Հրապարակւել են ադրբեջանական ներխուժման հետևանքով նահատակւած հայ զինւորների անունները


«ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը հերթական անգամ Բաքւին յիշեցնում և նախազգուշացնում է, որ ադրբեջանական կողմի՝ ԼՂՀ անվտանգութեանը սպառնացող և շփման գօտում իրադրութեան ապակայունացմամբ յղի ամէն մի գործողութեան այսուհետ ևս կտրւի համարժէք պատասխան»


16:20 • 21.06.10
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակը հրապարակել է յունիսի 18-ին ադրբեջանական ներխուժման հետևանքով նահատակւած ու վիրաւորւած Հայ զինւորների անունները։
Հաղորդագրութիւնում նշւում է, որ յունիսի 18-ին, ժամը 23։30-ի սահմաններում Ադրբեջանի զինեալ ուժերի յատուկ նշանակութեան ջոկատայինները հատելով Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարևելեան հատւածը, գրոհել են Չայլու գիւղի մերձակայ ուղղութեամբ տեղակայւած Պաշտպանական Բանակի դիրքերից մէկը: Նախայարձակ հակառակորդի շուրջ երկու տասնեակ զինւորներից կազմւած հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինւած ուժերի վերոնշեալ ուղղութեան ստորաբաժանումների կողմից ձեռնարկւած օպերատիւ գործողութիւնների արդիւնքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թէժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև Ղարաբաղեան կողմը. արիաբար զոհւել են`

- կրտս. սերժանտ Գասպարեան Մնացական Ռոբերտի,
- շարք. Բարսեղեան Արայիկ Սևակի,
- շարք. Մանուկեան Էդւարդ Սուրէնի,
- շարք. Մելքոնեան Պարոյր Արարատի:

Վիրաւորւել են`
- կրտս. սերժանտ Մատթէոսեան Գարիկ Եուրիկի,
- շարք. Բադասեան Գալուստ Գարիկի,
- շարք. Արզումանեան Անդրանիկ Վալերիի,
- շարք. Մեսրոպեան Յարութիւն Վարուժանի:

Ինչպէս նշւում է հաղորդագրութիւնում, յատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադէպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնութեամբ անցկացւած եռակողմ հանդիպումից ընդամէնը մէկ օր յետոյ, որտեղ ի դէպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամութիւնն էր յայտնել շարունակել հակամարտութեան կարգաւորման խաղաղ ճանապարհը:
Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողութիւնների ու հրադադարի խախտման դէպքերի յաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղւած ապակայունացնել իրադրութիւնը հակամարտ զօրքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղութիւնը:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը հերթական անգամ Բաքւին յիշեցնում և նախազգուշացնում է, որ ադրբեջանական կողմի՝ ԼՂՀ անվտանգութեանը սպառնացող և շփման գօտում իրադրութեան ապակայունացմամբ յղի ամէն մի գործողութեան այսուհետ ևս կտրւի համարժէք պատասխան:

Tert.am

0 Պատգամ: