ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱՒԱՅԱՋՈՐԴ

Սահմանադրագէտ Հրայր Թովմասեանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգերին, փաստեց, որ վաւերացման գործընթացները Հայաստանում եւ Թուրքիայում տարբեր են:
«Հայաստանի եւ Թուրքիայի ներպետական օրէնսդրութիւնները չեն կարգաւորում ընթացակարգերի ժամկէտները, չկայ պարտաւորութիւն, թէ ինչ ժամկէտներում դրանք պէտք է վաւերացւեն:
Թուրքիայի պարագայում արձանագրութիւնները ստորագրումից յետոյ նախնական սահմանադրական փուլ չեն անցնում:
Թուրքիայում արձանագրութիւնները գտնւում են Մէջլիսում, սակայն Հայաստանի պարագայում արձանագրութիւնները չեն կարող քննարկւել ԱԺ-ում, եթէ Սահմանադրական դատարանը չի արձանագրել, որ միջազգային պայմանագրով նախատեսւած պարտաւորութիւնները չեն հակասում ՀՀ սահմանադրութեանը:
Չկան նաեւ ժամկէտներ, թէ նախագահը ՍԴ-ի քննարկումից յետոյ արձանագրութիւնները երբ է ուղարկելու ԱԺ»:
Թէպետ վաւերացման առումով Թուրքիան աւելի առաջ է, քան հայկական կողմը, սակայն, ըստ իրաւաբանի, այս յապաղումը միջազգային հանրութեան աչքի առջեւ կարող է արդարացւել այն առումով, որ հայկական կողմը բազմիցս յայտարարել է, որ պատրաստ է ստորագրել արձանագրութիւնները: «Միջազգային հանրութիւնն ընկալում է, որ հայկական կողմը արհեստական խոչընդոտներ չի ստեղծում»:
Հրայր Թովմասեանը նկատում է, որ պարզ համադրման պարագայում հակասահմանադրականութիւն չկայ, բայց այն կարող է առաջանալ արձանագրութիւնների որոշ մեկնաբանութիւնների պարագայում, մասնաւորապէս, երբ պատմական յանձնաժողովում քննարկւի ցեղասպանութեան լինել չլինելու հարցը: «Եթէ յանձանաժողովը նման մանդատ ունի եւ նման գործելակերպ դրսեւորի, այս պարագայում կարող են առաջանալ հակասահամանադրական իրավիճակներ, բայց ոչ թէ բուն սահմանադրութեան տեքստի, այլ պրիամբուլայի միջոցով:
Եթէ անկախութեան հռչակագրում ասւած է, որ ցեղասպանութեան ճանաչումը միջազգային յարաբերութիւնների օրակարգում է, ապա կը բացառւի այդ յանձնաժողովում նման հարցի քննարկումը»: Երկրորդ խնդիրը կապւած է Ղարաբաղեան հարցի կարգաւորման հետ: Այս առումով Սահմանադրական դատարանը մեծ անելիքներ չունի, քանի որ միջազգային փորձն ասում է, որ երկու երկրներ չեն կարող երրորդ երկրի վերաբերեալ պայմանագիր կնքել:
«Կարծես թէ չի վնասի, որ Սահմանադրական դատարանը տողատակում արձանագրի, որ սոյն պայմանագիրը արձանագրւած է երկու երկրների միջեւ եւ չի կարող տարածւել երրորդ պետութեան վրայ: Սա կը նմանւի այն անեկդոտին, երբ ասում են` ուշադրութիւն, ժամը 12-ն է, իսկ հիմա՝ ապարանցիների համար՝ մեծ սլաքը փոքրի տակն է, ման չգաք: Իրականում ՍԴ-ն դա է անելու»:
Անդրադառնալով սահմանների ճանաչմանը, Հրայր Թովմասեանը ներկայացրեց միջազգային փորձը, որի համաձայն նոր պետութիւնները պայմանագրեր կնքում են «մաքուր թղթից»: «Սակայն այդ «մաքուր թուղթը» չի կարող վերաբերել սահմաններին: Ճանաչում են այն սահմանները, որոնք կային: Սահմանների հարցում Հայաստանը Կարսի պայմանագրի իրաւայաջորդ է»:
Սահմանադրագէտից ընդամէնը 2 օր է պահանջւել պարզելու, թէ Կարսի պայմանագրի կնքման ժամանակ հայկական կողմն ինչպիսի ելոյթներ է հնչեցրել:
«Չէի ցանկանայ, որ դրանք հրապարկւեն, ու թէ Կարսի պայմանագրի վաւերացման ժամանակ հայկական կողմը ինչ ելոյթներ է հնչեցրել: Ես՝ որպէս Հայ մարդ, ամաչում եմ այդ ելոյթների համար»:
Մարտավարական առումը հաշւի առնելով՝ Հրայր Թովմասեանը չցանկացաւ ասել, թէ Սահմանադրական դատարանը սահմանների ճանաչման առումով ինչ պէտք է անի:


ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«ԱԶԳ
»

0 Պատգամ: