Նոր գինու և հին տիկերի մասին
Արա Պապեան
Սարգսեանի և Էրդողանի Վաշինգտոն այցից յետոյ (12-13 Ապրիլի, 2010թ.) վերջնականապէս պարզ դարձաւ, որ թուրք-հայկական արձանագրութիւնները մեռած են:
Մենք՝ հայերս, մի լաւ խօսք ունենք. «մեռած այ, թաղած չի»: Հէնց այս բառերով էլ կարելի է բնութագրել չարաբաստիկ արձանագրութիւնների վիճակը: Այսուհանդերձ, եթէ մէկն ասի, որ այդ արձանագրութիւններն ի սկզբանէ մեռելածին էին, ես չեմ առարկի: Բա հիմա ի՞նչ անենք: Ես կարծում եմ, որ կարիք կայ ոչ միայն արմատապէս փոխելու մեր արտաքին քաղաքականութիւնը, այլև կենսական անհրաժեշտութիւն է վերարժևորել դրա հիմքերը ինքնին գործողութեան քաղաքականութիւնը պէտք է փոխարինւի վերջնարդիւնքի քաղաքականութեամբ: Ի՞նչ է սա նշանակում իրական քաղաքականութեան մէջ: Սա նշանակում է Հայաստանի հանրապետութեան անվտանգութեան եւ բարօրութեան համար բաւարար կարելիութիւնների ստեղծում: Այսինքն՝ Հայաստանի և հայերի նկատմամբ իրականացւած բոլոր սխալների շտկում: Մենք ուրիշ այլընտրանք չունենք: Սա է այն միակ ուղին, որով մենք մեր տեղը կարող ենք ապահովել գլխակորոյս առաջ ընթացող աշխարհում: Մենք այլևս կիսատ-պռատ գործեր անելու ժամանակի ճոխութիւնը չունենք: Ճիշդ ուղղութեամբ առաջին քայլն արւած է: Նախագահ Սարգսեանի այցն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի դամբարանին մեծ խորհուրդ ունի: Թէև դեռեւս բազում են անորոշութիւնները, սակայն արդէն մի բան պարզից էլ պարզ է. Այլևս հնարաւոր չէ Հայ-թրքական յարաբերութիւններում ունենալ այն կիսաքուն վիճակը, որ ունէինք մինչև արձանագրութիւնները: Ներկայումս մենք ունենք էապէս տարբեր իրավիճակ եւ որակապէս նոր մարտահրաւէրներ: Հետեւաբար մենք պէտք է գործենք ըստ այդմ: Մենք միանգամայն նոր արտաքին քաղաքականութեան կարիքն ունենք: Չէ որ ասւած է. «Եւ ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս (Աւետարան ըստ Մարկոսի, 2.22)»։ Հայկական հարցի լուծումն է Հայոց պետականութեան հզօրացման եզակի հնարաւորութիւնը և Հայ ժողովրդի յարատևման միակ ուղին:
Արա Պապեան,
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
0 Պատգամ:
Post a Comment