ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԻՐԱՒԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ


21:30 - 20.09.2009

Հայազգի իրաւաբանների համագործակցութիւնը եւ փաստաբանների բարձր պատրաստւածութիւնը կամրապնդեն ժողովրդավարութեան հիմքերը Հայաստանում,- գտնում են հայ իրաւաբանները


ԵՐԵՒԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ՀՀ սփիւռքի նախարարութեան իրաւաբանների համահայկական առաջին համաժողովի ընթացքում առաջադրւած թեմաները ՀՀ փաստաբանների պալատում արժանացան ակտիւ քննարկման:

Հ.Հ. փաստաբանների պալատի նախագահ Ռուբէն Սահակեանը համաժողովն անւանեց հրաշալի միջոցառում` աշխարհասփիւռ հայ իրաւաբաններին հանդիպման հնարաւորութիւն ընձեռելու, նրանց հետ մասնագիտական փոխպայմանաւորւածութիւններ ձեռք բերելու առումով:
«Ինչ ունենք այսօր, ինչ ենք ակնկալում ունենալ վաղը». այս հարցադրմամբ Ռ.Սահակեանը յաջորդականօրէն շարունակեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի` համաժողովի բացման խօսքում առաջ քաշած «համատեղ ուժերով երիտասարդ մասնագէտների պատրաստման» կարեւորութեան թեզը: Նշւեց, որ Հ.Հ. փաստաբանների պալատը նախատեսում է մէկ տարուց բացել փաստաբանների մասնագիտացւած դպրոց, որը կը պատրաստի լիարժէք եւ գիտակ փաստաբաններ: Ռ.Սահակեանը, մատնանշելով համապատասխան մասնագէտների պակասը Հայաստանում, յոյս յայտնեց, որ սփիւռքահայ իրաւաբանները կը ցուցաբերեն իրենց աջակցութիւնը դպրոցում դասախօսութիւններով հանդէս գալու հարցում:
Հ.Հ. սփիւռքի նախարարութիւնից ստացւած հաղորդագրութեան համաձայն, նշւեց նաւ, որ 21-րդ դարի մարտահրաւէրները բազմաշերտ են եւ բազմաթիւ:


Դրանցից մէկը իրաւական ոլորտի խոցելիութիւնն է, դատական համակարգի անարդարութիւնները, փաստաբանների նկատմամբ կիրառւող քրէական հետապնդումները: Համաժողովի մասնակից սփիւռքահայ իրաւաբանները` Վիգէն Բայրամեանը (Շւէյցարիա, Ժնեւ), Հրանտ Վարձբեդեանը (Եգիպտոս), Ալեքսանդր Գույումջեանը (Ֆրանսիա), Սօֆի Ջաղարբեգեանը, Վահէ Թարոեանն ու Արա Ջահանեանը (Իրան, օտարերկրեայ ընկերութիւնների ներդրման կազմակերպութիւն), Հ.Հ. փաստաբանական պալատի անդամներն ու Հ.Հ. սփիւռքի նախարարութեան աշխատակիցները ակտիւօրեն քննարկեցին իրենց պետութիւնների իրաւական դաշտում առկայ խախտումներն ու բացթողումները:
Հնչեցին բազմաթիւ առաջարկութիւններ` իրաւական դաշտի բարելաւման եւ հետագայ համագործակցութեան վերաբերեալ:
Հ.Հ. փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ս.Գրիգորեանն առաջարկեց յատուկ ուշադրութեան արժանացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` իրաւաբանական համահայկական առաջին համաժողովի աշխատանքները շարունակական եւ էլ աւելի արդիւնաւէտ դարձնելու ընդհանուր ռազմավարութեան մշակումը, իրաւական ոլորտի խնդիրները պետութեան մասնակցութեամբ լուծելու, պատմամշակութային յուշարձանները պահպանելու, անպաշտպան վիճակում գտնւող դատապարտեալներին օգնելու, ինչպէս նաեւ կարեւոր նշանակութեան այլ հարցեր:
Քննարկման մասնակիցներից շատերը նշեցին, որ Հ.Հ. սփիւռքի նախարարութիւնը իրաւաբանական համահայկական առաջին համաժողովի միջոցով աշխարհասփիւռ իրաւաբաններին տեսանելի դարձրեց իրաւական ոլորտի այնպիսի խնդիրներ, որոնք առանց հայ իրաւաբանների համագործակցութեան եւ համատեղ քննարկման խոցելի կդարձնեն Հայաստանում ժողովրդավարութեան կայացման գործընթացը:

0 Պատգամ: