«ԵԹԷ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՒԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ,
ԱՊԱ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԷՍԸ ԿԸ ՃԱՆԱՉԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ»



«Երկուշաբթի օրը Սպիտակ տանը ընդունելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրեց նրան:
Նա հասկացրեց, որ եթէ Թուրքիայի ազգային մեծ ժողովը չը հաստատի Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնները, ապա ԱՄՆ Կոնգրէսը կարող է Հայոց ցեղասպանութեան ճանաչման որոշում ընդունել:
Դրան իսկոյն արձագանքեց վարչապետ Էրդողանը: Ընդ որում, երբ Օբաման այդ մասին արտայայտւում էր Սպիտակ տանը փակ դռների հետեւում, Էրդողանը նրան պատասխանեց մամուլի ներկայացուցիչների առջեւ «Գերման Մարշալի» հիմնադրամում ունեցած ելոյթի ժամանակ:
Թէեւ նա բացայայտօրեն չյիշատակեց Հայկական հարցի մասին, սակայն ակնյայտ էր Էրդողանի հաղորդած եւ չհաղորդած ազդանշանների հասցէատէրը, որը դեռեւս մէկ օր առաջ Թուրքիայի հետ «ռազմավարական գործակցութիւնը» «տիպական գործակցութեան» մակարդակի բարձրացնող նախագահ Օբաման էր: Էրդողանն իր ելոյթն սկսեց հետեւեալ խօսքերով. «Տիպական գործակցութիւնը, որ երկու երկրների համերաշխութեան առումով աւելի քան բարձր է ռազմավարական գործակցութիւնից, ինքնըստինքեան պարտաւորութիւններ է ենթադրում...»:
Էրդողանի այս խօսքերին յաջորդող հետեւեալ նախադասութիւնն էլ Սպիտակ տանը հասցէագրւած ազդանշաններ էին. «Անհրաժեշտ է թուրք-ամերիկեան համագործակցութեանը մօտենալ երկարաժամկէտ հեռանկարի տեսանկիւնից եւ վճռականօրէն դիմագրաւել ներքաղաքական հաշւարկների, տարաբնոյթ լոբբիների ու շահադիտական խմբաւորումների պատճառած ճնշումներին, ինչպէս նաեւ դժւարութիւններին, նախքան կեանքի կոչւելը կանխել բացասական նախաձեռնութիւնները...»:
Այս վերին աստիճանի դիւանագիտական խօսքերի պարզաբանումը հետեւեալն է. վարչապետը «ներքաղաքական հաշւարկներ» ասելով նկատի ունի յաջորդ տարւայ նոյեմբերին ԱՄՆ-ում նշանակւած ընտրութիւնները, որոնց արդիւնքում Կոնգրէսի անդամների 1/3-ը փոխարինւելու են նորերով: Ներկայ պահին Կոնգրէսում մեծամասնութիւն են կազմում Օբամայի կուսակցութեան՝ դեմոկրատների ներկայացուցիչները: Օբամային երկրում արդէն սկսել են նախընտրական խոստումները չկատարելու մէջ մեղադրել:
Օբաման վախենում է, որ պաշտօնավարման վերջին երկու տարիներին ստիպւած կլինի աշխատել այն Կոնգրէսի հետ, որտեղ մեծամասնութիւն կը կազմի մրցակից Հանրապետական կուսակցութիւնը: Այդ իսկ պատճառով էլ Հայկական հարցը կարող է շահարկման «նիւթ» դառնալ Կոնգրէսի առաջիկայ տարւայ ընտրութիւններում: Հէնց այդ մասին է ակնարկում վարչապետ Էրդողանի «ներքաղաքական հաշւարկներ» արտայայտութիւնը: Ամէնեւին դժւար չէ կռահել, թէ նա «տարաբնոյթ լոբբիների» մասին արտայայտւելիս ում նկատի ունի: Ի վերջոյ, ԱՄՆ-ում գործում է հայկական հզօր լոբբիինգ:
Կարճ ասած, Էրդողանը կոչ է անում Օբամային ներքաղաքական հաշւարկներով տեղի չտալ լոբբիներին եւ հետամուտ լինել այն «տիպական գործակցութեանը», որը նա հաստատել է Թուրքիայի հետ, որովհետեւ ԱՄՆ-ի Կոնգրէսի հայանպաստ ամէն մի որոշում կնշանակի դեռեւս չհասունացած՝ ձախողման դատապարտել «տիպական գործակցութեան» կոնցեպցիան, երբ աննախադէպ բարձրանում է ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների մակարդակը:

Յ. Չ
.«ԱԶԳ»

0 Պատգամ: