«ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ԶԱՅՐԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն իսկոյն արձագանքելով Հայ-թուրքական սահմանի բացումը վերստին Ղարաբաղի հիմնահարցով պայմանաւորելու Թուրքիայի վարչապետ Էրդողանի դիրքորոշմանը, բուռն հակազդեցութիւն ցոյց տւեց:
Էդւարդ Նալբանդեանի հակազդեցութեանն էլ արձագանքեցին թուրքական հեռուստաընկերութիւններն ու կենտրոնական թերթերը: Նրանք մասնաւորապէս նշեցին. «Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ասաց, որ Հայ-թուրքական սահմանի բացումը Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանաւորելու Անկարայի մօտեցումը ձախողելու է այս գործընթացներից թէ՛ մէկը եւ թէ՛ միւսը: Նալբանդեանը, արձագանքելով հակազդեցութեամբ վարչապետ Ռաջափ Թայէբ Էրդողանի խօսքերին, թէ անհնար է սահմանի բացումը, քանի դեռ կողմերը համաձայնութեան չեն եկել Ղարաբաղի հարցի կարգաւորման շուրջը, ասաց, որ իրենք դէմ են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը Ղարաբաղի հարցի հանգուցալուծմամբ պայմանաւորելու դրսեւորումներին, եւ թուրքական կողմը գիտի այդ մասին: Ըստ նրա, փորձելով դրանք միմեանց հետ կապակցել, կը նշանակի խնդիրներ առաջացնել այս երկու գործընթացներում:
Հայ նախարարը միաժամանակ նշեց, որ նոյն դիրքորոշումն ունեն նաեւ ղարաբաղեան հակամարտութեան միջազգային միջնորդները, որոնք դէմ են հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման համար նախապայմանների առաջադրմանը: Վերջում Նալբանդեանն ընդգծեց. «Եթէ Թուրքիայի իշխանութիւնները պատրաստ չեն ճանաչելու Օսմանեան կայսրութիւնում կատարւած ցեղասպանութեան փաստը, ապա առնւազն պարտաւոր են յարգալից լինել ցեղասպանութեան վերապրածների եւ նրանց ժառանգների նկատմամբ»:
Ի դէպ, հաշտեցման արձանագրութիւնների համար ազգայնամոլների կողմից դաւաճանութեան մէջ մեղադրւող Նալբանդեանը մերձեցման գործընթացի ծաւալման ողջ ընթացքում պահպանած երկար ժամանակւայ լռութիւնից յետոյ առաջին յայտարարութիւնն էր անում»:

Հ. Չ.

0 Պատգամ: