ՀՅԴ –ն Մասնակցում է Եւրոպայի
Ընկերվարականների Համագումարին

ԵՐԵՒԱՆ.- ՀՅԴ Մամլոյ դիւանից ստացել ենք հետեւեալ հաղորդագրութիւնը.Չեխիայի մայրաքաղաք Պրագայում, Դեկտեմբերի 7-8ին, գումարւեց Եւրոպական ընկերվարականների կուսակցութեան (ԵԸԿ/PES) 8րդ համագումարը, անդամ կուսակցութիւնների աւելի քան 1500 պատգամաւորների, եւրոխորհրդարանի պատգամաւորների, եւրոպական պետութիւնների կառավարութիւնների անդամ նախարարների, ինչպէս նաեւ գաղափարակից կուսակցութիւնների ներկայացուցիչների եւ ԵԸԿի գործիչների մասնակցութեամբ։
Հրաւիրւած գաղափարակից կուսակցութիւնների շարքում էր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որը ներկայացւած էր ՀՅԴ Հայաստանի երագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանի կողմից։
Համագումարը գումարւում է հինգ տարին առնւազն երկու անգամ, ճշտում է կուսակցութեան քաղաքականութիւնը, կատարում կանոնագրի փոփոխութիւններ, որոշումներ կայացնում կուսակցութիւնների անդամակցութեան կարգավիճակի մասին եւ ընտրում կուսակցութեան նախագահ։
2009թ. Յունիսին կայացած Եւրոխորհրդարանի ընտրութիւններին յաջորդած այս համագումարը քննարկեց 21րդ դարում Եւրոպական Ձախի քաղաքական-գաղափարական մարտահրաւէրները։Համագումարը կուսակցութեան նախագահ վերընտրեց Դանիայի նախկին վարչապետ Փուլ Նայրուբ Ռազմուսէնին (Poul Nyrup Rasmussen), ով առաջին անգամ այդ պաշտօնին ընտրւել էր 2004թ.ի համագումարում։
ՀՅԴ պատւիրակութեան անդամները բազմաթիւ հանդիպումներ են ունեցել տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ, ներկայացրել կուսակցութեան տեսակէտները տարբեր խնդիրների վերաբերեալ, յատկապէս ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան գործունէութեան ուղենիշները, եւ քննարկել համագործակցութեան հնարաւորութիւնները։
Մի շարք կուսակցութիւնների հետ եղել են յստակ պայմանաւորուածութիւններ։Համագումարից յետոյ, Արմէն Ռուստամեանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ, իսկ Մարիօ Նալբանդեանը՝ Մոսկւա։Ա. Ռուստամեանի աշխատանքային ծրագրին մաս է կազմում քաղաքական հանդիպումներ Վաշինգտոնում։
Մոսկւայում, Մարիօ Նալբանդեանը՝ որպէս Ընկերվար միջազգայնականի (սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովի տարածաշրջանային յանձնախմբի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանի ընկերակցութեամբ, հանդիպումներ կունենայ յատկապէս Արդար Ռուսաստան կուսակցութեան եւ պետական, քաղաքական եւ լրատւական այլ շրջանակների հետ։
0 Պատգամ:
Post a Comment