Հայաստանն աւարտւում է այնտեղ, որտեղ չեն խօսում հայերէն


«Մեծ ջանքերով պահում ենք մեր սփիւռքի դպրոցները, բայց մեր հայրենիքը էս գործով դաւաճանում է մեզ բոլորին»

«Սա մենք դասում ենք ազգային դաւաճանութեան շարքին»


14:36 • 07.06.10
Կառավարութեան նիստերի դահլիճի մօտ այսօր տեղի ունեցաւ բողոքի ակցիա, որը կազմակերպել էր «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութիւնը։ Բողոքի ակցիային մասնակցում էին հանրութեանը յայտնի մի շարք դէմքեր, որոնց հետ զրուցել է Теrt.am–ի թղթակիցը։
«Կարծում եմ, որ իշխանութիւնները փորձում են քայլ առ քայլ, թիզ առ թիզ յանձնել մեր ազատութիւններն ու անկախութիւնը և յանձնել ոչ բարի կամքով, բնականաբար։ Իրենք վճարում են մեր ապագայով, մեր անցեալով, մեր արժանապատւութեամբ և տւեալ դէպքում հէնց անկախութեամբ, որովհետև Հայաստանն այնտեղ է, որտեղ խօսում են հայերէն։ Հայերը կարող են ապրել ուրիշ երկրներում, դա մեր պատմութեան ելևէջների պատճառով էր, և դա իւրայատուկ ինչ–որ ապահովութիւն է ստեղծում, գուցէ դրա մասին արժէ խօսել, բայց Հայաստանն աւարտւում է այնտեղ, որտեղ չեն խօսում հայերէն։
Այսինքն, սա ոտնձգութիւն է այն ամէնի հանդէպ, յանուն ինչի պատերազմն էր մղւում, յանուն ինչի զոհաբերում էին իրենց կեանքը մեր տղաները, յանուն այն բանի, ինչ մենք երազում էինք 1988 թւականին։ Սա մենք դասում ենք ազգային դաւաճանութեան շարքին»,– իր կարծիքը յայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալեանը։ Նա նաև նշեց, որ իրենք թոյլ չեն տալու, որ կեանքի կոչւի օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնութիւնը։
«Այսօր Հայաստանի հանրապետութիւնը շուռ է գալիս պետական այրերի միջամտութեամբ և օտարների ճնշման տակ։ Որքանո՞վ է այլևս անկախ ՀՀ–ն։ Սա հայե՞րի պետութիւնն է, թէ՞ ոչ, վերջիվերջոյ։ Հայերի պետութիւնն առանց հայերէնի անհնար է։ Շատ ոլորտներում հայերէնը ոտնակոխւած է, անյարմար եմ զգում»,– նշեց լրագրող, պատմաբան Գէորգ Եազըճեանը։
«Չգիտենք՝ քառօրեայի որ մասում է քննարկւելու օրէնքը, բայց մենք ուզում ենք որ այս պահից բոլոր պատգամաւորները և հանրութիւնը հասկանան, որ մենք այս հարցում անզիջում ենք, որ այս օրինագիծը չպէտք է ընդունւի։ Աւելին, մենք բոլոր այն պաշտօնեաների հրաժարականն ենք պահանջում, որոնք կողմ են արտայայտւում այս նախաձեռնութեանը և չեն փոխում իրենց կարծիքը»,– իր հերթին տեղեկացրեց նախաձեռնութեան անդամ, լրագրող Արմէն Յովհաննիսեանը։
Նրա խօսքով, իրենք հանդիպել են ԱԺ համապատասխան յանձնաժողովի պատգամաւորների հետ. «Մենք որևէ մէկի հետ չենք ուզում թշնամանալ, ուղղակի ուզում ենք բացատրել մեր դիրքորոշումը, այս նախագծի վտանգաւորութիւնը»։
Ամերիկահայ Արմինէ Կոնդակչեանը, Հայաստան գալով տեղեկացել է այս նախաձեռնութեան մասին, որոշել է միանալ ակցիային։«Մեծ ջանքերով պահում ենք մեր սփիւռքի դպրոցները, բայց մեր հայրենիքը էս գործով դաւաճանում է մեզ բոլորին։ Դրա համար շատ–շատ յուզւած եմ։ Սրանով մեր ամբողջ արածը ջուրն է ընկնելու։ Եթէ մենք պէտք է Սփիւռքում այդքան դպրոցները պահենք, երեխաներին հայերէն սովորեցնենք, յետոյ մեր երկրում ուզում են օտար լեզւով դպրոցներ բացենք, անընդունելի է»,– ցնցւած էր ամերիկահայ տիկինը։
ԱԺ «Ժառանգութեան» պատգամաւոր Զարուհի Փոստանջեանը մեր հարցին ի պատասխան նշեց, թէ չի բացառւում, որ խորհրդարանն ընդունի յիշեալ օրինագիծը։
«Իրենցից հեռու չի նման օրինագծերի անցկացումը, տեսնենք։ Մենք բոլորս ականատեսն ենք եղել և ապրել ենք այն ժամանակաշրջանում, երբ ռուսական դպրոցները կամաց–կամաց գերիշխեցին մեր հայկական դպրոցների նկատմամբ և այս օրինագծով, ես ենթադրում եմ, որ նման իրավիճակ կստեղծւի, և մեր լեզուն նորից մեզանից կօտարւի»,– յայտարարեց Փոստանջեանը։
Ցուցարարներից այն կողմ՝ ՀՀԿ գրասենեակի առջև կանգնած ՀՀԿ պատգամաւոր Կարէն Աւագեանից հետաքրքրւեցինք, թէ որքանով է հիմնաւորւած համարում բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհութիւնը։ «Ես հիմնաւորւած համարել չեմ կարող։ Սա ուղղակի այս մարդկանց կարծիքն է, որոնք իրենց կարծիքը փորձում են արտայայտել այս ակցիայի ձևով։ Նրանց կարծիքներին ծանօթ ենք։ Այն մտահոգութիւններն ու մտավախութիւնները, որոնք ներկայացնում են, անձամբ ես չեմ կիսում, որովհետև նման վտանգ ու նման խնդիր չի կարող լինել։ Հայաստանի պետական լեզուն հայերէնն է, Հայաստանում բոլորը խօսում են հայերէն, իսկ լեզւի իմացութիւնը, եթէ առաւելութիւն չի, ապա հետընթաց էլ չի»,– նշեց Կարէն Աւագեանը։
Ժիրայր Սեֆիլեանը մեզ հետ զրոյցում օրինագիծը համարեց վտանգաւոր։
«Մեր անկախութիւնն օր օրի անցեալ տարիներից ի վեր խլւել է և այսօր էլ խլւում է մեր ձեռքից։ Այս օրինագիծը ապացուցում է դա, որովհետև լեզուն որևէ պետութեան ռազմավարական նշանակութիւն ունեցող գլխաւոր կէտերից մէկն է, և այս իմաստով սա շատ ռազմավարական խնդիր է։ Եւ այս պատճառով է, որ մենք բոլորս այսօր այստեղ կանգնած ենք՝ անկախ քաղաքական հայեացքներից»,– ընդգծեց Ժիրայր Սեֆիլեանը:
Ցուցարարների աղմուկի ներքոյ ՀՀԿ–ական պատգամաւոր Էդւարդ Շարմազանովը լրագրողների հետ զրոյցում վստահեցրեց. «Մենք բոլորս պէտք է այնպէս անենք, որ դպրոցը Հայաստանում հայրենասիրութեան օջախ լինի, բայց միւս կողմից էլ մենք չպէտք է ծայրայեղականացնենք այս վիճակը ու մեր մէջ փնտրենք դաւաճաններ, հայրենասէրներ։ Կնստենք, կոնստրուկտիւ կքննարկենք և այս խնդիրը կլուծենք»։
«Ժառանգութեան» պատգամաւոր Անահիտ Բախշեանն ասաց, թէ մինչև պատգամաւորները չքննարկեն նախագիծը, ինքը չի կարող վստահել դրան։ «Այս պահին օրէնքի մէջ առաջարկութիւններ կլինեն, տեսնենք վերջնական ինչ տեսք կունենայ, նոր կասենք, բայց այս տեսքով դէմ ենք օրինագծին»,–ասաց մասնագիտութեամբ մանկավարժ Անահիտ Բախշեանը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին մօտեցան նաև ՀՅԴ–ական պատգամաւորներ Վահան Յովհաննիսեանն ու Արմէն Ռուստամեանը։ Երիտասարդները նրանց տւեցին իրենց առաջարկութիւնների փաթեթը։

Tert.am

0 Պատգամ: