Էրդողանն Իսրայէլին հասցէագրւած իր բոցաշունչ ճառում չմոռացաւ նաև հայերին

13:45 • 02.06.10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երէկ իր գլխաւորած «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան նիստի ժամանակ կոշտ քննադատութեան էր ենթարկել և սպառնացել Իսրայէլին` Գազայի հատւած հումանիտար օգնութիւն տեղափոխող նաւերի ուղևորների և իսրայէլցի զինւորների միջև տեղի ունեցած միջադէպի համար:
Zaman օրաթերթի փոխանցմամբ` իր երկարաշունչ ճառի ընթացքում Թուրքիայի վարչապետը խօսել է նաև օրեր առաջ Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցելութեան մասին` իր կուսակիցներին յիշեցնելով արգենտինեան այցելութիւնը չեղեալ յայտարարելու պատճառները:
«Ինչպէս որ մենք ենք կարևորում իւրաքանչիւր երկրի արժէքները և հանդուրժողաբար մօտենում դրանց, իւրաքանչյիւր երկիր էլ պէտք է նոյն կերպ մօտենայ մեր արժէքներին: Բնականաբար, օգտակար եմ համարում ևս մէկ անգամ յիշեցնել սա` հայկական Սփիւռքի նման գործողութիւնները, յստակ ասում եմ, որևէ օգուտ չեն կարող բերել ոչ Հայաստանին, ոչ Հայ ժողովրդին, ոչ էլ երրորդ երկրներին: Ընդհակառակը` վնաս են բերում: Սփիւռքի գործողութիւններն ինչքան որ դժւարին կացութեան մէջ են դնում Հայաստանին, այնքան էլ անպատասխանատու ձևով դժւարին վիճակի մէջ են դնում երրորդ երկրներին, ինչպէս եղաւ Արգենտինայի դէպքում: Բոլոր նրանք, ովքեր յանուն ներքաղաքական շահերի անձնատուր են լինում հայկական Սփիւռքին և դառնում նրա գերին, յոյսով եմ՝ շուտով կտեսնեն՝ ինչքան վնաս են տալիս և՛ Հայաստանին, և՛ իրենց երկրներին»,- յայտարարել է Թայիփ Էրդողանը:
Յիշեցնեք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լատինաամերիկեան շրջագայութեան շրջանակում չեղեալ էր յայտարարել մայիսի 30-31-ն Արգենտինա նախատեսւած այցելութիւնը: Այցը չեղեալ էր յայտարարւել այն պատճառով, որ արգենտինահայ համայնքի ջանքերով Բուենոս Այրէսի իշխանութիւնները հրաժարւել էին քաղաքում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:


Tert.am

0 Պատգամ: