«Հայ մէկ զինւորը հաւասար է տասը ադրբեջանցի զինւորի»



14:55 • 03.04.10
Ադրբեջանը հասկացել է և գիտակցում է, որ եթէ հիմա սկսի պատերազմ, այն տանուլ կտայ։
Այս գիտակցումը պայմանաւորւած է ադրբեջանական բանակի թոյլ լինելու հանգամանքով։ Այս մասին «Կապիտալ» օրաթերթի հետ հարցազրոյցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Ռիչարդ Կիրակոսեանը:
Ըստ նրա, սակայն, վտանգաւոր է այն, որ ինչ-որ փոքր իրադարձութիւն կարող է շատ արագ դառնալ լուրջ խնդիր և դուրս գալ վերահսկողութիւնից, և այս պարագայում դարձեալ վտանգը գալիս է ադրբեջանական կողմից։ «Եթէ փորձենք բացատրել Ադրբեջանի ագրէսիայի պատճառը, պիտի ենթադրենք, որ այն կա՛մ ներքին քաղաքական խնդիրներն են, կա՛մ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կասեցնելը, աւելի ստոյգ՝ սպանելը։ Այսինքն՝ շատ հաւանական է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման միակ խոչընդոտը Ադրբեջանը համարի պատերազմը և անցնի գործողութիւնների»,- ասել է փորձագէտը։
Ըստ Կիրակոսեանի, Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ բանակ ունեցողն է, աւելին` հայկական բանակը պաշտպանական է, ոչ թէ յարձակւողական։ Բացի այդ, փաստ է, որ Հայաստանը օգնում և նպաստում է տարածաշրջանի կայունութեանը։ Փաստ է նաև, որ Ադրբեջանն այսօր իր յայտարարութիւններով սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ցանկացած գործողութիւն մարտահրաւէր է` ուղղւած տարածաշրջանային կայունութեանը։
Քաղաքագէտը նշել է, որ նոյնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործընթացը չի կարողանում փոխել Ադրբեջանի դիրքորոշումը, և, ցաւօք, պաշտօնական Բաքուն շարունակում է մնալ իր հին դիրքորոշմանը, այսինքն՝ շարունակում է մտածել, որ կարող է հարցերը լուծել ուժի կիրառման ճանապարհով։
«Մինսկի խմբի և աշխարհի ուշադրութիւնը պէտք է սևեռել այս հանգամանքի վրայ և բարձրաձայնել, որ պատերազմի վտանգ է գալիս Ադրբեջանից։Մի քանի տարի առաջ` մարտին, ադրբեջանական բանակը կարծես փորձութեան ենթարկեց հայկական բանակին։ Հիմա գալիս է ամառ, և մենք պէտք է պատրաստ լինենք և սպասենք դիպուկահարների յարձակումների յաճախակիացմանը»,- ասել է փորձագէտը։Ըստ Ռ.Կիրակոսեանի Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հաւասարակշռութիւնն ապագայում կարող է փոխւել, և 8-10 տարի յետոյ Ադրբեջանը կարող է ունենալ աւելի ուժեղ բանակ, սակայն դա կարող է իրական լինել, եթէ հէնց հիմա Ադրբեջանը սկսի ռազմական բարեփոխումները իր չափից շատ կոռումպացւած բանակում։ Սակայն առ այսօր, նրա դիտարկմամբ, նման բարեփոխումներ կամ բարեփոխումների ցանկութիւն ադրբեջանական բանակում չկան։
«Հայկական բանակն այս առումով ունի բացարձակ առաւելութիւններ։ Հայաստանի համար կայ ևս մէկ առաւելութիւն. Ադրբեջանն իր ռազմավարութիւնը կառուցում է պատերազմական հին տրամաբանութեամբ։ Այսինքն՝ այսօր պատերազմներն այլևս կախւած չեն քանակից, այսօր չափազանց կարևոր է որակը և պատրաստւածութիւնը, մի բան, որն Ադրբեջանը չունի։ Հայկական բանակն այսօր ընթանում է արդիականացման և պրոֆեսիոնալիզացման ճանապարհով։ Այսպիսով` Հայաստանը նայում է առաջ, իսկ Ադրբեջանը՝ յետ»,- ասել է նա։
«Ցանկացած փոքր յարձակում Հայաստանի կամ Ղարաբաղի վրայ կարժանանայ աւելի մեծ և լուրջ պատասխանի։ Սա Հայաստանի պաշտպանական դոկտրինն է։Եթէ տեսականօրէն քննարկենք Ադրբեջանի ռազմական գործողութիւնները, ապա մէկ կամ երկու օր նա կարող է յաջողութիւններ ունենալ, սակայն դրան շատ արագ կը յաջորդի հայկական բանակի շատ աւելի ուժեղ պատասխան յարձակումը։ Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանւածութիւնն այնքան ուժեղ է, որ պատերազմի վերսկսման դէպքում ադրբեջանցի տասը զինւորի կամ տասը ռազմական խմբին բաւարար է հայ մէկ զինւոր կամ հայկական մէկ ռազմական խումբ։ Հայաստանի առաւելութիւնը Ադրբեջանի նկատմամբ մէկը տասի յարաբերութեամբ ։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ Ադրբեջանը դեռ ի վիճակի չէ յարձակւել Հայաստանի վրայ և յաղթել։ Նա կարող է յարձակւել, բայց յաղթել հաստատապէս չի կարող»,- ասել է փորձագէտը։
Նա յաւելել է, որ պատերազմի անհրաժեշտութիւն չկայ, սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանի առաջնորդները հիմնականում կայացնում են ոչ տրամաբանական ու ոչ բանական որոշումներ։

Tert.am

0 Պատգամ: