Հայաստանի Հանրապետութեան Եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Բարձրաստիճան Պաշտօնեաներն Այցելեցին Եռաբլուր
ԵՐԵՒԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԷՍ: Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը, ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը, ՀՀ զինւորական բրաձրագոյն հրամանատրակազմն այսօր` Հ.Հ. անկախութեան 18-րդ տարեդարձի օրը, այցելեցին Եռաբլուր` ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգէն Սարգսեանի, զօրավար Անդրանիկ Օզանեանի շիրիմներին, ծաղկեպսակ` արցախեան պատերազմում զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ` յարգանքի տուրք մատուցելով նրանց յիշատակին:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսեանի խօսքով, մեր ամենամեծ ձեռքբերումն Հայաստանի 18-ամեայ անկախութիւնն է, «ինչին հասանք մարդկային մեծ կորուստների գնով»: «Իսկ մեր ամենամեծ կորուստը` հէնց այն մարդկային զոհերն են, որոնց շնորհիւ էլ ներկայումս շարունակում է Հայաստանն ապրել ազատ եւ անկախ»,- ասաց Տ. Սարգսեանը:
ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանն անկախութեան տօնի առթիւ առաջին հերթին շնորհաւորեց այն մարդկանց, ովքեր կանգնած են ամենաթանկ արժէքի` անկախութեան ձեւաւորման, ստեղծման ակունքներում եւ որոնց ջանքերի շնորհիւ է, որ այսօր մեր ժողովուրդը խաղաղ պայմաններում արարում է:
«Մենք երախտապարտ պէտք է լինենք բոլոր այն մարդկանց, ովքեր կառուցել են մեր անկախութիւնը: Իւրաքանչիւրս պէտք է ներդնի իր հնարաւորութիւների առաւելագոյնը` մեր ձեռքբերումները պահպանելու համար:
Պէտք է բոլորս աջակցենք հանրապետութեան նախագահին` մեր անկախութիւնը պաշտպանելու եւ մեր երկիրը զարգացնելու համար»,- ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը:
Ս. Օհանեանը համոզմունք յայտնեց, որ նոր սերունդը հասկանում եւ գնահատում է ձեռքբերածը: Ըստ նրա, անհրաժեշտութեան դէպքում նրանք աւելի նւիրւած են լինելու հայրենիքին:
0 Պատգամ:
Post a Comment