ՍՈՑԻՆՏԵՐՆ -
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի
ողջոյնի խօսքը՝
Ընկերվար միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովեան երկրների յանձնախմբի բացման նիստում

(Երեւան, 2010 թ. յունիսի 11)
Բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ Երեւան, համայն հայութեան հայրենիք Հայաստանի մայրաքաղաք:Մեզ համար ուրախութիւն է բոլորիդ ողջունել այստեղ, որովհետեւ որպէս գաղափարական նոյն մեծ ընտանիքի անդամներ՝ մենք միասնաբար շատ անելիքներ ունենք մեր տարածաշրջանում եւ համոզւած եմ՝ այստեղ մեր համախմբւելը ինքնին այդ անելիքների յաջողութեանը կը նպաստի:
Ընկերվար միջազգայնականի տարածաշրջանային այս յանձնախմբի ժողովը Երեւանում գումարելու որոշումը աւելի քան հինգ տարիների վաղեմութիւն ունի, սակայն այդ որոշման գործադրութիւնը հանդիպում էր տարբեր խոչընդոտների: Այսօր այս ժողովի գումարումը Երեւանում նշանակում է, որ այդ խոչընդոտները մեծաւ մասամբ յաղթահարւել են, իսկ դրա մէջ մեծ է դերակատարութիւնը Ընկերվար միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիզ Այալայի, որի ջանքերի համար յայտնում եմ մեր երախտագիտութիւնը:Մինչեւ մէկ-երկու ժամ առաջ, այս ժողովի կարեւոր յատկանիշերից էր լինելու մեր հարեւաններից երկուսից՝ Վրաստանից եւ Ադրբեջանից կուսակցութիւնների մասնակցութիւնը:
Դժբախտաբար, վերջին պահին, ցարդ անյայտ պատճառներով, Ադրբեջանի պատւիրակը Երեւան չի ժամանել*) : Ճիշտ է, մենք Ադրբեջանի հետ գտնւում ենք դեռեւս չկարգաւորւած հակամարտութեան մէջ, սակայն դա չպէտք է պատճառ լինի, որ մենք՝ գաղափարական նոյն ընտանիքի անդամներս, իրար հետ չխօսենք. ընդհակառակը՝ արդարութեան համար պայքարող կուսակցութիւնների երկխօսութիւնը միայն կարող է նպաստել հակամարտութեան կարգաւորմանը:
Այս ակնկալիքով էլ ողջունելու էինք Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան փոխնախագահի մասնակցութիւնը այս ժողովին: Բայց, անհասկանալի պատճառներով՝ դրա հնարաւորութիւնը չունենք:Վրաստանի հետ մեր կուսակցութեան պատմութիւնը սերտօրէն է առնչւած. ի վերջոյ, 120 տարի առաջ մեր կուսակցութիւնը այդտեղ՝ Թբիլիսիում է հիմնադրւած, իսկ 1918 թ. մայիսի 28-ին մեր պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան հռչակումն էլ կատարւել է այնտեղ:
Սակայն, միշտ չէ, որ մեր յարաբերութիւնները եղել են հեշտ ու հաշտ, ինչն իր հետքն է թողել մեր յարաբերութիւնների վրայ, առկայ են փոխադարձ անվստահութեան երեւոյթներ: Սակայն, յանուն մեր երկու ժողովուրդների եւ պետութիւնների շահերի՝ մենք այդ երեւոյթները պէտք է յաղթահարենք եւ դա կարող ենք անել միայն երկխօսութեամբ. այս յոյսով եմ ողջունում Վրաստանի Աշխատաւորական եւ Սոցիալ դեմոկրատական զարգացման կուսակցութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը այս ժողովին:
Անշուշտ, մենք կը ցանկանայինք այստեղ տեսնել նաեւ Թուրքիայում արդարութեան համար պայքարող կուսակցութիւնների ներկայացուցիչների, ինչը, կարծում ենք, տեղի կունենայ առաջիկայում:Բոլորիդ ներկայութիւնը ողջունելով եւ մասնակցութիւնը կարեւորելով հանդերձ՝ թոյլ տւէք յատուկ անդրադառնամ մի շարք կուսակցութիւնների ներկայութեանը:
«Արդար Ռուսաստան» կուսակցութեան հետ մենք ունենք միջկուսակցական համագործակցութեան պայմանագիր, ինչը համոզւած եմ՝ իր նպաստը կը բերի նաեւ միջպետական յարաբերութիւնների զարգացմանը:Շւեդիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնը վերջին ամիսներում յատուկ դերակատարութիւն ունեցաւ հայկական հարցերի հետ կապւած. նախ՝ մարտի 11-ին, երբ Շւեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց Ցեղասպանութեան փաստը. ժամանակին մենք հաստատել ենք, որ առանց Շւեդիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան նպաստաւոր դիրքորոշմանը, խորհրդարանը նման որոշում չէր կայացնի:
Երկրորդ՝ մարտի 25-26-ը Շւեդիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան նեկայացուցիչը մասնակցեց մեր կազմակերպած խորհրդաժողովին՝ «Սոցիալիստական մօտեցումներ՝ Հայաստանի մարտահրաւէրներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողութիւններ» թեմայով: Պարզ է, որ Շւեդիայի սոցիալ դեմոկրատական փորձից մենք ե՛ւ որպէս կուսակցութիւն, ե՛ւ որպէս պետութիւն շատ բան ունենք ուսանելի, բայց այդ մասին աւելի ակտիւ կաշխատենք Շւեդիայում առաջիկայ ընտրութիւններից յետոյ, որտեղ մաղթում ենք յաղթանակ՝ մեր գործընկերներին:Ուզում եմ յատուկ ջերմութեամբ ողջունել Պաղեստինի «Ֆաթհ» կուսակցութեան ներկայացուցչի մասնակցութիւնը այստեղ:
Վերջին ամիսներում եւ յատկապէս վերջին շաբաթներում որոշ շրջանակներ փորձում են սեպ խրել հայ եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ, փորձում են հակասութիւն սերմանել նոյնանման ճակատագիր ունեցող մեր երկու ժողովուրդների միջեւ: 17 տարի Հայաստանը շրջափակման ենթարկողները երբ խօսում են այլոց կողմից շրջափակման դէմ, երբ սպառնում են երկրից արտաքսել անպաշտպան մարդկանց, չի կարելի անտեսել այս շրջանակների անազնիւ, երեսպաշտ եւ շահախնդիր կեցւածքը: Կան նաեւ այլ ուժեր, ովքեր ելնելով պահի քաղաքական իրավիճակից՝ փորձում են քաղաքական առեւտուրի առարկայ դարձնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը: Բարեբախտաբար, երկու կողմում էլ կան զգօնութեան եւ խոհեմութեան կոչ անողներ եւ մենք այդ ուժերի հետ համագործակցաբար՝ կը յաղթահարենք նաեւ ներկայ դժւարութիւնները:
Այս տեսանկիւնից խիստ կարեւոր ենք գնահատում Պաղեստինի ներկայացուցչի մասնակցութիւնը այս ժողովին:Յունաստանից, Գերմանիայից եւ Եւրոպական սոցիալիստների կուսակցութիւնից ներկայացուցիչների մասնակցութիւնը կարեւոր ենք համարում որպէս այդ կուսակցութիւնների հետ մեր համագործակցութեան խորացման անհրաժեշտ հնարաւորութիւններ:Օրակարգի համապատասխան բաժնում աւելի մանրամասն կանդրադառնանք Հայաստանի սոցիալ, տնտեսական եւ քաղաքական խնդիրներին եւ այդ խնդիրներին մեր սոցիալիստական լուծումներ առաջարկելու ճիգին:
Այստեղ ուզում եմ շեշտել մէկ հանգամանք. Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սոցիալիստական կուսակցութիւն է իր հիմնադրութեան առաջին օրւանից, երբ իր նպատակն էր Օսմանեան կայսրութեան մէջ արեւմտահայութեան ազատագրումը: Այսինքն՝ Դաշնակցութեան համար հիմնականը եղել է կեղեքման դէմ եւ արդարութեան համար պայքարը: Իսկ մեր պատմութիւնը վկայում է այն մասին, որ յաճախ կեղեքողը եղել է օտար իշխանութիւն, որն իր նպատակների իրագործման համար նոյնիսկ ցեղասպանութիւն է գործել: Սա է պատճառը, որ արդարութեան համար մեր պայքարը ունեցել է եւ ունի նաեւ ազգային նկարագիր: Սակայն, Դաշնակցութեան համար «մերժելի է ազգային բացառիկութեան ամէն գաղափար եւ ազգայնամոլութեան ամէն երեւոյթ՝ որպէս մարդկային հասարակութեան բնականոն զարգացումն արգելակող դրսեւորումներ» (ՀՅԴ Ծրագիր, 1998):
Այսօր, մեր սեփական անկախ պետութիւնում, մենք շարունակում ենք մեր պայքարը՝ կեղեքման դէմ եւ արդարութեան համար, այլ խօսքով՝ սոցիալիստական սկզբունքների վրայ: «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հաւատում է, որ ընկերվարութեան իդէալը անիրականանալի է՝ առանց ժողովրդավարութեան, իսկ ժողովրդավարութիւնը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարութեան» (ՀՅԴ Ծրագիր, 1998): Մեր տարածաշրջանում, որտեղ սոցիալիզմն ունի հին արմատներ, բայց տասնամեակներ նաեւ՝ ձեւախեղւած փորձ, այսօր մեծ են հնարաւորութիւնները իսկական սոցիալիզմի սկզբունքների հիման վրայ աշխատելու:
Նման հնարաւորութիւն եւ անհրաժեշտութիւն կայ թէ՛ իւրաքանչիւր պետութեան ներսում, եւ թէ՛ միջպետական յարաբերութիւններում: Այստեղ մեծ է համագործակցութեան կարիքը՝ թէ՛ տարածաշրջանի, եւ թէ՛ տարածաշրջանից դուրս գործող կուսակցութիւնների միջեւ՝ փորձի փոխանակման եւ փոխադարձ վստահութեան վերականգնման նպատակներով: Մենք այս նպատակով հիմնադրել ենք «Հրայր Մարուխեան» հիմնադրամը, որի ծրագրերի յաջողութեան համար ապաւինելու ենք բոլորիդ համագործակցութեանը:Պարզ է, որ Ընկերվար միջազգայնականը Միաւորւած ազգերի կազմակերպութիւն կամ միջազգային անվտանգութեան այլ կառոյց չէ:
Ընկերվար միջազգայնականն ունի իւրայատուկ դերակատարութիւն՝ համախմբելու, համագործակցութեան հնարաւորութիւններ ստեղծելու գաղափարական նոյն ընտանիքին պատկանող, քաղաքական երբեմն հակադիր կեցւածքներով քաղաքական ուժերի, կուսակցութիւնների միջեւ: Այս իմաստով էլ այս ժողովին մաղթում ենք արդիւնաւէտ աշխատանք:
Բարի էք եկել բոլորդ:

*)
- Այս խօսքից յետոյ, օրւայ երկրորդ կէսում, Ադրբեջանի պատւիրակը ժամանեց Հայաստան:

3 Պատգամ:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Մանուշ said...

Յարգելի պրն. Դավթեան
Ես քանի օր առաջ պատգամ էի թողել ձեզ բայց դուք քանի ժամ յետոյ մաքրեցիք։ Ինչու չէք յարգում ձեր այցելուների տեսակէտները։ Իմ խօսքը եւ հարցումը նորից եմ կրկնում։ Ձեր ընկերները սարսափելի խօսքեր են ասում ձեր մասին, որոնց ես չեմ կարող հաւատալ որովհետեւ 30 տարի աւել է որ ձեզ ճանաչում եմ, ու գիտեմ այս կուսակցութեան համար ինչքան նեղութիւններ էք քաշել ու զրկանքներ էք կրել։ Ես չեմ իմանում ինչ է պատահե՞լ որ հիմա նրանցից որոշները էդպիսի սխալ ու սուտ լուրեր են տարածում ձր մասին ու ասում են որ դուք շեղւել էք Դաշնակցութեան ճանապարհից։ Ես կարող եմ նշել այնպիսի մարդկանց անունները որոնք իսկականից են շեղւել ճիշտ ճանապարհից, բայց ձեզ երբէք ես չեմ կարող Դաշնակցական չհամարել։ Ու ինչքան շատ եմ այցելում ձեր վեբլագը աւելի շատ եմ համոզւում որ դուք ճիշտ էք ու նրանք սխալ։ Իմ համար ուղղակի զարմանալի է որ նրանք ոչ մէկը չեն յիշում ձեր անցեալն ու կրած զրկանքները որ դեռ շարունակւում է։ Հաստատ ու ամուր կացէք, ձեր ընկերները .......մէջ ձեր կողին են, թէեւ որոշները վախից ցոյց չեն տալիս։

Հայկ said...

Յարգելի Մանուշ դուք շատ ճիշտ էք.ես պրն. Դաւթեանին մօտկից ճանաչելով երկրորդում եմ ձեր ասածը որ նշել էիք 30 տարուց աւել է, որ ոչ թէ կուսակցութեան, այլ հայ ազգի համար բազմաթիւ նեղութիւններ է քաշել եւ յանուն իր ազգի՝ անգամ իր ընտանիքը զրկւեց շատ բաներից։ Բայց դժբախտաբար այս բոլորից յետոյ իր գաղափարակից «ընկերները» (եթէ կարելի է ընկեր անւանել)ամենակոպիտ եւ դաժան ձեւով անարդար եղան նրա հանդէպ։ Բայց միգուցէ ասենք բարեբախտաբար, որովհետեւ այսպիսով մարդ իր «ընկեր»–ներին աւելի լաւ է ճանաչում։ Միւս կողմից պիտի աւելացնեմ , որ ովքեր աւելի սարսափելի սուտեր են փչում նրանք աւելի շատ են մխրճւած յանցանքների մէջ եւ իրենց արդարացնելու համար ամէն կեղտոտ միջոցների կը դիմեն։ Բայց ի վերջոյ պատասխան կը տան իրենց անարդար եւ անվայել կեցւածքի համար։