Թագաւորական Փաստաբան.–
Մեծ Բրիտանիայի Կառավարութիւնը Հայոց Ցեղասպանութեան Հարցում Ապակողմնորոշում Է Խորհրդարանին


16:44 / 16.12.2009
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի (Անգլիայի) Լորդերի պալատում ներկայացւել է թագաւորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդեօ՞ք եղել է Հայոց Ցեղասպանությունը» զեկոյցը (իրաւական կարծիքը):
Հանդիպումը կազմակերպել էին Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրաւական նախաձեռնութեան հայկական խումբը, Ուելսի միջազգային յարաբերութիւնների կենտրոնը եւ «Նոր Սերունդ» հրատարակչութիւնը:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանութիւնից, հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի խորհրդարանից, Ֆորին Օֆիսից (բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչութիւնից) , մի շարք միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպութիւններից, Հայ համայնքից, ինչպէս նաեւ Լոնդոնի Հոլոքոսթի յիշատակի խորհրդից:
Հանդիպումը բացել է Միացեալ Թագաւորութիւնում ՀՀ դեսպան Վահէ Գաբրիէլեանը, ով մեծապէս կարեւորել է Ջեֆրի Ռոբերթսոնի նման հեղինակաւոր իրաւաբանի կողմից Հայոց Ցեղասպանութեանն անդրադառնալու հանգամանքը եւ նրա պատրաստած զեկոյցում արտացոլւած յստակ իրաւական գնահատականների ու անժխտելի որակումների փաստը:
Նա Միացեալ Թագաւորութեան նման երկրում Հայոց Ցեղասպանութեան չճանաչումը համարել է անընդունելի եւ վստահութիւն յայտնել, որ այս զեկոյցը կարեւոր դեր կունենայ իրավիճակը շտկելու գործում: Դեսպանը մասնաւորապէս անդրադարձել է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի պարագայում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման վերաբերեալ ՀՀ կառավարութեան անփոփոխ դիրքորոշմանը:
Իր հերթին Ջեֆրի Ռոբերտսոնը հաւաքւածներին հանգամանալից ներկայացրել է իր զեկոյցի նախապատմութիւնը, ինչպէս նաեւ զեկոյցում տեղ գտած հիմնական շեշտադրումները: Նա նշել է, որ համաձայնել է Հայոց Ցեղասպանութեան հարցի վերաբերեալ մասնագիտական իրաւական զեկոյց պատրաստել միայն այն պայմանով, որ դրանում տեղ են գտնելու ՄԹ կառավարութեան (հիմնականում Ֆորին օֆիսի) արխիւային փաստաթղթերի ուսումնասիրութեան արդիւնքում իր իսկ յայտնաբերած փաստերը եւ սեփական դատողութիւնները, եւ դրանց ներկայացման հարցում նա պէտք է ունենայ լիակատար անկախութիւն:
Ռոբերթսոնը շեշտել է, որ նախկինում որեւէ կերպով չի առնչւել ո՛չ հայկական, ո՛չ թուրքական խնդիրներին եւ զերծ է աւելորդ յուզականութիւնից` այդպիսով լինելով անկողմնակալ եւ կարեւորելով խնդրի բացառապէս իրաւական կողմը:
Իր խօսքում «Թագուհու խորհրդականի» տիտղոս ունեցող եւ մարդկութեան դէմ յանցանքների իրաւական հարցերի հեղինակաւոր մասնագէտի համբաւ ունեցող Ռոբերթսոնը մէկ անգամ եւս ՄԹ կառավարութեանը մեղադրեց Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեան համար բաւարար փաստեր չունենալու, ինչպէս նաեւ բրիտանական հանրութեանը մտածւած մոլորութեան մէջ գցելու մէջ:
Նա նշել է, որ եթէ այն դէպքերը, որոնք տեղի ունեցան Օսմանեան կայսրութիւնում 1915-1916թթ. կատարւէին այսօր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դրանք կը որակէր որպէս Ցեղասպանութիւն, քանի որ այդ երեւոյթի բոլոր բնորոշումները յստակ արտացոլւած են Ցեղասպանութեան կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում:
Նա աւելացրել է, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեան փաստը մերժելու համար ՄԹ կառավարութիւնր երբէք չի ունեցել եւ հիմա էլ չունի որեւէ իրաւական հիմք եւ այդ ժխտողականութիւնը պայմանաւորւած է բացառապէս քաղաքական, առեւտրական եւ ռազմավարական նկատառումներով: Նա հաւաքւածներին ներկայացրել է նաեւ Միացեալ Թագաւորութեան Ֆորին Օֆիսի արխիւային մի քանի նիւթեր, որոնցում յստակ երեւում է ՄԹ խորհրդարանին ապակողմնորոշելու քաղաքականութիւնը:
Ջ. Ռոբերթսոնը քննադատել է նաեւ ՄԹ խորհրդարանին, որը տասնամեակներ շարունակ չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը` հիմնւելով Ֆորին օֆիսի անհիմն կարծիքի վրայ, եւ երբէք բաւարար հետեւողականութիւն չի ցուցաբերել նոյն Ֆորին օֆիսից` ժխտողականութիւնը իրաւական տեսանկիւնից հիմնաւորող փաստերի պահանջման հարցում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: