Ռուբէն Հախվերդեան.–
Լեզուն էլ որ ծախենք, ռուսները լաւ կհագնեն մեզ


Յունիս 02, 2010 13:32
«Ինչպէ՞ս կարելի է ռուսական դպրոցներ բացել. առանց էդ էլ մենք ռուսա–քծնանքով ենք զբաղւած, զզւեցինք դրանից»,- Յունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակէտ յայտնեց Ռուբէն Հախվերդեանը՝ խօսելով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու թեմայի շուրջ։
Նրա խօսքով, եթէ մենք կորցնում ենք հայերէնը (իսկ նրա խորին համոզմամբ մենք այն կորցնում ենք), ապա կորցնում ենք նաեւ «մեր մաշկը, մեր պաշտպանական շերտը»:
«Եթէ լաւ չգիտես քո լեզուն, դու ոչինչ չես կարող անել։ Մեր ժողովուրդն այսօր չի կարողանում նոյնիսկ ճիշտ շարահիւսութիւն արտաբերել»,- նշեց Հախւերդեանը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի դժբախտութիւնը սկսւեց КВН-ներից, որոնց ժամանակ, երգչի խօսքով, Հայ «կավեենշիկներից» իւրաքանչիւրը փորձում էր միւսներից աւելի սրամիտ ռուսերենով կատակել։
Հախւերդեանի խորին համոզմամբ, մեր լեզուն է մեր հայրենիքը, ոչ թէ «սարերն ու լանդշաֆտները»: «Արդէն ամէն ինչ ծախւած է, մնում է լեզուն։ Եթէ դա էլ կորցնենք, լեզուն էլ որ ծախենք, ռուսները լաւ կհագնեն մեզ, ու ամէն ինչ դրանով էլ կը վերջանայ։ Առանց էդ էլ մենք նրանց գաւառն ենք, առանց էդ էլ նրանց բազաներն այստեղ խրւած են, առանց էդ էլ, երբ ուզեն, գազը կանջատեն ու կմիացնեն»,- նկատեց երգիչը՝ աւելացնելով, որ հայ ազգի համար իր լեզուն կորցնելը կործանանարար հետեւանքներ կարող է ունենալ։
Իսկ ահա ջազմէն Արմէն Թութունջեանը կողմ է օտարալեզու դպրոցների՝ մասնաւորապէս ռուսական դպրոցների բացմանը։ «Եթէ անգամ փոքր երեխային հարցնես՝ մէկ լեզու իմանալն է լաւ, թե երկու, երեխան կպատասխանի՝ երկու»,- համոզմունք յայտնեց նա՝ միաժամանակ աւելացնելով, որ անգլերէնը հայ ժողովրդին երբէք այնքան հարազատ չի դառնայ, որքան ռուսերէնը։

«Լուրեր Հայաստանից»

0 Պատգամ: