Լեզւի սայթաքո՞ւմ, թէ՞ պատասխան Բաքւին
16:42 • 17.04.10
Վաշինգտոնեան հանդիպումներից յետոյ Բաքուն ամէնատարբեր մակարդակներով սկսել է բացայայտօրէն դժգոհել Մինսկի խմբի գործունեութիւնից՝ մեղադրելով նրան Հայաստանի օգտին կողմնակալութիւն դրսևորելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած միջնորդական ջանքերում Թուրքիայի շահերն անտեսելու համար։

Աւելի ուշ Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական–քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մասնաւորեցրեց, որ իրենք դժգոհ են կոնկրէտ ԱՄՆ–ի, որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դիրքորոշումից։
«Միացեալ Նահանգները յաճախ միակողմանի դիրք է գրաւում՝ սատարելով Հայաստանին։ Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պահպանել չեզոք դիրքորոշում»,- նշեց Հասանովը՝ դժգոհելով, որ Վաշինգտոնը չի փորձում համոզել Հայաստանին հրաժարւել Ղարաբաղեան հարցում իր քաղաքականութիւնից։
Աւելի ուշ Հասանովը Reuters գործակալութեանը տւած հարցազրոյցում սպառնաց, որ Բաքուն կարող է վերանայել իր յարաբերութիւնները Վաշինգտոնի հետ։
«Միացեալ Նահանգները Ադրբեջանի ռազմավարական գործընկերոջ քաղաքականութիւն չի իրականացնում, այդ պատճառով էլ չի բացառւում, որ մենք վերանայենք մեր քաղաքականութիւնը Միացեալ Նահանգների նկատմամբ»,– նշեց նա։
Ադրբեջանական կողմի սպառնալիքներին Վաշինգտոնը թեև ուղղակիօրէն չպատասխանեց, սակայն ԱՄՆ պետքարտուղարի օգնական ֆիլիպ Քրոուլին Վաշինգտոնում բաւական հետաքրքիր յայտարարութիւն արեց։
«Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին վերաբերող մինսկեան գործընթացին»,- յայտարարեց նա՝ կամայ թէ ակամայ Լեռնային Ղարաբաղը դիտարկելով որպէս բանակցային գործընթացի կողմ։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment