Լեզւակռիւ Ազգային Ժողովի դահլիճում


10:31 • 08.04.10
Խորհրդարանում երէկ վիճաբանութիւն եղաւ Աժ պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանի և Աժ նախագահ Յովիկ Աբրահամեանի միջև։
Առիթն այն էր, որ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմաւորման մասին» օրէնքի նախագծի քննարկման ընթացքում Պետական եկամուտների կոմիտէի փոխնախագահ Արմէն Ալավերդեանը «Ժառանգութեան» պատգամաւորների հարցերին պատասխանելիս ասաց. «Ի՞նչ էք իրար խառնւել»: «ժառանգութեան» հասցէին իշխանութեան ներկայացուցիչներն աւելի կոշտ արտայայտութիւններ էլ են անում այս դահլիճում, և մնում անարձագանք այլ պատգամաւորների կողմից։ Սակայն այս անգամ Վիկտոր Դալլաքեանը պատասխանեց՝ Արմէն Ալավերդեանին կոչ անելով չմոռանալ, թէ որտեղ է գտնւում. «Մենք չենք խառնւել, էդ դո՛ւ ես խառնւել իրար։ Բա էդ ի՞նչ խօսալու ձև է։ Արմէն Ալավերդեանը նկատեց. «Կարծում եմ՝ հնարաւոր է էդ անձնական պահերը օգտագործել ուրիշ տեղ, բայց ոչ դահլիճում»: Վիկտոր Դալլաքեանը տեղից շարունակում էր արձագանքել, ինչի առնչութեամբ Աժ նախագահ Յովիկ Աբրահամեանն ասաց, «Եթէ այստեղ ինչ-որ մարդիկ կան, որ իրենց շնորհքն ու համարձակութիւնն են ցոյց տալիս էս դահլիճում կամ փորձում են ինչ-որ ծառայութիւններ մատուցել որոշ մարդկանց՝ ես գտնում եմ, որ ճիշտ տեղը չեն ընտրել։ Եւ բոլորին հրաւիրում եմ կոռեկտ պահւածքի ԱԺ-ի դահլիճում։ Եթէ հարցեր ունէք՝ կարող ենք հանդիպել»: Պատգամաւորը տեղից բացականչեց. «Դո՛ւ ես ծառայութիւն մատուցում»։ Աժ նախագահը դիտողութիւն արեց. «Պարոն Դալլաքեան, որ դու խօսում էիր, ես չէի խանգարում»։ Վիկտոր Դալլաքեանը հակադարձեց. «Ոչ մէկը չի խանգարում»։ Յովիկ Աբրահամեանն արդէն բղաւեց. «Դէ ընդհանրապէս դու չես կարայ ոչ մէկին խանգարես։ Դէ ուրեմն՝ հանգիստ Ձեր տեղը նստէք»։ Վիկտոր Դալլաքեանն այս միջադէպի առնչութեամբ «Աոաւօտին» ասաց. «ԱԺ նախագահը նիստը վարողը չէր։ Նիստը վարում էր Սամվել Նիկոյեանը։ Եւ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ միայն նիստը վարողն իրաւունք ունի միջամտել՝ եթէ խնդիր կայ։ Յովիկ Աբրահամեանը դիտողութիւն անելու իրաւունք չունէր»։




Tert.am

0 Պատգամ: