Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը երկրպագում են Բրազիլիայի հաւաքականին

Յունիս 12, 2010 19:56
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը հետեւում է յունիսի 11-ին Հարաւաֆրիկեան հանրապետութիւնում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնութեանը, եւ հանդիսանում Բրազիլիայի հաւաքականի հին երկրպագուն։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանեանը՝ յաւելելով, որ վարչապետի կարծիքով՝ Բրազիլիան աւանդաբար գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում եւ հէնց նա էլ, ամենայն հաւանականութեամբ, կդառնայ ֆուտբոլի աշխարհի առաջնութեան յաղթողը։
Բրազիլիայի հաւաքականի երկրպագու է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը եւս հետեւում է ֆուտբոլի առաջնութեան խաղերին։ Նախարարի կարծիքով, ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը հրաշալի առիթ է աշխատանքին զուգահեռ վայելել լաւագոյն խաղի բերկրանքը։ «Ինձ համար արդիւնքը երկրորդական է։ Ֆուտբոլ դիտելն ինձ համար պարզապէս ընկերների եւ ընտանիքի հետ լաւ ժամանակ անցկացնելու լաւ առիթ է։ Ինքս նախընտրում եմ հարաւամերիկեան կամ աֆրիկեան թիմերի, որոնք միշտ չէ, որ արդիւնաւէտ են խաղում, սակայն իրենց գեղեցիկ ելոյթներով ուրախացնում են երկրպագուներին»,- ասաց ԿԳՆ նախարարը՝ աւելացնելով, որ իր կարծիքով աշխարհի առաջնութիւնում կյաղթեն Բրազիլիայի, Կոտ դՙ Իվուարի կամ Պորտուգալիայի հաւաքականները, թէեւ դրանք «ցաւօք, բոլորն էլ ընդգրկւած են մի ենթախմբում»։
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը եւս, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Անժելա Մարտիրոսեանի փոխանցմամբ, հետեւում է աշխարհի առաջնութեան ընթացքին։ «Նա հետեւում է խաղերին եւ երկրպագում Իսպանիայի եւ Արգենտինաի հաւաքականներին»,- տեղեկացրեց նա։
Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանը առաւելապէս նախընտրում է Բրազիլիայի եւ Արգենտինայի հաւաքականներին, քանի որ այդ թիմերը, ըստ նրա, իր «հոգուն յարիր են խաղում»: Թէ ո՞ր երկրի հաւաքականը կդառնայ աշխարհի չեմպիոն՝ Ղուկասեանն առայժմ չասաց, նշելով, թէ մի քանի խաղի հետեւելուց յետոյ նոր կարող է կանխատեսում անել։ Գիւմրու քաղաքապետն, ի դէպ, բուկմէյքերական գրասենեակներում խաղադրոյքներ չի կատարում։ «Ես հեռու եմ նման բաներից»,- նկատեց Ղուկասեանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: