Միշա Ալոյեան.–
«Իմ նպատակը Եւրոպայի չեմպիոն դառնալն է»

Միլանում անցած տարի կայացած աշխարհի բռնցքամարտի առաջնութեան բրոնզէ մրցանակակիր, Ռուսաստանի դրօշի տակ 51 կգ քաշային կարգում հանդէս եկող Միշա Ալոյեանը sportbox.ru-ի թղթակցի հետ զրոյցում խօսել է Մոսկւայում ընթացող Եւրոպայի առաջնութիւնում իր խնդիրների մասին:
- Իմ նպատակն է յաղթել Եւրոպայի առաջնութիւնում,- ասել է Ալոյեանը:- Ես շատ ուրախ եմ, որ կարողացայ յաղթահարել հոգեբանական բարդ վիճակը, որն առաջացել էր անցեալ տարւայ աշխարհի առաջնութիւնից յետոյ: Սկզբում թւում էր, թէ ինձ դա չի յաջողւի, և վախը կմնայ: Սակայն յետոյ փոխեցի մարզումային գործընթացը, և ամէն ինչ այլ կերպ ստացւեց: Պարտութիւնը ստիպեց ինձ փոխել նաև խաղաոճը և մարտավարութիւնը: Ռուսաստանի առաջնութիւնում արդէն այլ կերպ էի մենամարտում:
- Ի՞նչ է փոխւել մարզումային գործընթացում:
- Ձգտում եմ ռինգում աշխատելիս աւելի կայուն լինել և մենամարտի ընթացքում չիջեցնել ձեռքերը:
- Իսկ մարզիչը նախկինում դրանց ուշադրութիւն դարձրե՞լ է:
- Այո, բայց նախկինում նա ինձ վստահում էր, իսկ յետոյ նկատեց, որ ես խաղով տարւելիս հարւածներ եմ բաց թողնում: Աշխարհի առաջնութիւնը վերջին կաթիլն էր…
- Ինչպէ՞ս վերականգնեցիր հոգեբանական մարզավիճակը:
- Աստիճանաբար: Մարզիչս ու թիմի ղեկավարութիւնը խնդրին ըմբռնումով էին մօտենում: Ինձ շատ օգնեց նաև ընկերուհիս: Հետաքրքիր է, գրեթէ բոլորը յիշում են, որ ես երրորդ տեղ եմ գրաւել, իսկ ես միայն պարտութիւնն եմ յիշում: Անկեղծ ասած` այդ մարտի տեսագրութիւնը միայն մէկ անգամ եմ դիտել: Այլևս չեմ կարող և չեմ ուզում վերյիշել:
- Հաւաքականում հոգեբան է աշխատում: Նրան դիմե՞լ ես:
- Ոչ: Որոշեցի ինքնուրոյն լուծել բոլոր խնդիրները: Աւելի ուշ` մէկ ամիս յետոյ, դիմեցի մեր իրաւաբանական քոլեջի հոգեբանին` հասկանալու համար պարտութեան պատճառները:
- Իսկ ի՞նչ պարզւեց:
- Միլանում ես յաղթեցի առաջին երկու ռաունդում և մտքով արդէն եզրափակչում էի: Երկնքից երկիր իջայ միայն զգուշացում ստանալուց յետոյ: Բայց արդէն ուշ էր: Մենամարտի աւարտին 18 վայրկեան էր մնում: Ուստի աշխարհի առաջնութիւնից յետոյ բոլոր ուժերս ներդրել էի հոգեբանական և զգացմունքային վիճակի վերականգնման, ինչպէս նաև այն բանի համար, որ այսուհետ մարտում չկորցնեմ գլուխս:
- Արդէն երրորդ տարին է` հաւաքականում ես: Զգո՞ւմ ես, որ ամրապնդւել ես թիմի կազմում, թէ՞ մրցակցութիւնը դեռ բարձր է:
- Առաջին հերթին զգում եմ բնութեան մրցակցութիւնը: Ամէն ինչ կարող է պատահել: Իսկ Եւրոպայի առաջնութիւնից յետոյ կմեկնարկի Ռուսաստանի առաջնութիւնը: Դա վճռորոշ մրցաշար կլինի, որից յետոյ կոնկրէտ ինչ-որ բան կարող եմ ասել: Իսկ հիմա կաշխատեմ արդարացնել մարզչիս սպասելիքները` յաղթելով Եւրոպայի առաջնութիւնում:
- Հաւաքների ընթացքում ինչո՞վ ես զբաղւում ազատ ժամանակ:
- Շատ եմ սիրում կարդալ, յատկապէս` հոգեբանութեան և ենթագիտակցութեան վերաբերեալ նիւթեր: Միշտ ինձ հետ գրքեր եմ վերցնում: Ընթերցանութիւնը հանգստացնում է ինձ:
- Եւրոպայի առաջնութեան կազմակերպումը Մոսկւայում աւելացնո՞ւմ է հոգեբանական լարւածութիւնը:
- Ոչ, ընդհակառակը: Դահլիճում մեր մարզասէրն է և կերկրպագի մեզ: Բայց թուլանալ չարժէ: Միշտ պէտք է ձգտել յաղթանակի:
- Պրոֆէսիոնալ բռնցքամարտին յետևո՞ւմ ես:
- Այո, մի քիչ: Վերջին ժամանակներս` շատ աւելի քիչ, քանի որ իմ սիրելի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերը գործնականում հեռացել է սպորտից:

05.06.2010, 15:47
Aysor.am

0 Պատգամ: