Ղարաբաղում կտեղակայւեն ռուսական, իսկ Նախիջևանում` թուրքական զօրքեր


10:51 • 14.06.10
Ադրբեջանի ռազմական նոր հայեցակարգի ընդունումը կապւած է Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման, մասնաւորապէս, հակամարտութեան գօտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարի հետ: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է ադրբեջանական Zerkalo պարբերականը, յայտարարել է Ադրբեջանի «Ռազմական լրագրողներ» հասարակական կազմակերպութեան ղեկավար, ռազմական փորձագէտ Ուզեիր Ջաֆարովը:
Ջաֆարովի խօսքով` Լեռնային Ղարաբաղի յարակից շրջաններում կարող են տեղակայւել ռուսական կամ թուրքական զօրքեր:
«Սակայն դատելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի` ռուսաստանեան այցերի յաճախակիութիւնից` կարելի է ասել, որ, ամենայն հաւանականութեամբ, այդ տարածքներում կտեղակայւեն ռուսական զօրքեր»,- ասել է ադրբեջանցի փորձագէտը:
Միևնոյն ժամանակ, Ուզեիր Ջաֆարովը չի բացառել թուրքական զօրքերի տեղակայումը Նախիջևանում:
«Չի բացառւում, որ ընդունւած հայեցակարգի համաձայն` թուրքական զօրքեր տեղակայւեն Նախիջևանում Կարսի պայմանագրի շրջանակում, որը նախատեսում է Թուրքիայի ռազմական միջամտութիւնն այդ տարածաշրջանում անվտանգութեան սպառնալիքի դէպքում»,- նշել է փորձագէտը:
Ջաֆարովը յայտարարել է նաև, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում հնարաւոր են զարգացումներ արդէն այս տարւայ օգոստոսին:
«Այժմ մենք նկատում ենք ակտիւութիւն այդ գործընթացում: Ադրբեջանի պաշտպանութեան նախարարն այս տարի արդէն երկրորդ այցն է կատարել Մոսկւա: Իսկ դա ցոյց է տալիս, որ մենք հիմա գտնւում ենք Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գագաթնակէտում»,- ասել է փորձագէտ Ջաֆարովը:

Tert.am
*** Լուսանկարում՝ Թուրք զինեալների աչքերի առջեւ, ադրբեջանցի բանակայինները ջարդում, գետը նետում եւ տեղափոխում են հայկական Նախիջեւանում Հին Ջուղայի Խաչքարերն ու շիրմաքարերը։– Անհերքելի ապացոյց... Վ.

0 Պատգամ: