Հարցազրոյց ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանի հետ


-Ձեր կարծիքով մօտ ապագայում շրջանակային համաձայնագիր կստորագրւի՞ Արցախի հարցում։
-Ես դժւարանում եմ կանխատեսումներ անել. ես չեմ տիրապետում այնքան ինֆորմացիայի, որ կարողանամ յստակ պատասխանել։
-Իսկ այս պահի բանակցային գործընթացն ինչպէ՞ս եք գնահատում։
-Կարծում եմ, որ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը պէտք է լուրջ վերափոխում ապրեն առաջին հերթին բովանդակային առումով, այսինքն՝ առանց Արցախի խորանալ մադրիդեան կամ ուրիշ սկզբունքների մէջ, այլևս ճիշտ չէ, բովանդակային առումով՝ մադրիդեան սկզբունքների շտկումը փոխադարձ զիջումները համարժէք և միաժամանակեայ, համաժամանակեայ դարձնելու առումով։
Երկրորդ՝ ձևի իմաստով։ Այս իմաստով մեր մասնակցութիւնը պէտք է փոփոխութիւն կրի, որովհետև երբ բանակցութիւնների իւրաքանչիւր փուլի նախորդում է Ալիևի ռազմատենչ յայտարարութիւնը, պատերազմի սպառնալիքը և շանտաժը, միջազգային հանրութեան, հասարակական կարծիքի մէջ թէև կեղծ, բայց ստացւում է այն տպաւորութիւնը, որ Հայաստանն այս բանակցութիւններին ինչ-որ մտրակի տակ, ադրբեջանական սպառնալիքի ներքոյ է մասնակցում։ Եւ ուրեմն, Հայաստանի հետագայ բոլոր զիջումները՝ արդարացւած, թէ չարդարացւած, վերագրւելու են վախին, այդ շանտաժին ու սպառնալիքին։
Ուրեմն, թէ՛ բովանդակային, թէ՛ ձևի մէջ փոփոխութիւններ է պէտք արձանագրել և արագ։
-Չէ՞ք կարծում, որ այս պահին Թուրքիան փորձում է ակտիւանալ հայ-ադրբեջանական բանակցութիւններում։ Դա ինչի՞ հետևանք է։
-Ինչպէս և մենք կանխատեսում էինք, դա հետևանք է արտաքին սխալ քաղաքականութեան ամենա–անյաջող դրսևորման՝ հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման։ Ակնյայտ է, որ այդ արձանագրութիւնների նախաստորագրումից և յատկապէս ստորագրումից յետոյ Թուրքիայի ձայնն արցախեան հարցի կարգաւորման մէջ աւելի ու աւելի հնչեղ է դառնում։ Այդ արձանագրութիւնների ստորագրումով է, որ մենք Թուրքիային թոյլ ենք տւել այդպիսի ակտիւացում։
-Միջազգային տարբեր կառոյցներ ողջունում են հայ-թուրքական յարաբերութիւններն այն հիմնաւորմամբ, որ դրանք կարող են արագացնել արցախեան հարցի կարգաւորումը։
-Սա հէնց Ձեր նախորդ հարցի շարունակութիւնն է, որովհետև, կամայ թէ ակամայ, ստացւում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները և արցախեան հարցը փոխկապակցւում են իրար, այնինչ դրանք չպէտք է փոխկապակցւած լինէին։ Հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման այն ձևը, որն ընտրւած է, կարող է նպաստել արցախեան հարցի աւելի արագ, բայց բնավ ոչ հայանպաստ լուծմանը։




Զրոյցը վարեց
Սիւզի Մելքոնեանը

0 Պատգամ: