալով այն ճնշումը, որ գործադրում են Ռուսաստանը, Միացեալ նահանգներն ու Եւրոպան Հայաստանի կառավարութեան վրայ, Երևանի համար հեշտ չի լինի հետ կանգնել վերոյիշյալ համաձայնութիւնից: Այնուհանդերձ, ամէն բան դեռ կորած չէ:
Մեծ հաւանականութիւն կայ, որ այս հարցի շուրջ Ադրբեջան-Թուրքիա սուր հակամարտութեան արդիւքում, զուգորդւած Գիւլ-Էրդողան վարչակարգի դէմ ներքին ընդդիմութեամբ, թուրքական կառավարութիւնը անաղմուկ իր խորհրդարանական մեծամասնութեանը կստիպի չվաւերացնել այս արձանագրութիւնները:
Թուրքիայի վրայ ճնշումը պահելու և ստիպելու համար, որ առաջինն ինքը աչքը թարթի, Հայաստանը ներկայումս չպէտք է Արցախի շուրջ որևէ համաձայնութիւն ստորագրի Ադրբեջանի հետ:
Կարելի է նաև, որ այս արձանագրութիւններին դէմ ամբողջ աշխարհի հայերի բողոքը կը համոզի հայկական կառավարութեանը որպէսզի չշարունակի այդ համաձայնութեան գործընթացը և կոչ անի խոհրդարանի մեծամասնութեանը դրան դէմ քւէարկելու:Դժբախտաբար, բանկցութիւնների հէնց սկզբից, յօդւածիս հեղինակի և այլոց շարունակական զգուշացումները` ուղղւած Հայաստանի իշխանութիւններին, արհամարհւեցին: Այն ժամանակ շատ աւելի հեշտ կլինէր քաղաքական ճշգրտումներ և համապատասխան շտկումներ կատարելը:
Հիմա, եթէ Հայաստանն առաջինը հրաժարւի այս համաձայնութիւնից` իր վրայ կուղղի հզօր երկրների զայրոյթը:
Այդուհանդերձ, այս ճակատագրական խաչմերուկում Հայաստանի կառավարութեան գլխաւոր մտահոգութիւնը պէտք է լինի երկրի ազգային շահերի պաշտպանութիւնը, օտար ուժերից դիւիդենտներ շահելու փոխարէն:

0 Պատգամ: