Աբդուլլահ Գիւլ.–
Թուրքիայի նպատակը Եւրամիութեանը անդամակցելն է


Գիւլը հերքում է այն, որ Թուրքիայի արտաքին
քաղաքականութեան ուղեգիծը փոխւել է

Յունիս 13, 2010 21:16
Թուրքիայի նախագահը, անդրադառնալով վերջին շրջանում շրջանառւող այն խօսակցութիւններին, թէ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան ուղեգիծը փոխւել է, նշել է, որ Թուրքիան չի շեղւել իր նախանշած ուղեգծից։
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը յայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմնական նշանակէտը՝ Եւրամիութեան եւ Եւրոպայի հետ ինտեգրւելն է։ «Մեր այս նպատակից նոյնիսկ մի փոքր շեղման մասին խօսք չի կարող լինել։ Իրականութիւն է, որ վերջին շրջանում Եւրամիութեան անդամակցութեան ճանապարհին զգալի հատւած ենք յաղթահարել»,-նշել է Աբդուլլահ Գիւլը։
Թուրքիայի նախագահը իր խօսքում չի ընդունել այն տեսակէտը, որ Թուրքիան սերտացնելով յարաբերութիւնները արեւելեան երկրների հետ, գնում է այլ աշխարհ։ «Քննադատելի քայլ չէ, երբ հետաքրքրութիւն ես ցուցաբերում այն երկրների նկատմամբ, որոնց հետ պատմութեան ընթացքում ընդհանուր շահեր ես ունեցել։ Եթէ Թուրքիան դառնայ ԵՄ-ի լիիրաւ անդամ, Թուրքիայի այդ շահերը կդառնան Եւրամիութեան համար հարստութեան պէս մի բան»- ամփոփել է Թուրքիայի նախագահը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: