Բուլղարիայում բացւել է Հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսեանի ցուցահանդէսը


Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ` «Հայկական մշակոյթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատօնի շրջանակներում Յունիսի 1-ին Բուլղարիայի մշակոյթի նախարարութեան «Սրեդեց» սրահում տեղի ունեցաւ ժամանակակից Հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսեանի անհատական ցուցահանդէսը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ներկայացնելով Հայ գեղանկարչին` դեսպան Մանասարեանը նշել է, թէ ցուցասրահում ներկայացւած նմուշների միջոցով այս օրերին բուլղար արւեստասէր հանրութիւնը հնարաւորութիւն կունենայ ծանօթանալու բուլղարաբնակ Հայ գեղանկարչի աշխատանքներին, որոնք երկու ժողովուրդների բարեկամութեան եւ մշակութային ընդհանրութեան եւս մի վառ ապացոյց են:
Նկարչին ուղղւած ողջոյնի խօսքով հանդէս է եկել նաեւ Բուլղարիայի մշակոյթի փոխնախարար Դիմիտր Դէրելիեւը։ Իր ելոյթում փոխնախարարը նշել է, որ Արշակ Ներսիսեանի գործերը մշակութային նոր կամուրջ են Բուլղարիայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ։
Ցուցահանդէսի բացմանը ներկայ են եղել Բուլղարիայի պատգամաւորներ, ԱԳՆ, մշակոյթի եւ գիտութեան ու կրթութեան նախարարութիւնների ներկայացուցիչներ, Բուլղարիայում հաւատարմագրւած դեսպաններ, դիւանագէտներ, լրագրողներ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: