ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Թուրքիան հատուցելու է. նաւատորմով թէ՛ առանց նաւատորմի...
Միջերկրական ծովի ազատ գօտում դէպի պաղեստինեան շրջափակւած Գազա հատւած ուղղութիւն վերցրած «Ազատութիւն» նաւատորմի դէմ իսրայէլական ոտնձգութիւնը եւ մարդկային կեանքերի գնով մարդասիրական օգնութիւնների կանխումը, ըստ ամենայնի, դատապարտելի են, ինչպէս որ միջազգային հանրային կարծիքը արդէն 3-րդ անընդմէջ օրը լինելով՝ նման կեցւածք որդեգրեց:Հետաքրքիրը, սակայն, այդ թոհուբոհում Թուրքիայի քարոզչական մեքենայութիւններն են, որոնք միտում ունեն նոյն հանրային միտքն ու կարծիքը «հունաւորել» յօգուտ սեփական՝ ներքին ու արտաքին քաղաքական թէ միջազգային-տարածաշրջանային վերջին ժամանակաշրջանում նկատելիօրէն շրջադարձ ենթադրող նպատակներին: Այլ խօսքով՝ Թուրքիան հէնց անցեալ տարւայ «Դաւոսեան մենամարտ»-ից (Էրդողան-Պերէզ դիմառնութիւն) սկսեալ իր լոկ մարտավարական «հակաիսրայէլական» նկրտումները բարձրաձայնելով՝ միտել է թէկուզ ժամանակաւորապէս, բայց տպաւորութիւն ստեղծել առաջին հերթին արաբական եւ իսլամական երկրների մօտ, որ ինքն վերջիններից առաւել՝ «պապից աւելի կաթոլիկ»՝ պաշտպանում ու կարեկցում է Պաղեստինեան դատին ու իրաւազուրկ Պաղեստինի ժողովրդին: Զաւեշտալին, սակայն, կայանում է նրանում, որ Թուրքիան իր այդ «պաղեստինամէտ» կեցւածքները փորձում է մատուցել այնպէս, կարծես թէ՝ հէնց վերջին ժամանակներում է միջազգային հարթակ յայտնւել պաղեստինեան դատն ու ազատագրական պայքարը:Նոյն համաշխարհային հանրային կարծիքը քաջ գիտի, թէ վերջին 60 տարիների երկայնքում նոյն Թուրքիան իր յաջորդական վարչակարգերով հանդերձ՝ ռազմավարական-դաշնակցային ի՜նչ կարգի յարաբերութիւններով է շաղկապւած եղել Իսրայէլի հետ՝ նոյն Իսլամական ու Արաբական աշխարհին թիկունքից հարւածելու գնով...Հիմա, այո, Թուրքիայի Էրդողան-Դաւութօղլուական վարչակազմը, իրենց իսկ բարձրաձայնած կոչերով, ակունքներին՝ օսմանիզմին վերադառնալու դոկտրին են մշակել եւ երազո՜ւմ են ղեկավարել Իսլ. աշխարհը: Բայց, կրկին ո՞վ չգիտի հէնց օսմանա-սիոնիստական գաղափարական սերտակցութիւնների մասին, դեռեւս նախքան Իսրայէլ անւամբ երկրի ստեղծումը, որի ձեւաւորման հէնց ակունքներում են եղել նոյն օսմանական ու թուրանական գաղափարախօսները:Ահաւասիկ, Թուրքիան այսօր Իսրայէլին մեղադրելու շղարշի ներքոյ հետապնդում է մէկ այլ նպատակ եւս, որն ուղղակի հայոց արդար պահանջատիրութիւնն նսեմացնելու միտում է ենթադրում: Այսպէս՝ հէնց երէկ լատինամերիկեան երկրներ այցելութիւնը կիսատ թողնելով ու Անկարա վերադարձած վարչապետ Էրդողանը թուրքական մեջլիսում «յաղթական» դիմաւորման կոչերով ուղեկցւում է դէպի ամբիոն ու այդտեղից գոռում-գոչում է թէ՝ արգենտինեան այցի բեկանման պատճառը նոյնինքն տեղի հայ համայնքն էր, որն արգենտինեան ղեկավարներին (ինչպէս եւ շատ ուրիշ երկրների) մոլորեցրել էին Հայոց Ցեղասպանութեամբ եւ որ նոյն հայերը արգելք հանդիսացան, որպէսզի Աթաթուրքի կիսանդրին տեղակայւի Բուէնոս Այրեսի հրապարակներից մէկում: ... «Սփիւռքահայերն են, որ խոչընդոտում են ինչպէս թուրք-արգենտինական եւ յատկապէս Հայաստան-Թուրքիա կապերի ու յարաբերութիւնների բարելաւման...», - ամփոփել է պրն. Էրդողանը, - երեւի մտքում ու ենթագիտակցութեան մէջ մեծ հրճւանք ապրելով առ այն, որ յաչս աշխարհի՝ Թուրքիան հանդիսացաւ շրջափակւած ու ընչազուրկ Ղազային օգնող առաջամարտիկը... ուստիեւ՝ էլ ի՞նչ հայերի ցեղասպանութիւն...Թուրքական սադրանքը կարելի է սեպել ժամանակավրէպ քարոզչական յաղթանակ, քանզի յաչս միեւնոյն աշխարհի՝ - Եթէ Իսրայէլը շրջափակւած է պահում Ղազան, Թուրքիան էլ աւելի քան 15 տարի շրջափակւած է պահում Հայաստանը:- Եթէ Իսրայէլը ոտնահարում է պաղեստինեան ամենատարրական իրաւունքները, ապա Թուրքիան էլ իր իսկ չարաբաստիկ «301-օրէնքով»՝ նահատակում է Հրանտ Դինքին ու իր իսկ քաղաքացիներ՝ Փամուքին ու Աքչամներին մահւան սպառնալիքի ենթակայ է պահում.- Եւ վերջապէս, եթէ Իսրայէլը մի օր անխուսափելիօրէն հատուցելու է պաղեստինեան իրաւատէր ժողովրդին (վերջնիս արդար պահանջատիրութեան եւ ոչ՝ Թուրքիայի նման լարախաղաց ու սադրիչ երկրների ղեկավարների շնորհիւ), ապաեւ՝ նոյնկերպ իր սեւ պատմութիւնն ուրացող ու միջազգային ընտանիքին ապակողմնորոշել փորձող Թուրքիան էլ «նաւատորմով թէ՛ առանց նաւատորմերի» չի կարող խուսափել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հայ ժողովրդին հատուցում կատարելու պատասխանատւութիւնից:
0 Պատգամ:
Post a Comment