Ֆուտբոլային բոլոր ճանապարհներն այսօր ՀԱՀ են տանում


Այսօր երեկոյեան ժամը 19:00-ին (17.30–ին՝ Թեհրան) Հարաւաֆրիկեան Հանրապետութեան մայրաքաղաք Եոհաննեսբուրգում ՀԱՀ-ի և Մեքսիկայի ֆուտբոլային հաւաքականների հանդիպմամբ կմեկնարկի աշխարհի ֆուտբոլի 19-րդ առաջնութիւնը:
ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատտերի հետևողական ջանքերի շնորհիւ այն առաջին անգամ է կազմակերպւում աֆրիկեան մայրցամաքում և մասնակիցների կազմով խոստանում է լինել ամենաուժեղ մրցաշարերից մէկը Մունդիալի ողջ պատմութեան մէջ: Ի տարբերութիւն նախորդ առաջնութիւնների, այս անգամ ՀԱՀ են եկել այն բոլոր հաւաքականները, որոնք ժամանակին նւաճել են աշխարհի գաւաթը:
Հարավաֆրիկեան Հանրապետութիւն է ժամանել 32 թիմ: Ոմանց համար արդէն իսկ մեծ պատիւ ու հեղինակութիւն է համաշխարհային ֆուտբոլի կարևորագոյն ստուգատեսում հանդէս գալը, իսկ ոմանք էլ կը փորձեն հասնել եզրափակիչ և յաղթել յուլիսի 11-ին 88 հազար երկրպագու տեղաւորող «Սոկկեր Սիթի» մարզադաշտում կայանալիք վճռորոշ խաղում:
Այս առաջնութիւնը պատմական կարող է դառնալ ոչ միայն այն փաստով, որ առաջին անգամ է կազմակերպւում Աֆրիկաեում: Բացառւած չէ, որ յուլիսի 11-ին ֆուտբոլային աշխարհն իմանայ նոր չեմպիոնի մասին: Ինչպէս երբէք, յաղթելու մեծ հնարաւորութիւններ ունեն այն թիմերը, որոնց առայժմ չի յաջողւել նւաճել աշխարհի գաւաթը: Խօսքն առաջին հերթին իսպանական ընտրանու մասին է, որն արդէն լուծել է «քառորդ եզրափակչի կախարդանքի» խնդիրը, նւաճել է Եւրոպայի չեմպիոնի կոչումը և իր կազմով, մտքի ու գործողութիւնների արագութեամբ կարող է յաւակնել` գրոհելու համաշխարհային ֆուտբոլի բարձունքը: Հնարաւորութիւններ ունեն նաև հոլանդացիները, ինչպէս նաև պորտուգալացիները` աննման Քրիստիանու Ռոնալդուի գլխաւորութեամբ:
Չեմպիոնի կոչմանը Եւրոպայից կարող են յաւակնել նաև գործող չեմպիոնների կարգավիճակում Հարաւաֆրիկեան Հանրապետութիւն մեկնած իտալացիները: Անգլիացիները 44 տարի անց կրկին գաւաթը բարձրացնելու պատւին արժանանալու համար հրաւիրել են թանկարժէք մարզչի` Ֆաբիո Կապելլոյին, ում ղեկավարութեամբ թիմն արդէն վստահօրէն է անցել ընտրական փուլը: Մնում է ամենակարևորը` խաղով ցուցադրել, որ խաղի ու արդիւնքների կայունութիւնը ֆուտբոլի հայրենիքում անլուծելի խնդիր չէ:
Վերևում չխօսեցինք գերմանացիների ու ֆրանսիացիների մասին, բայց դա չի նշանակում, որ նրանք այս անգամ պէտք է բաւարարւեն սոսկ աշխարհի առաջնութեանը մասնակցութեան փաստով: Ցանկացած խոշոր մրցաշարում նրանք, նոյնիսկ ի հեճուկս յոռէտեսական կանխատեսումների, սովորաբար շատ երկար են մնում: Նրանց թեկնածութիւնները չի կարելի չքննարկել ֆաւորիտների շարքում: Բայց զարմանալի մի փաստ կայ, որին նոյնպէս չանդրադառնալ չենք կարող. եւրոպական հաւաքականներն աշխարհի չեմպիոնի կոչումը նւաճել են միայն այն առաջնութիւններում, որոնք անցկացւել են հէնց Եւրոպայում: Արդեօք առաջիկայ մրցաշարն այդ առումով բացառութիւն կդառնա՞յ, թէ կգործի տասնամեակներով հաստատւած օրինաչափութիւնը…
Լատինական Ամերիկայի երկրների թիմերը նոյնպէս պէտք է ձգտեն իրենց համար նոր մայրցամաք յայտնաբերել, իսկ Աֆրիկան, իհարկէ, աւելի շատ յարմար է եւրոպական հաւաքականներին թեկուզ միայն ժամանակային տարբերութիւնների բացակայութեան պատճառով: Բայց ՀԱՀ-ի կլիման շատ մօտ է արգենտինականին, որտեղ նոյնպես ձմեռ է սկսւում` թեկուզ առանց մինուսային ջերմաստիճանի: Իսկ Արգենտինայի հաւաքականն արդէն 24 տարի աշխարհի չեմպիոն չի եղել: Այդ թիմը, թւում է, աշխարհում լաւագոյն յարձակողական կազմն ունի, ներառեալ` մոլորակի լաւագոյն ֆուտբոլիստ Լիոնէլ Մեսսին: Սակայն այդ թիմի գլխին չար կատակ կարող է խաղալ այն, որ մարզիչը Դիէգօ Մարադոնան է: Մարդ, ով, խարիզմայից բացի, մարզչական ոչինչ չունի: Բոլորը միաբերան պնդում են, որ եթէ Արգենտինայի ընտրանուն չյաջողւի արժանանալ յաղթողի կոչմանը, դա կարող է տեղի ունենալ միայն Մարադոնայի պատճառով: Իսկ եթէ, այնուամենայնիւ, Արգենտինայի հաւաքականը չեմպիոն հռչակւի, աշխարհը կտեսնի մերկ Դիեգոյին` Բուէնոս Այրէսի խորհրդանիշ Օբելիսկի շուրջ վազելիս:
Դա կխօսի նաև այն մասին, որ այսուհետ աշխարհի առաջնութիւններում կարելի է յաղթել նոյնիսկ միայն այն մարզիչներով, ովքեր յաղթելու ցանկութիւն ունեն և չեն կարող համեմատւել մարտավարութեան ու ռազմավարութեան հսկաների հետ: Ի դէպ, նման խնդիրներով Արգենտինայի հաւաքականում զբաղւում է Կառլոս Բիլարդոն: Աւելացնենք, որ Մարադոնայի կարգի մարզիչները յաղթում էին անցեալ դարի կէսերին, բայց այնուհետև սխեմաները փակեցին ֆուտբոլը:
Բրազիլիայի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Դունդան Մարադոնայի պէս ուժեղ ճնշման տակ է յայտնւել: Միայն մէկ տարբերութիւն կայ այստեղ. Մարադոնային Արգենտինայում բոլորը, առանց բացառութեան, պաշտում են, իսկ Դունգային նրա հայրենիքում հնարաւոր անյաջողութիւնը կարող են չներել: Բրազիլիայի 1994 թ. Հաւաքականի աւագը, այնուամենայնիւ, իր երկրում այնպիսի խորհրդանիշ չէ, ինչպիսին Արգենտինայում դարձրել են Մարադոնային:
Մասնագէտներն այն կարծիքին են, որ Բրազիլիայի հաւաքականը երբէք այսքան կազմակերպւած չի եղել: Եւ դա` այն դէպքում, որ այդ ընտրանին այս անգամ չի կարող հպարտանալ համաշխարհային մեծութեան աստղերի առկայութեամբ: Խօսքը յատկապէս յարձակման գծի մասին է, որտեղ հարւածային ֆուտբոլիստներն են Լուիս Ֆաբիանոն և Ռոբինիօն: Նրանց հանդէպ ողջ յարգանքով հանդերձ` պէտք է ընդունենք, որ այդ խաղացողները ոչ Ռոնալդօ են և ոչ էլ Ռոմարիօ, էլ չենք խօսում Փէլլէի ու Գարինչայի ժամանակների մասին:
Աշխարհագրական պատճառներով շատերն սպասում են, որ այս աշխարհի առաջնութիւնում ճեղքում կարող են իրականացնել աֆրիկեան հաւաքականները: Բայց այդ յոյսերը կարող են ապարդիւն լինել: Առաջին` վերջին տասնամեակում աֆրիկեան մայրցամաքի ուժեղագոյն թիմը` Եգիպտոսի ընտրանին, չի յայտնւել եզրափակիչ փուլում` լրացուցիչ խաղում ուղեգիրը զիջելով Ալժիրի հաւաքականին: Իսկ այդ թիմից սպասելիքները նոյնքան են, որքան նոյն խմբում յայտնւած Սլովենիայի հաւաքականից: Երկրորդ` աֆրիկացիները չեն կարող շեշտը դնել կլիմայի վրայ: Կոտ Դ’Իվուարի և Կամերունի ֆուտբոլիստները Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում յունիսին իրենց անյարմարաւէտ կզգան: Երրորդ` Գանայի ու Նիգերիայի հաւաքականներն արդէն կորցրել են իրենց առաջատարներին` Էսսյենին ու Միկելին:
Աֆրիկեան թիմերից որևէ մէկը, իհարկէ, կարող է կրկնել Կամերունի և Սենեգալի ընտրանիների նախկին սխրանքները և հասնել քառորդ եզրափակիչ: Աւելին սպասել չարժէ…
Աւելացնենք, որ Ժոհաննեսբուրգի արւարձաններից մէկում ՖԻՖԱ-ի նախաձեռնութեամբ տօնական համերգ է տեղի ունեցել` նւիրւած այսօր մեկնարկելիք աշխարհի առաջնութեանը: Միջոցառմանը մասնակցել են աֆրիկեան և համաշխարհային երաժշտութեան աստղերը, ինչպէս նաև անցեալում յայտնի շատ ֆուտբոլիստներ: Համերգը եզրափակել է հանրայայտ Շակիրան` կատարելով մրցաշարի պաշտօնական «Waka Waka» երգը:
ԱՅՍՕՐ, 09:37
Aysor.am

0 Պատգամ: