Մամուլի տեսութիւն, 10.12.2009
«Հայոց Աշխարհ».


Թուրքիան Խախտում Է Խաղի Կանոնները


Հայ-թուրքական երկխօսութիւնը փոխակերպելով Ղարաբաղեան նախապայմանի եւ ակտիւացնելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների միջնորդական ջանքերը Ղարաբաղեան բանակցային գործընթացում, Թուրքիան փորձում է ծուղակ քաշել Հայաստանին՝ նրա դէմ հանելով ողջ միջազգային հանրութեանը:
Ադրբեջանն էլ կոշտացնում է իր դիրքորոշումները Ղարաբաղի հարցում, քանի որ թուրքական կողմը նրան հաւաստիացրել է, թէ իբր միջազգային հանրութիւնը յանուն հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման, առաջիկայում ստիպելու է Հայաստանին հեռանալ ոչ միայն 5, այլեւ բոլոր 7 ազատագրւած շրջաններից:
Հայաստանի համար ստեղծւած կացութիւնը մի կողմից՝ բաւական վտանգաւոր մարտահրաւէր է, բայց միւս կողմից էլ՝ նշմարւում են սկիզբ առած խաղը շարունակելու նոր հնարաւորութիւններ:
Առաջիկայում Հայաստանը կարող է զուգահեռաբար իրականացնել երեք հիմնական քայլ:
Առաջին. քանի որ Թուրքիան բացայայտօրէն խախտել է առանց նախապայմանների երկխօսութեան սկզբունքը, ապա Հայաստանի ղեկավարութիւնը կարող է հետ կանչել հայ-թուրքական արձանագրութիւնները Սահմանադրական դատարանից, եւ նրանց քննարկումն ու վաւերացումը յետաձգել առնւազն մինչեւ այն պահը, երբ Անկարան պաշտօնապէս կը հրաժարւի իր առաջադրած նախապայմանից:
Երկրորդ. քանի որ Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում հրապարակաւ յայտարարել է, որ իր նախնիները Ցեղասպանութիւն չեն գործել, իսկ պատմաբանների յանձնաժողովի ստեղծումը ոչ թէ «անցեալի հարցերի քննութեան», այլ Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտման միջոց է, ապա Հայաստանի Ազգային ժողովը, հիմնւելով նախագահ Սերժ Սարգսեանի հոկտեմբերի 10-ի ելոյթի սկզբունքային հարցադրումների վրայ, կարող է միջազգային հանրութեան առջեւ յստակեցնել, որ Հայոց Ցեղասպանութեան հարցի նման ձեւաչափով քննութիւնը հակասում է մեր երկրի սահմանադրութեանը, ուստի նրա յետագայ քննարկումը հայ-թուրքական յարաբերութիւնների օրակարգից պէտք է տեղափոխւի միջազգային ատեաններ եւ պաշտօնական դիմում յղել միջազգային հանրութեանը՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու կոչով:
Երրորդ. Հայաստանը պէտք է մտածի Ղարաբաղեան բանակցային գործընթացի հանդէպ իր վերաբերմունքը հիմնարար վերանայման ենթարկելու մասին՝ առաջին պլան մղելով բոլոր հիմնահարցերի փաթեթային ու միաժամանակեայ կարգաւորման սկզբունքը:

0 Պատգամ: