Դաւութօղլու.–
Կարեւոր է, որ հայերը եւ թուրքերը ամէն տեղ միասին լինեն

11:25 / 02.04.2010

Թրքական Zaman-ի փոխանցմամբ` Դաւութօղլուն անդրադառնալով ԱՄՆ-ից յետ կանչւած Նամըք Թանի Վաշինգտոն վերադարձին, նշել է, որ դա պարզ կլինի առաջիկայ օրերին:
Դաւութօղլուն նշել է, որ իրենց անհանգստութիւնը անցողիկ է, քանի որ իրենց սպասումներին համապատասխան ուղերձները ԱՄՆ-ից շատանում են:
Դաւութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ վերջին հեռախօսազրոյցը նկարագրել է օգտակար եւ կառուցողական: «Քլինթոնի հետ հեռախօսազրոյցում հնարաւորութիւն ունեցայ ներկայացնելու Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան յարաբերութիւններում առկայ զարգացումները, դրանցում Թուրքիայի սպասումներն ու անհանգստութիւնները: Քլինթոնը կարեւորել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ԱՄՆ-ում միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի մասնակցութիւնը: Քննարկւել է թուրք-ամերիկեան ռազմավարական համագործակցութիւնը, նաեւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի կենսունակութիւնը պահպանելով՝ Կովկասում մնայուն խաղաղութիւն ապահովելու վերաբերեալ հարցերը: Ես կարծում եմ, որ վերջին շաբաթների զարգացումներից յետոյ աւելի լաւատես կարող ենք լինել: Առաջիկայ օրերում այդ խնդիրների վերաբերեալ մեր ջանքերը կաւելանան եւ այդ ուղղութեամբ որոշումներ ենք կայացնելու: Վարչապետի հետ կրկին խորհրդակցելուց յետոյ մեր որոշումները կը յայտնենք»,-նշել է Դաւութօղլուն:
Լրագրողի հարցին՝ եթէ Էրդողանը ԱՄՆ մեկնի` Դաւութօղլուն նրա հե՞տ է լինելու, եւ արդեօ՞ք նախատեսւում է ԱՄՆ-ում հայկական Սփիւռքի հետ հանդիպում, Դաւութօղլուն պատասխանել է, որ ԱՄՆ գնալու դէպքում` Էրդողանի հետ միասին են մեկնելու, իսկ Սփիւռքի հետ հանդիպումը պարտադիր չէ անմիջապէս այս այցի ընթացքում իրականացնել:
Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորումից բացի, կարեւոր է, որ թուրքերը հայերի հետ ամէն տեղ միասին կարողանան լինել, կարողանան խօսել: Այս տեսակէտից կարեւոր է Սփիւռքի հետ հանդիպումը: Սրանք առաջիկայում քննարկւելիք սկզբունքներ են",-ամփոփել է Թուրքիայի ԱԳ նախարարը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: