Ուզում են նմանւել Ջէնիֆեր Լոպէզին
Պլաստիկ վիրաբուժութեան հայկական առանձնայատկութիւնները

16:32 • 02.06.10
«Գալիս են երիտասարդ աղջիկներ՝ Ջէնիֆէր Լոպէզի կամ Պամելա Անդերսենի նկարով և ասում են՝ այսպիսի ուրւագծեր ենք ուզում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պլաստիկ վիրաբուժութեան հայկական դրսևորումների մասին խօսելիս յայտարարեց ՀՀ պլաստիկ վիրաբոյժների ասոցացիայի նախագահ Արմէն Յովհաննիսեանը՝ աւելացնելով, որ Հայաստանում պլաստիկ վիրաբոյժներին դիմում են նաև աբսուրդ ցանկութիւններով։
Լրագրողների հետ հանդիպմանը պլաստիկ և էսթէտիկ վիրաբուժութեան ոլորտի երեք մասնագէտներ ներկայացրեցին Հայաստանում այդ բնագաւառի զարգացումն ու խնդիրները։
«Նայիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ, էսթէտիկ վիրաբոյժ Աշոտ Զարգարեանը նշեց, որ թէ՛ պլաստիկ, և թէ՛ էսթէտիկ վիրաբուժութեան հիմքում դրւած է նոյն կրթութիւնը։ Պլաստիկ վիրաբոյժների ասոցացիայի նախագահ Արմէն Յովհաննիսեանը պարզաբանեց, որ աշխարհում պլաստիկ վիրաբուժութիւնը բաղկացած է երկու ճիւղերից՝ վերականգնողական և էսթէտիկ։ Առաջինը, ըստ մասնագէտի, զբաղւում է բնածին արատների շտկմամբ, վնասւածքներից, ուռուցքներից յետոյ հիւսւածքների վերականգմամբ, իսկ էսթէտիկ վիրաբուժութիւնն աշխատում է մարդու արտաքին տեսքի վրայ։ «Դա գեղագիտական վիրաբուժութիւնն է»,– նշեց նա։
Մասնագէտների խօսքով, Հայաստանում պլաստիկ և էսթէտիկ վիրաբուժութիւնը բուռն զարգացում է ապրում։ Պլաստիկ և էսթէտիկ վիրաբոյժներին դիմում են առաջին հերթին քթի, ապա կրծքի, պրոթեզաւորման, ձգման, տղամարդկանց մօտ՝ որովայնի շրջանի լիպոկսացիայի համար։ Վիրաբոյժ Աշոտ Զարգարեանի տեղեկացմամբ, 2009թ. 2008թ. համեմատ, նման վիրահատութիւնների թւի եռակի աճ է արձանագրւել։ Այսօր այդ վիրահատութիւններին դիմողների քանակը մի քանի հազարի է հասնում։
«Գեղեցիկ լինելու ցանկութիւնը միշտ եղել է, միշտ կայ և միշտ էլ կլինի, կարող էք չկասկածել։ Այստեղ ուղղակի պէտք է ճիշտ հասկանանք, որ սա առաջին հերթին բժշկութիւն է, վիրաբուժութիւն՝ իր բոլոր օրէնքներով, և բոլոր այն դէպքերում, երբ խախտւում են այդ օրէնքները, գերագնահատւում են բժշկի հնարաւորութիւնները կամ չափազանցւում են ցուցումները, անպայման պատժւում են և՛ բժիշկը, և՛ հիւանդը»,– յայտարարեց Հայաստանի պլաստիկ վիրաբուժութեան ասոցացիայի նախագահ Արմէն Յովհաննիսեանը։
Ի դէպ, մասնագէտի խօսքով, նման վիրահատութիւնների դիմողների մէջ վերջին տարիներին աւելացել է տղամարդկանց թիւը։
Քանաքեռ–Զէյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժութեան բաժնի վարիչ Կարէն Դանիէլեանի խօսքով, պլաստիկ և էսթէտիկ վիրահատութիւններից յետոյ բարդութիւնների հաւանականութիւն կայ, ուստի մինչև վիրահատութիւնը հարկաւոր է հիւանդին ներկայացնել խնդրի բոլոր մանրամասներն ու հնարաւոր հետևանքները։
Ինչ վերաբերում է գներին, մասնագէտները հաւաստեցին, որ, օրինակ, Մոսկւայի նմանատիպ կլինիկաների համեմատ Հայաստանում գները 5–10 անգամ էժան են։ Պլաստիկ և էսթէտիկ վիրաբուժութեանը դիմելու դէպքերի աւելացման պատճառը, մասնագէտների խօսքով, թէ՛ կենսամակարդակի բարձրացումն է, թէ՛ այն, որ հիմայ մարդիկ ինֆորմացիայի ստացման աւելի մեծ հնարաւորութիւններ ունեն։

Tert.am

*** Դժբախտաբար չեմ կարող տեղադրել Ջէնիֆէր Լոփէզից այնպիսի (մանրամասութիւններով) լուսանկար՝ որին նմանւելու համար են պլաստիկ գործողութեան դիմում կանայք ու աղջիկները։

0 Պատգամ: