Դաշնակցութիւնը «ո՛չ» է ասում օտարալեզու դպրոցներին


«Մենք հիմնաւոր ասում ենք` ոչ, որովհետև ունենք այն համոզումը, որ Հայաստանի Հանրապետութիւնում հանրակրթութեան լեզուն պէտք է լինի մեր մայրենին»,- Aysor-ի հետ զրոյցում հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ-ում կրթութեան, գիտութեան, մշակոյթի, սպորտի և երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստեանը:
Ըստ Լ. Գալստեանի` Դաշնակցութեան «ոչ»-ը կախւած է նաև այն հանգամանքից, թէ «ի՞նչ քաղաքական պատւէր է ընկած այս փաթեթի թիկունքում»:
«Այս փաթեթի թիկունքում, իրօք, պէտք է քաղաքական պատւէր լինէր, և այդ պատւէրը պէտք է լինէր լեզւամշակութային քաղաքականութեան շրջանակներում, որ էլ աւելի կամրապնդեր մայրենիի, Հայոց լեզւի դերը` որպէս սահմանադրօրէն ամրագրւած պետական լեզու, այնինչ` մենք չգիտես ինչ քաղաքական պատւէր ենք իրականացնում»,- մանրամասնեց Լ. Գալստեանը:
Պատգամաւորը նշեց նաև, որ օրինագծում յստակ չի ներկայացւում օտարալեզու դպրոցները վերաբացելու սոցիալական պատւէրը: Ըստ նրա` «այսօր սոցիալական պատւէրը ոչ թէ օտարալեզու դպրոցների հիմնադրումն է, այլ հանրապետութիւնում հանրակրթութեան ու ընդհանրապէս օտար լեզուների դասաւանդման և դրանց իմացութեան բարձրացման խնդիրը»: Նա նշեց նաև, որ «Հանրակրթութեան մասին» գործող ՀՀ օրէնքը «լիարժէքօրէն հնարաւորութիւն տալիս է թէ’ աւագ դպրոցում, թէ’ միջին դպրոցում կրթութիւնն այնպէս կազմակերպելու, որ օտար լեզուների իմացութեան խնդիրները լուծւեն»:
«Եթէ խօսքը վերաբերում է միջազգային համագործակցութեանը, միջկառավարական ու միջպետական համաձայնագրերին, բոլորովին յստակ չէ, կա՞ն արդեօք այդ համաձայնագրերը և կայ այն պատւիրատուն, որը Հայաստանում օտարալեզու դպրոց կը հիմնադրի: Եթէ խնդիրն այն է, թէ մենք ուզում ենք մրցունակ լինել միջազգային կրթական շուկայում և ինտեգրացիոն շուկայում, ես չեմ գտնում, թէ լեզուն մրցակցային արժէք է, մրցակցային արժէք է կրթական համակարգը»,- օրէնքում առկայ միւս մտավախութիւններին անդրադառնալով` մանրամասնեց Լ. Գալստեանը:
Պատգամաւորը նշեց նաև, որ օրէնքում մարտահրաւէր է տեսնում նաև ազգային անվտանգութեան դէմ, որովհետև «3 միլիոնանոց Հանրապետութիւնում, որտեղ երիտասարդութեան 70 տոկոսն իր ապագան Հայաստանի հետ չի կապում, օտարալեզու դպրոցներ բացելով` չենք կարող երաշխաւորել, որ հետագայում այդ 15 դպրոցը մէկ այլ քաղաքական որոշումով 35 չի դառնայ և այլ»:

ԱՅՍՕՐ, 20:57
Aysor.am

0 Պատգամ: