Շուշի Համայնքը Լեռնային Ղարաբաղում


Շուշիի շրջան Ընդհանուր տւեալներ
Մակերես 30 կմ²
Բնակչութիւն (2005) 3.191[1] (-/կմ²)
Բարձրութիւն 1300-1600 մ
Հեռախոսային կոդ (+374) 477
Հիմնադրվել է 1752 թ.
Շուշի բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարւում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպէս Արցախի, այնպէս էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կեանքում։ Աւերւել է և հայաթափւել է 1920-ին, ազատագրւել է 1992 թւականին։ Ներկայումս Շուշին յայտարարւած է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնւում է։
Դիրքը
Շուշին գտնւում է Ստեփանակերտից ընդհամենը 10 կմ հարաւ, A 317 մայրուղու վրայ, որը Ստեփանակերտը կապում է Գորիս քաղաքի հետ։ Քաղաքը հիմնւած է շրջապատի վրայ իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրայ, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ։ Բերդաքաղաքը ունի կարևոր ռազմական նշանակութիւն։
Կլիման
Կլիման չափաւոր, առողջարանային է։ Յունւարին միջին ջերմաստիճանը +2,9 է, Ապրիլին՝ +7,4, Յուլիսին՝ +18,9, Նոյեմբերին՝ +4,7°C։ Նւոազագոյն գրանցւած ջերմաստիճանը եղել է -19,5°C։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 640 մմ։
Պատմութիւն

Շուշին եղել է բնական անմատչելի ամրոց Արցախ նահանգի Վարանդա գաւառում։ Քաղաքի մօտ կան հնադարեան գերեզամանատեղիներ, պեղւել են 9-12-րդ դարերի հայկական խաչքարեր և խեցեղեն։ 18-րդ դարի կէսին Վարանդայի իշխան Մելիք-Շահնազար Բ-ն, դաւաճանելով Արցախի մելիքութիւնների միութեանը, այն յանձնել է Ջևանշեր քոչւոր ցեղի առաջնորդ Փանահ Ալի խանին, որը հաստատւելով այստեղ հիմնել է բերդաւան։ Արցախի մելիքները երկար ժամանակ արիւնայեղ մարտեր են մղել զաւթիչ խանի դէմ մինչև Ռուսական տիրապետութեան շրջանը։ Ռուս-պարսկական պատերազմների շրջանում Շուշին պաշարւել է պարսկական բանակի կողմից, սակայն հերոսական դիմադրութիւն է ցոյց տւել։
1828-ից յետոյ Շուշին ապրել է ծաղկման շրջան, դառնալով կարևոր մշակութային և արհեստագործական կենտրոն։ Առևտրական կապեր է ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի և եւրոպական երկրների հետ։ 19-րդ դարի վերջին 60.000 բնակչութեամբ Թիֆլիսից յետոյ Անդրկովկասի երկրորդ քաղաքն էր ։ Մեծամասնութիւն կազմող հայերից բացի բնակւում էին նաև կովկասեան թաթարներ (ադրբեջանցիներ) և ռուսներ։
1918-1920 թթ. Ղարաբաղի Ժողովրդական Կառավարութեան նստավայրն էր։ 1920-ի մարտի 22-ի գիշերը թուրք զօրավար Նուրի Փաշայի և Խոսրով Սուլթանովի գլխաւորութեամբ ադրբեջանական բանակը աւերել են քաղաքի հայկական մասը, այդ թւում շուրջ 7.000 շինութիւն, և կոտորել հայ բնակչութեանը։ 1923 թ. նոր մայրաքաղաք է յայտարարւել Ստեփանակերտը, իսկ Շուշին այլևս չի վերականգնւել։ Խորհրդային շրջանում այն գրեթէ բացառապէս ադրբեջանցիներով բնակեցւած մի քաղաք էր ԼՂԻՄ-ում։
Արցախեան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործւել է որպէս ռազմական յենակէտ։ 1991-1992 թթ. Շուշիից ինտենսիւ գնդակոծման է ենթարկւել Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր, որին զոհ են գնացել հարիւրաւոր մարդիկ։ 1992 թ. մայիսի 6-ին ազատագրւել է Արցախի բանակի կողմից։
Ներկայ դրութեամբ Շուշիում բնակւում է շուրջ 3.000 Հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից։ Քաղաքը պատերազմից զգալիօրէն վնասւել է։ 2007 թ. Յունիսի 11-ին ստեղծւել է քաղաքի նոր յատակագիծը։ Նախատեսւում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպէս Արցախի մշակութային կենտրոն։

**Լուսանկար– Մայիսի 6-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական Տ-72 տանկը, այժմ Շուշիի ազատագրման յուշարձանն է հանդիսանում։

0 Պատգամ: